Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ազատության հրապարակում մոմավառությանը մասնակցող քաղաքացիներին համատարած բերման են ենթարկել: Հատկանշական է այն, որ բերման ենթարկվածներից շատերը մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց բերման են ենթարկել առանց պատճառի և նաև քաղաքացիական հագուստով անձինք:
Բոլորն էլ պնդում էին, որ ոստիկանության հիմնական նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն էր, որ մարդկանց խաղաղ հավաքը տապալվի:
Ինչպես տեղեկացրել ենք Ազատության հրապարակից բերման է ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա այս պահին գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժանմունքում: Aravot.am-ի հետ զրույցում ասաց, թե չգիտի՝ ինչու են իրեն բերման ենթարկել ու մանրամասնեց. «Ձեռքերս բռնեցին, ոլորեցին, ուժով հրեցին մեքենա ու բերեցին:
Կարդացեք նաև
Ինձ հետ բերման են ենթարկվել յոթ-ութ հոգի: Հետո բերման ենթարկելը շարունակվում էր»:
Պարոն Իշխանյանը նշեց, թե հիմա ինքը ոստիկանության բաժանմունքում մի սենյակում է գտնվում և իր հետ է բերման ենթարկված Վիգեն Նազարյանը:
Ազատության հրապարակում տիրող իրավիճակը նկարագրելով՝ պարոն Իշխանյանն ասաց. «Հանգիստ վիճակ էր. մարդիկ կանգնած էին ՀՀ դրոշներով և համացանցով դիտում էին Գյումրիի դեպքերը: Հանկարծ քաղաքացիական հագուստով երիտասարդներ ներխուժեցին և առաջին հերթին դրոշ բռնածներին սկսեցին տանել, ուղղակի մարդաորս: Իրավիճակը լարվեց, սկսեց հրմշտոց, այդ ընթացքում սկսեցին մարդկանց բերման ենթարկել»:
Գնահատական տալով կատարվածին՝ պարոն Իշխանյանը եզրափակեց. «Սրա անունը կարելի է դնել բեսպրեդել, մարդաորս»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ