Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են ազգագրագետ Հրանուշ Խառատյանը եւ Ազգային ժողովի պատգամավոր Թեւան Պողոսյանը:
Արամ Աբրահամյան.– Ես ուզում եմ, որ դուք նախ անդրադառնաք, կարելի է ասել, պաշտոնական վարկածին՝ Վալերի Պերմյակովը գնացել է ջուր խմելու, նրան չեն տվել, եւ նա ինչ-որ պատճառով սկսել է կրակել:
Հրանուշ Խառատյան.– Տարօրինակ բան է, չեմ կարծում, թե դա կարելի է պաշտոնական վարկած անվանել, սա կարծում եմ՝ մի պարզ տեղեկություն էր, որ տվեցին, որ հանրային միտքը դրա շուրջը կկառուցվի, ինչ-որ բան պետք է ասեին: Շատ պարզունակ է, անշուշտ, բայց նույնիսկ սրանից կարելի է փորձել տեսական ենթադրություններ անել:
Ա. Ա.– Ինչո՞ւ է փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հնչեցրել հենց այդ տեղեկությունը:
Կարդացեք նաև
Հ. Խ.- Ես չեմ կարող ասել՝ կամ փոխոստիկանապետի միտքն է այդքան պարզունակ, կամ քննիչների միտքը, որոնք պետք է ինչ-որ վարկած առաջադրեին: Այնքան տարօրինակ է ամեն ինչ՝ հանցանքի վայրում թողած իրերը, 21 գնդակ է արձակվել ավտոմատից, 21 գնդակը քնած մարդկանց վրա արձակում են միայն ծանր վրեժի, ատելության, ներքին լարվածության, հատուկ պոռթկումի, ոչնչացնելու մոլուցքի դեպքում: Չգիտեմ՝ քննություն եղե՞լ է, թե՞ ոչ: Քաղաքի փողոցում ավտոմատավոր զինվորը քանի՞ ժամ է քայլել, եւ այդ քաղաքում մի՞թե չկար որեւէ պաշտպանական համակարգ, որը ուշադրություն դարձներ զինված մարդու առավոտյան կողմ քաղաքում քայլելուն:
Ա. Ա.– Մի խոսքով՝ այդ բացատրությունը տիկին Խառատյանին չի բավարարում: Իսկ ձե՞զ:
Թեւան Պողոսյան.- Իսկապես շատ պրիմիտիվ վարկած է: Հասկանալի է, որ հղում էր կատարվում, որ Պերմյակովի պատմածն էր: Ինչքան գիտեմ, որեւէ այդ տեսակի հանցագործություն անելու ժամանակ չեն գալիս հետո ազնվորեն պատմում: Դուռը ծեծում են եւ ջուր են խնդրում, ոչ թե հրացանը հանում են եւ սկսում են գնդակահարել, այն էլ՝ բոլորին: Լավ՝ եթե սպանեց առաջինին, աֆեկտի ազդեցությունն էր, ինչու միանգամից գնդացիրը չգցեց եւ չփախավ, որոշեց, որ պետք է մտնի տուն եւ ինչքան քնած մարդ տեսնի այնտեղ, բոլորին գնդակահարի կամ դանակահարի: Այնպես որ՝ ինձ թվում է` շատ պրիմիտիվ վարկած է այս վարկածը, եւ ինքս էլ կողմնակից եմ նրան, որ վարկածները պետք է իսկապես շատ լինեն, դրանք պետք է լինեն տարբեր՝ սկսած նրանից, որ դա կարող է եւ հատուկ մեր թշնամիների կողմից ձեռնարկած մի գործողություն լինել, որը իր հետեւանքները կունենար վախի մթնոլորտում: Չի ստացվում սահմանի վրա, փորձենք որեւէ քաղաքում նմանատիպ մի խնդիր դնել, այնուամենայնիվ՝ գլխավոր նպատակը հայի սպանությունն է: Պետք է փորձենք պահանջ դնել գործը ոչ թե մեկ օրվա ընթացքում բացահայտեն եւ ասեն՝ վերջ, այս է եղել, եւ ինքը ընդունել է մեղքը, եւ եկենք դատենք, այլ փորձենք ավելի երկար քննություն անել՝ բոլոր հնարավոր եւ անհնարին վարկածների շրջանակներում: Այդ ի՞նչ բարքեր են տիրում ռուսական այդ բազայում, որտեղ մարդիկ կարող են ժամը 3.00-ին իրենց ռազմական, այսպես ասած, խնդիրը լուծելու փոխարեն՝ թողնել պատերի միջոցով փախնել ու գնալ, այն էլ՝ զենքով: Երկրորդ խնդիրը` երբ որ սահմանապահները բռնում են որեւէ մի սահմանախախտի, ո՞ւմ են նրան հանձնում:
Ա. Ա.– Ոստիկանությա՞նը պիտի հանձնեն:
Թ. Պ.– Սա մի խնդիր է, որը պետք է քննարկենք այն իմաստով, որ եթե իտալացի լիներ՝ տալու էինք Իտալիայի դեսպանատո՞ւն, կամ եթե ամերիկացի՝ Ամերիկյան դեսպանատո՞ւն, իսկ ինչո՞ւ է հանձնվել հենց բազային եւ ոչ թե հանձնվել Հայաստանի ոստիկանությանը: Այստեղ մի շարք խնդիրներ են առաջ գալիս, որոնք պետք է մանրակրկիտ քննել, սրանից հետեւություններ անել, եւ բնականաբար՝ ամբողջ հանրային եւ պետական ինստիտուտները պետք է իրենց դասերը քաղեն այս իրավիճակից:
Քննարկումն ամբողջությամբ
Պատրաստեց
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2015