ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի երեկվա ասուլիսը մատնոց ֆռցնողի սեանս էր հիշեցնում։ Նա պիտի շատ հստակ պատասխան տար ընդամենը մեկ հարցի. Գյումրիի սպանդի հեղինակ Պերմյակովին Հայաստանի դատարանը դատելո՞ւ է, թե ոչ։ Հայաստանի իշխանությունները միջոցներ ձեռնարկելո՞ւ են նրան ստանալու եւ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում, Հայաստանի օրենքներով կալանքի տակ պահելու համար։
Պիտի նաեւ հստակ բացատրություն տար, թե ինչո՞ւ Հայաստանի իրավապահ մարմինները 12 ժամ չեն կարողացել Պերմյակովին հայտնաբերել եւ ձերբակալել։
Երեկ առավոտյան Գյումրիում հրավիրված ասուլիսում, փոխանակ այս հարցերին պատասխանի, զավեշտալի կռուտիտներ էր անում ՀՀ գլխավոր դատախազը, անում հայտարարություններ, որ իրենց հերթին նոր հարցեր էին հարուցում։
Երեկ Գյումրիում տեղի ունեցած բախումների գործում այդ մարդու դերը պետք չի թերագնահատել։ Նա ժողովրդի առաջ կանգնել եւ մատնոց է ֆռցնում։
Կարդացեք նաև
Երեկ, օրինակ, այդ նույն ասուլիսի ընթացքում Կոստանյանը հայտարարեց, թե իբր Գյումրի է գնացել քննչական խմբի ղեկավարի հետ, եւ ասվածից կարելի էր տպավորություն ստանալ, թե Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները մտնելու են ռուսական 102-րդ ռազմակայան եւ հարցաքննելու են Պերմյակովին։ Երեկ մինչեւ ուշ երեկո այդպես էլ ոչ մի հաղորդագրություն չեղավ՝ նման հարցաքննություն եղե՞լ է, թե ոչ։
Ավելի ուշ Կոստանյանը դուրս եկավ Շիրակի մարզի դատախազության առաջ հավաքված հազարավոր ցուցարարների առաջ եւ հայտարարեց, որ դիմում կգրի ՌԴ գլխավոր դատախազին, որ Պերմյակովին հանձնեն հայկական կողմին։ Իսկ ավելի ուշ՝ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանին հայտնել էր, թե հայտնի չէ, թե երբ նման գրություն կգրի՝ այսօ՞ր, վա՞ղը, թե երկու ամիս հետո։ Դե արի այսքանից հետո ասա, թե մարդիկ սխալ էին անում, որ հայհոյանքներ էին տեղում Գեւորգ Կոստանյանի հասցեին:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում