Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Շիրխանյան. «Վստահ եմ, որ դա շատ ծանր հարված էր նաեւ ռուսական բազայի եւ ՌԴ պաշտպանության նախարարության համար». «Ժողովուրդ»

Հունվար 16,2015 12:02
shirxanyan

ՀՀ  պաշտպանության  նախարարի  նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը «Ժողովուրդ»-ի  հետ  զրույցում հայտարարեց, թե վստահ է, որ Ռուսաստանի Դաշնությունը շատ խիստ է վարվելու Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամներին սպանած Վալերի  Պերմյակովի հետ։

 – Պարոն Շիրխանյան, Գյումրիում տեղի ունեցած սահմռկեցուցիչ սպանդից հետո գյումրեցիները ՀՀ իրավապահ համակարգից պահանջում են հանցագործին դատել Հայաստանում։ Սակայն մինչեւ այժմ բացի խոստումներից, որ ՀՀ իրավապահներն ամեն ինչ անելու են, որպեսզի հանցագործը պատժվի, այլ բան չեն հայտարարել։ Ըստ Ձեզ՝արդյո՞ք ՀՀ իշխանություններին կհաջողվի կատարել ժողովրդի պահանջը եւ թույլ չտալ, որ հանցագործին դատեն Ռուսաստանում։

– Նախ շատ դաժան դեպք է, շատ ծանր ողբերգություն է, ցավալի ու բոլորի համար անցանկալի իրողություն։ Ռուսական բազայի մասին պայմանագիրն ունի հավելվածներ, դրանցից մեկը կարգավորում է իրավաբանական խնդիրները, ըստ դրա, եթե ռուսական բազայի ծառայողը հանցագործություն է կատարում ՀՀ-ի տարածքում, ենթակա է ՀՀ-ի իրավապահ մարմիններին։ Եթե Հայաստանի քաղաքացին հանցագործություն է կատարում ռուսական բազայի ենթակա տարածքում, ապա նա ենթակա է ռուսական իրավապահ մարմիններին։ Ես այդպես եմ հիշում այդ արձանագրությունը, եթե հիմա դրանում ինչ-որ բան փոխվել է, ես տեղյակ չեմ։ Բայց տրամաբանությունն ասում է, որ եթե նա հանցագործություն է կատարել ՀՀ քաղաքացու դեմ, ՀՀ տարածքում, ապա նա պետք է ՀՀ օրենքներով ենթարկվի պատասխանատվության։

– Փաստորեն ստացվում է, որ ՀՀ իրավապահ համակարգի ոչ պրոֆեսիոնալ աշխատանքի պատճառո՞վ է նման իրավիճակ ստեղծվել։

– Ես դա միայն հիշելով եմ ասում, եթե ոչ մի բան չի փոխվել, եւ հայելային սկզբունքով է դա կազմված, ապա պետք է այդպես լինի, եթե փոխվել է, ապա իրենք չեն կարող դրանից դուրս քայլեր անել, որովհետեւ բոլոր իրավաբանական խնդիրները կարգավորվում են այդ արձանագրությունով։

Ես վստահ եմ, որ դա շատ ծանր հարված էր նաեւ ռուսական բազայի եւ ՌԴ պաշտպանության նախարարության համար, ու իրենք շատ խիստ են վարվելու նրա հետ, որովհետեւ մի մարդու պատճառով հարցականի տակ են դրվում հսկայական խնդիրներ։ Ես կասկած չունեմ, որ նա ծանր պատիժ է կրելու, շատ ծանր, լինի դա ՌԴ-ում, թե Հայաստանում, դա կապ չունի։ Այնքանով է դա մեզ համար կարեւոր, որ մենք շատ ծանր ցավ ենք ապրել ամբողջ ընտանիքի համար ու ուզում ենք մեր աչքերով տեսնել, թե ինչպես է նա պատժվում։ Բայց ես էլի եմ ասում՝ չեմ կարծում, որ Հայաստանի դատարանը շատ ավելի խիստ կլիներ, քան ՌԴ-ինը:

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031