Լրահոս
Օրվա լրահոսը

Ներառական կրթություն իրականացնող դպրոցների տնօրենները չեն մսխել 485 000 դրամները

Հունվար 16,2015 14:00

Վստահեցնում է ԿԳՆ հանրակրթության վարչության պետը

Մոտավորապես հինգ տարի է՝ ՀՀ ներառական կրթություն իրականացնող հանրակրթական հաստատություններում յուրաքանչյուր աշակերտի դիմաց դպրոցը ստանում է տարեկան 485 000 դրամ: Այս թիվը տարիների ընթացքում չի փոխվել, չնայած նրան, որ տարեցտարի ծախսերն ավելացել են: Թեմայի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանի հետ, հարցնելով՝ այդ գումարները, որը հատկացվում է համապատասխան դպրոցներին, նրանց նկատմամբ վերահսկողությունն ինչպե՞ս է իրականացվում, արդյոք այս տարիների ընթացքում օրինախախտ տնօրեններ եղե՞լ են, թե՞ ոչ, կամ ճշտե՞լ են իրենք, տնօրեններն այդ 485 000 դրամն ամբողջությամբ ծախսո՞ւմ են տվյալ աշակերտի վրա:

Պատասխանելով հարցին՝ Նարինե Հովհաննիսյանն ասաց. «Իհարկե, իրականացվում է վերահսկողություն՝ մեր վերահսկչի կողմից, մենք ունենք նաեւ համապատասխան տեսչություն, որը եւս վերահսկողություն է իրականացնում այդ գումարների տրամադրման ընթացքում, բացի այդ՝ տարբեր կազմակերպություններ կան: Խախտումներ չեն բացահայտվել, օրինախախտ տնօրեններ չեն եղել, եղել են ուսումնասիրություններ, որոնց արդյունքում նրանց ինչ-որ բաներ է ասվել, բայց օգնության կարգով, չէ՞ որ նրանք էլ են նոր, նոր են դարձել ներառական դպրոց: Մի խոսքով, երբ ինչ-որ բան այն չի եղել, խնդիր է ծագել, նրանց ասվել է: Բայց ներառականի համար նրանց պատժել՝ նման բան չի եղել, որովհետեւ այն, ինչ նրանք են անում, շատ լավ ու բարդ գործ է: Այդ դպրոցներն աշխատում են նաեւ հաշմանդամություն ունեցող երեխաների հետ»:

Հաջորդ հարցին էլ՝ բոլոր այն դպրոցները, որոնք իրականացնում են ներառական կրթություն, արդյոք ապահովվա՞ծ են լոգոպեդով, արատաբանով, հոգեբանով, հատուկ եւ սոցիալական մանկավարժներով, մանավանդ, մեր տեղեկություններով, ոչ բոլոր ներառական կրթություն իրականացնող դպրոցներում են առկա այդ մասնագետները, Նարինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Այո, բոլոր դպրոցներն էլ ապահոված են համապատասխան մասնագետներով, իսկ եթե որեւէ մասնագետի խնդիր է լինում, չեն ունենում, մրցույթ է հայտարարվում, նորերին են ընդունում, նրանք կարող են նաեւ մեզ դիմել, եթե մենք ունենանք համապատասխան կադրեր, կուղարկենք նրանց, բայց նման խնդիր չկա, որովհետեւ այդ դպրոցները քիչ են, ամբողջ հանրապետությունում ընդամենը հարյուր հիսունն են ու ապահովված համապատասխան մասնագետներով»:
Հավելենք, որ «Ունիսոն» հ/կ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը դեկտեմբերի 7-ի Aravot.am-ի հարցազրույցում մտահոգություն էր հայտնել, թե հաճախ հայաստանցի պաշտոնյաները շրջագայելով տարբեր երկրներում՝ հայտարարում են, թե ներառական կրթության առումով Հայաստանն առաջատար է ԱՊՀ-ում, իրականում, նրա խոսքով, Հայաստանում 100-ից ավելի դպրոցներ կան, որոնք ունեն ընդամենը թեքահարթակ, մինչդեռ անմատչելի են դասասեղանները, սանհանգույցը, դպրոցի տնօրինությունն էլ պատրաստված չէ: «Նման դպրոցներում կարող են սովորել թեթեւ խնդիր ունեցող երեխաները, իսկ եթե կույր երեխա կա… Ասում են՝ 2022-ին 100%-անոց ներառական կրթություն կլինի, այսինքն` ստացվում է 100%-անոց ձեւականություն կլինի: Մինչդեռ ավելի լավ կլիներ ունենայինք ավելի քիչ, բայց իրականում ներառական կրթություն իրականացնող դպրոցներ»,- փաստել էր Արմեն Ալավերդյանը:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031