«Մենք զրկվեցինք 700 մլն-անոց շուկայից, իբրեւ թե ստանալով 170 մլն-անոց շուկա: Ինչի մասին էլ խոսենք՝ կոռուպցիա, իշխանափոխություն եւ այլն, դրանք բոլորը տասներորդական խնդիրներ են, հաշվի առնելով, որ մեզ պարտադրվեց ինչ-որ հարաբերություններ հաստատել ինչ-որ ԵՏՄ միավորման հետ»,- այսօր «Հայացք» ակումբում ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը նորից խոսեց ԵՏՄ վտանգների մասին:
Նրա խոսքերով՝ «Հայկական պետության մեջ հետապնդումներ կարող են լինել, բայց դա չի կարող լինել մարդու՝ հայ պատկանելության պատճառով: Կալանավորին (նկատի ունի ռուս զինվորական Վալերի Պերմյակովին,- Հ. Ջ.) հանձնել-չհանձնելու հետ կապված հայ մարդիկ զգում են, որ վտանգված է պետականությունը: Ինչի մասին էլ ցույց անեն, վանկարկեն, մարդկանց գիտակցության մեջ այն տագնապը կա, որ մեր ազգային անվտանգությանն է լուրջ վտանգ սպառնում»:
Նա արժանապատիվ որակեց գյումրեցիների պահվածքը եւ բութ՝ ոստիկաններինը:
«Երեկ ՀՀ դրոշներն են հավաքել, սա արդեն վերջն է: Ոստիկանները եկել են, Ազատության հրապարակում ում ձեռքին դրոշ կա՝ ձերբակալել, կալանավորել: Սա, իհարկե, անշնորհքություն ասելը մեղմ է, բայց ցույց է տալիս, որ ոստիկանական համակարգը բթացման փուլում է»,- ասաց Հայրիկյանը:
Կարդացեք նաև
Ըստ նրա, երեկվա ընդվզումները, բողոքը կարող էին նվազագույնի հասցվել, եթե երկիրը զգար, որ նախագահ ունի. «Նախագահ չկա, կա Պուտինի խամաճիկ: Ըստ Հայրիկյանի, եթե սգո օր հայտարարվեր, դրանով ցույց կտրվեր, որ ցավակցում է: Ես տվյալներ ունեմ՝ 19 հազար բռնի ուժով սպանված հայի դիակ է բերվում Հայաստան: Հիմա ռուսները վարժվեցին, որ հայերին կարող են Հայաստանում սպանել, ինչո՞ւ միայն Ռուսաստանում»:
Նրա դիտարկմամբ՝ ռուսներն ուզում են իրականացնել Հայաստանն առանց հայերի ծրագիրը:
Aravot.am-ի հարցին՝ Գյումրիի դեպքի հետ կապված բազմաթիվ վարկածներ են շրջանառվում, որ Պերմյակովը եղել է Ադրբեջանի լրտեսը, որ ուզում են այստեղ հակառուսական տրամադրություններ ստեղծել, որ մարդասպանը մենակ չի գործել, հանցախումբ է աշխատել եւ այլն, Դուք ո՞ր վարկածին եք հակված՝ Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Վերջնական որեւէ գնահատական տալ հնարավոր չի: Ավելի քան ակնհայտ է, որ գրեթե բոլոր զոհերը մահճակալում են եղել: Եթե մեկ հոգի լիներ հանցագործություն կատարողը, մյուսները կփորձեին գոնե շարժվել, ինչ-որ բան անել: Դա է կասկած առաջացնում: Հետո զենքը թողնելը, հանցագործությունը դիտավորյալ թողնում է իր անձը հաստատող փաստե՞ր: Ընդհանրապես պուտինյան Ռուսաստանը ՀՀ-ում ունի փաստաբանների բանակ: Վերջին 150 տարում ՌԴ-ի հայտնվելուց սկսած դեռ ավելի վաղ, Պետրոս Մեծը փոխանցել էր՝ կոտորեք հայերին: Այն ժամանակ հայերը կազմում էին բնակչության 2 տոկոսը: Հիմա կազմում են աշխարհի բնակչության 0.2 տոկոսը: Ռուսների՝ տարածաշրջանում հայտնվելուց հետո մեր ժողովրդագրական վիճակն իսկապես փոխվել է: Ես իմ անձնական փորձով գիտեմ, թե ինչ է նշանակում ռուսական իմպերիալիզմ»:
Անդրադառնալով ռուսական լրատվամիջոցների արձագանքին՝ երեկվա իրադարձությունների մասին, մասնավորապես այն, որ փորձում էին ներկայացնել, թե ընդդիմությունն է հրահրում բախումները՝ փորձելով հասնել Սերժ Սարգսյանի իշխանափոխությանը՝ Պարույր Հայրիկյանն ասաց. «Ռուսական ԶԼՄ-ները դրանով փորձում են կանխարգելել հնարավոր զարգացումները: Բոլորին ակնհայտ է, որ քաղաքական ուժերը չեն հրահրել, հրապարակային կոչերով հանդես չեն եկել»:
Պարույր Հայրիկյանը դարձյալ հիշեց իրեն կրակելու դեպքը եւ դրա շուրջ մեկնաբանությունները. «Զգալի թվով մարդիկ վնգստում էին, որ Հայրիկյանն ինքն է իր վրա կրակել: Այդ մարդկանցից ոչ մեկը չկանգնեց ու չասեց ներողություն, ես սխալ եմ արել: Իմպերիալիստական ՌԴ-ի դեմ որեւէ խոսակցություն պետք է պատժվի»:
Հայրիկյանը նաեւ հայտարարեց. «Ես ռուսական ռազմաբազաները հանելու ջատագովն եմ այսօր: Հայաստանյան որեւէ քաղական ուժ գործնական քայլեր այդ իմաստով չի արել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ