Անահիտ Բախշյանը չի հավատում, թե ինքը, որպես ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ, կկարողանար նման կազմակերպություն գրանցել եւ պետականորեն ֆինանսավորվել:
«Առավոտը» կրթության ոլորտի փորձագետ, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանին խնդրեց մեկնաբանել կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի այն արտահայտությունը, թե ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզան Մուրադյանի փոխարեն Անահիտ Բախշյանն էլ լիներ, կառավարությունը դարձյալ 20 մլն դրամ պետական դրամաշնորհ կտրամադրեր:
«Ռուզան Մուրադյանի հասարակական կազմակերպությունը ստեղծվեց այն բանից հետո, երբ վարկային առաջին ծրագրով ստեղծվեցին 52 դպրոց-կենտրոններ: Ընդ որում՝ Մուրադյան Ռուզանը, որ այդ ժամանակ դպրոցի տնօրեն էր, ու նա ստեղծեց հասարակական կազմակերպություն՝ «Կրթություն առանց սահմանների»: Այդ հասարակական կազմակերպությունը զբաղվում էր ուսուցիչների վերապատրաստմամբ, եւ օրենքը աշխատում էր, հիմա էլ զբաղվում է ավագ դպրոցներում առկա խնդիրների լուծման ճանապարհները փնտրելով, տնօրենների վերապատրաստումներով եւ այլն: Ճիշտ է՝ ինքը օգտակար գործ է անում, բայց ես վստահ չեմ, որ եթե Ռուզանը չլիներ Հանրապետական կուսակցության անդամ, կստանար այդ հնարավորությունը: Պարոն Աշոտյանի ասածի հետ կապված ավելացնեմ, որ ես չգիտեմ մի կազմակերպություն, որը ստացել է պետական դրամաշնորհ կամ աջակցություն, եթե ինչ-որ ձեւով իշխանության հետ կապված չէ: Համոզված եմ, որ եթե ես լինեի այդ հասարակական կազմակերպությունը ստեղծողը, նախ չէի կարողանա ստեղծել այն՝ լինելով քաղաքական ընդդիմության ներկայացուցիչ, եւ երկրորդ՝ առավել եւս ֆինանսավորվել»,- ասաց տիկին Բախշյանը:
Այն դիտարկմանը, որ ինքը լինելով քաղաքական ընդդիմադիր կուսակցության անդամ՝ զբաղեցնում է Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրենի պաշտոնը, կրթության փորձագետը պատասխանեց. «Ճիշտ է, ես ընդդիմադիր քաղաքական ուժի ներկայացուցիչ եմ, բայց կրթության համար պետքական մարդ եմ, եւ իշխանությանը պատիվ է բերում, որ իմ ծառայությունները տեսել են եւ օգտակարությունը գնահատել են՝ հանրապետության կրթության ոլորտի շահերից ելնելով: Լավ է, որ տեսել են, շնորհակալ եմ, որովհետեւ կարող էին եւ չտեսնել, ինչպես պատահում է շատ դեպքերում»:
Կարդացեք նաև
Հավելենք, որ կառավարությունից 20 մլն դրամ ստացող Դպրոց- կենտրոնների միության հիմնադիր նախագահը ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն է, իսկ կազմակերպության գործադիր տնօրենը՝ նրա դուստրը՝ Լիլիթ Անտոնյանը։
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.01.2015
ինչ լավ են տեղավորվել, խոսք չկա, լավ է Անահիտ Բախշյանն էլ բարձրաձայնում և տեղեկացնում է, գոնէ գիտենք փողերն ուր են գնում