Իրավիճակը առավել քան ամոթալի է Հայաստան պետության համար: Ռուս զինծառայողը կասկածվում է Հայաստանի 6 քաղաքացի սպանելու մեջ, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, ողջ հասարակությունը պահանջում է ընդամենը այն, ինչ գրված է Հայաստանի Սահմանադրության և օրենքի, Գյումրիի 102-րդ ռազմակայանի տեղակայման պայմանագրի մեջ, սակայն այդ ամենը վերանում է Հայաստանի ոստիկանության և քաղաքացիների բախումով:
Սա, ըստ էության, մեր պետական անզորության վկայությունն է, վկայությունն այն բանի, որ Հայաստանի իշխանությունները պարզապես անկարող են իրականացնել այն գործառույթները, որոնց իրականացումը նրանց պարտավորությունն է: Օտար երկրի ռազմակայանի զինծառայողը խորհրդավոր և բազում հարցեր առաջացնող պայմաններում գնդակահարում է Հայաստանի քաղաքացիների մի ողջ ընտանիք, իսկ այս ամենի արդյունքում Հայաստանի իշխանությունները հասարակության հետ համախմբված արդարադատություն իրականացնելու, ուժեղ և ամուր դիրքերից զոհերի հիշատակն ու պետական արժանապատվությունը պաշտպանելու փոխարեն, դուրս են գալիս սեփական իսկ ժողովրդի դեմ և ըստ էության կամա, թե ակամա դառնում են հանցագործին հովանավորող ռուսաստանյան իրավապահների, նույնն է թե` հենց հանցագործի պաշտպանը:
Ուղղակի զարհուրելի է սա գիտակցել, գիտակցել, որ այս ամենը տեղի է ունենում մեր երկրում, որ երկու տասնամյակ առաջ լուսավոր գաղափարներով, լուսավոր տեսլականներով, հաղթական պատերազմից դուրս եկած հասարակությունն ու պետությունը այսօր հանգել են այս նվաստացուցիչ վիճակին, երբ Հայաստանի քաղաքացիները, ըստ էության, մնացել են մեն-մենակ անարդարության և ոճրագործության դեմ, ծեծված՝ իշխանությունների և լքված՝ քաղաքական, այսպես ասած, առաջատար ուժերի կողմից, որոնք հերթական կոլեկտիվ լոյալությունն են հայտնում մետրոպոլիային:
Հունվարի 14-ին գյումրեցիները կանգնեցին Հայաստանի արժանապատվության դիրքերում, պահեցին Հայաստանի դեմքը: Հունվարի 15-ին այդ դեմքը ծածկվեց ոստիկանական վահաններով: Տեսնես այդ ընթացքում ինչպիսին էր ռուսական ռազմակայանում դեմքերի արտահայտությունը:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում
Միայն միամիտ, ավելի շուտ հիմար, պետք է լինել հավատալու համար որ Գյումրիի 102-րդ ռազմակայանը մեզ պաշտպանելու է թուրքական, աստված ոչ անի, հարձակման դեպքում։ Կարող է՞ որևե մեկը հիմնավոր պատասխան այն հարցին, թե ինչու ռուս զինվորը կամ սպան իրենց կյանքը պիտի վտանգի ենթարկեն օտար մի երկրի՝ Հայաստանի համար։ Ռուս և հայ ժողովուրդների դարավոր բարեկամություն հորջորջանքը սովետական շրջանից մեզ փոխանցված դատարկաբանություն է, որից պետք է ընդմիշտ ձերբազատվել։ Մենք պետք է ապավինենք ինքներս մեզ վրա, կառուցելով դեմոկրատական հզոր տնտեսություն ունեցող, արտաքին քաղաքականությունում միայն մեր ժողովրդի շահը հետապնդող երկիր, որտեղից ոչ թե կարտագաղթեն այլ կներգաղթեն միլիոնավոր սփյուռքահայեր իրենց հսկայական ներուժով։ Հայրենասիրական մղումներով երկիրը կառավարելու դեպքում, չնայանած մեր բնական սահմանափակ ռեսուրսներին և քանի դեռ գահավիժման պրոցեսը անդաոնալի չէ, Հայաստանը կարող է դառնալ աշխարհ ամենաօրինակելի երկրներից մեկը։