Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Հավաքական կընդգրկվեն միայն գլխավոր մարզչի սահմանած չափորոշիչները բավարարած ծանրորդները»

Հունվար 16,2015 13:00

Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը 2015 նախաօլիմպիական տարում առաջին ուսումնամարզական հավաքն սկսելու է հունվարի 22-ին:

Մեր առաջատար ծանրորդները ներկայումս մարզվում են իրենց անձնական մարզիչների ղեկավարությամբ: Նրանք նախապատրաստվում են փետրվարի 10-ից 15-ը Երեւանում կայանալիք Հայաստանի առաջնությանը, որի արդյունքներով էլ ընտրվելու են հավաքականի թեկնածուները: Սակայն տղամարդկանց ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը հավաքականի անդամների ընտրության նոր կարգ է սահմանել, որի մասին պատմեց «Առավոտին»:

– Ո՞րն է հավաքականի անդամների ընտրության հարցում նորամուծությունը:

– Ես հավաքականի թեկնածու բոլոր մարզիկներին եւ նրանց մարզիչներին առաջադրանք եմ տվել, ըստ որի՝ յուրաքանչյուր քաշային կարգի մարզիկի համար սահմանված է կիլոգրամների նվազագույն սահման, որ նրանք պետք է բարձրացնեն մինչեւ հավաքական հրավիրվելը: Մինչեւ առաջին հավաքը երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրյանը կհավաքի բոլոր տվյալները, որպեսզի նախնական պատկերացում կազմենք, թե ում հետ ենք աշխատելու:

– Հավաքականի թեկնածուների ուսումնամարզական հավաքին հաջորդելու է Հայաստանի առաջնությունը: Գլխավոր մարզչի համար այն ի՞նչ նշանակություն է ունենալու:

– Հայաստանի առաջնությանը մասնակցելու են ոչ միայն հավաքականի թեկնածուները: Կհետեւենք նաեւ մյուս ծանրորդներին, որոնց մեջ կարող են լինել այնպիսիք, որոնք հեռանկարային են եւ մեզ, հնարավոր է, պետք գան Եվրոպայի, աշխարհի առաջնություններում, միջազգային այլ մրցումներում: Կընտրենք լավագույններին եւ միասին կաշխատենք:

– Այս տարվա երկու խոշորագույն մրցումներն են Եվրոպայի եւ աշխարհի առաջնությունները: Որի՞ց` ի՞նչ ակնկալիքներ ունեք:

– Եվրոպայի առաջնությունը, որ կայանալու է փետրվարի 10-ից 15-ը` Թբիլիսիում, յուրատեսակ փորձամրցում կլինի մեր ծանրորդների համար` իմանալու, թե ում հետ պետք է շարժվենք առաջ եւ որոշենք մեր հետագա աշխատանքային ծրագրերն աշխարհի առաջնությանը նախապատրաստվելու համար:

– Եվրոպայի առաջնությունում գերխնդիրը մեդալնե՞րն են լինելու, թե՞ կիլոգրամները:

– Ի տարբերություն նախորդ տարիների, երբ նպատակը ցանկացած գնով հնարավորին չափ շատ մեդալ նվաճելն էր, մեր ռազմավարությունը այլ է: Իհարկե, եթե մեդալներ լինեն, լավ կլինի, բայց ինձ համար ավելի կարեւոր է «հումքը» տեսնելը, կայուն բարձր արդյունք ցույց տվող ծանրորդներ ունենալը, որոնց մրցահարթակում իրենց դրսեւորելու հնարավորություններ կընձեռվեն:

– Եթե հավաքականի անդամը Հայաստանի առաջնությունում, ուսումնամարզական հավաքների, մարզումների ժամանակ բարձր կիլոգրամներ է ցույց տալիս, բայց նույնը չի կարողանում անել պաշտոնական մրցումներում, ինչպե՞ս եք վարվելու:

– Նման բաներ պատահում են: Մտածում եմ, որ հավաքականում նման մարզիկներից պետք է հրաժարվել:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031