Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը տարբեր պատճառաբանություններով վերադարձրել էր ներկայացված հայցադիմումը

Հունվար 16,2015 15:00

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը`
նախագահությամբ դատավոր Ն. Բարսեղյանի, հունվարի 12-ին դռնբաց դատական նիստում քննեց «Արփա-Էներգիա» ՍՊ ընկերության մասնակից Գրիգոր Գրիգորյանն ընդդեմ Աշոտ Զաքարյանի` վնասի հատուցման պահանջի մասին, ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» 05.12.2014թ. որոշման դեմ «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի մասնակից Գրիգոր Գրիգորյանի (ներկայացուցիչ` Ս. Սիմոնյան) կողմից բերված վերաքննիչ բողոքը:
Դատարանը որոշեց բողոքը բավարարել, առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը վերացնել եւ հայցադիմումը համարել վարույթ ընդունված:

ՀՀ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի 05.12.2014թ. որոշմամբ վերադարձվել էր «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի մասնակից Գրիգոր Գրիգորյանի՝ ընդդեմ Աշոտ Զաքարյանի՝ վնասի հատուցման պահանջի մասին հայցադիմումը:

Հիշյալ որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի մասնակից Գրիգոր Գրիգորյանը:

«Առավոտի» տեղեկություններով, վերաքննիչ բողոքի պատասխան չի ներկայացվել:
Ըստ բողոքաբերի, առաջին ատյանի դատարանը խախտել էր «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը, 144-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ ենթակետը:

Մասնավորապես, դատարանը տարբեր պատճառաբանություններով վերադարձրել էր ներկայացված հայցադիմումը, մի դեպքում՝ բռնագանձման ենթակա կամ վիճարկվող գումարի հաշվարկը ներկայացված չլինելու պատճառաբանությամբ: Սա այն դեպքում, երբ բողոքաբերի դիտարկմամբ, նախկինում նույն հիմքով հայցադիմումը վերադարձնելուց հետո հայցվորի կողմից ձեռք է բերվել պահանջի հիմքում դրված գումարի հաշվարկը, այն է՝ ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի կողմից 16.12.2013թ. կազմված ակտը, որը հայցադիմումին կից ներկայացվել է դատարան:

Փաստորեն, հայցին կցվող փաստաթղթերում առկա է ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի կողմից, ըստ այդ ակտի, հայցվորի դրամային պահանջի չափը եւ արժեքը, իսկ ակտի ստորագրված լինել-չլինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ դատարանը կարող էր նշված փաստաթղթի արժանահավատությունը պարզել գործի քննության ժամանակ:
Վերաքննիչ դատարանը հաստատված համարեց այն, որ բողոքաբերը «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակիցն է` 50 տոկոս բաժնեմասով:

Տնօրեն Ա. Զաքարյանի կողմից սխալ հարկային հաշվետվություններ ներկայացնելու հետեւանքով հարկային մարմինների կողմից 2013թ. դեկտեմբերին կազմված ակտով ընկերության նկատմամբ եղել են տույժեր եւ տուգանքներ, ինչի արդյունքում ընկերությանը պատճառվել է մոտ 12 390 876 ՀՀ դրամի վնաս:

Հայցվորը պատասխանող Աշոտ Զաքարյանից հօգուտ «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի խնդրել էր բռնագանձել 12 390 876 ՀՀ դրամի չափով գումար` որպես պահանջը հիմնավորող ապացույց հայցադիմումին կից ներկայացնելով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի կողմից 16.12.2013թ. կազմված ակտը:

Գրիգոր Գրիգորյանի՝ որպես «Արփա-Էներգիա» ՍՊԸ-ի հիմնադիր մասնակցի, կողմից գումարի բռնագանձման պահանջի ներկայացման հիմք հանդիսացող վերը նշված հանգամանքների, ինչպես նաեւ հայցապահանջը հիմնավորող ապացույցների առկայության պարագայում Ընդհանուր իրավասության դատարանը զրկված չէր առկա նյութերի հիման վրա հայցադիմումը վարույթ ընդունել եւ ներկայացված ապացույցներին ու փաստարկներին, ինչպես նաեւ հայցվորի իրավական պահանջի հիմնավորվածությանը դատաքննությամբ անդրադառնալու հնարավորությունից:

Վերաքննիչ դատարանը հանգել էր նրան, որ վերաքննիչ բողոքը հիմնավոր է, իսկ դատարանի` «Հայցադիմումը վերադարձնելու մասին» անցյալ տարվա դեկտեմբերի 5-ի որոշումը պետք է վերացնել:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031