Մշակույթի ոլորտին հատկացվող
գումարի ավելացումից արվեստագետները ոգեւորված չեն
Պետության կողմից մշակույթի ոլոտին հատկացված այս տարվա գումարը կազմում է 13 մլրդ 393 մլն դրամ, ինչը նախորդ՝ 2014թ. համեմատ ավելացել է 14,4%-ով:
«Առավոտի» հետ զրուցած արվեստագետների մի մասը, սակայն, ոգեւորված չէ դրանից: Մեր զրուցակիցները հավաստիացնում են, թե մշակութային ոլորտի բյուջեի ծավալը տարեցտարի մեծանում է, սակայն գումարի բաշխումը ըստ ոլորտների՝ արդյունավետ չի կատարվում:
Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը նորմալ է համարում այն, որ արվեստագետները մշտապես դժգոհում են միջոցների սղությունից կամ բացակայությունից: Նրա խոսքով, այդ դժգոհություններն առաջընթացի երաշխիք են. «Չկա ճիշտ մեխանիզմ, թե ինչպես պետք է գնահատել աշխատանքը եւ ինչպես վարվել դրանից հետո: Յուրաքանչյուր գնահատականի մեջ գոյություն ունի սուբյեկտիվ եւ օբյեկտիվ չափաբաժին: Պետք է կատարված աշխատանքը վերլուծության ենթարկվի, հրապարակվեն արդյունքները, որպեսզի հաջորդ տարի ֆինանսների բաժանման ժամանակ աշխատի մի պարզ տրամաբանություն՝ ում, ինչ չափով եւ ինչի համար պետք է գումար տան: Հանրությունը պետք է իրազեկ լինի, թե ինչո՞ւ, ասենք, Տիկնիկային թատրոնին տարվա կտրվածքով տրամադրվել է X չափի գումար, ինչի վրա է այն ծախսվել, կամ՝ եթե այս կամ այն բեմադրության որակը, մեղմ ասած՝ այն չէ, ո՞րն է պատճառը, գուցե Ռուբեն Բաբայա՞նն է վատ ղեկավար… Անկախության տարիներին այդպես էլ չձեւավորվեց այն մտածելակերպը, որ պետական բյուջե ասվածը ժողովրդից գանձված հարկերից գոյացած գումարն է, հետեւաբար պետք է հաշիվ տալ ժողովրդին»:
Կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյանը համոզված է, որ կոնկրետ կինոյի ոլորտում ոչ թե պետք է, այլ անհրաժեշտ է արմատական փոփոխություն. «Մեր օրերում արվեստ են անվանում այն, ինչը բացարձակ կապ չունի արվեստի հետ: Մեր ոլորտում արդեն մի սերունդ զրկված է բարձրարվեստ ֆիլմեր դիտելու հնարավորությունից: Փոխարենը 2000 դրամ են տալիս ու գնում դիտում իբր ֆիլմ, ինչը կինոյի հետ բացարձակ կապ չունի: Թող 13-ի փոխարեն մշակույթի ոլորտին տրամադրվեր 113 միլիարդ դրամ, դա ոչինչ չէր փոխի: Կրկնում եմ՝ կինոոլորտում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ: Ես հավատում եմ. մեր կինոհանդիսատեսը, այդ թվում՝ մերօրյա այն զանգվածը, որ դիտում է էկրաններին ցուցադրվող չակերտավոր կինոները, կարիք ունի շփվելու բարձրարվեստ տեղական ֆիլմերի հետ»:
Կարդացեք նաև
Ռեժիսոր Ժիրայր Դադասյանի փոխանցմամբ՝ մշակույթի ոլորտը պահանջում է շա՜տ մեծ ներդրումներ. «Պետության կողմից մշակույթին նախորդ տարվա համեմատ 14%-ով ավելի տրամադրված գումարը միանշանակ բավարար չէ հոգալու մշակութային հոգսերը: Այսօր ամեն ինչի անունը դրվում է մշակույթ ու ֆինանսավորվում, մինչդեռ պետք է գումար հատկացվի միմիայն մշակութային առաջնահերթություններին: Պետք է իմանալ՝ ի՞նչը խրախուսել, ինչը՝ ոչ, ի՞նչն է պահպանում մեր ազգային դիմագիծը… Ամենակարեւորը՝ գումարները պետք է ուղղել ոչ թե, այսպես կոչված, եկամտաբեր տեսակներին, այլ զուտ պրոֆեսիոնալ արվեստին, չէ՞ որ վերջինս ծնվում է լուրջ մշակութային հետազոտությունների եւ եթե կուզեք իմանալ՝ հայտնագործությունների արդյունքում: Թող ամպագոռգոռ չհնչի՝ կոնկրետ իմ ղեկավարած Մնջախաղի թատրոնի ստեղծագործական կազմը զբաղված է ազգային մշակույթի տեսակի ուսումնասիրությամբ, պահպանմամբ ու այն ներկայացնելով: Հանդիսատեսը դրանում կարող է համոզվել ընդամենը կարդալով խաղացանկային ներկայացումների վերնագրերը»:
Մեր զրուցակիցներից կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանն էլ ի պատասխան մեր հարցին՝ ընդամենն ասաց. «Գլուխս կախ աշխատում եմ, այս պահին ավարտել եմ հերթական ստեղծագործությունս՝ «Պոետի կյանքը» կանտատը ու նվիրել ցեղասպանության զոհերի հիշատակին»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2015