Լրահոս
Օրվա լրահոսը

Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի

Հունվար 16,2015 12:30

Բաց նամակ ՀՀ մշակույթի նախարարության հուշարձանների
պահպանության ծառայության տնօրեն Վլադիմիր Պողոսյանին

Այս բաց նամակ-հարցումը հրապարակավ չէր կատարվի, եթե դրա հիմք-հիմնավորումը ձեր կողմից` որպես պետական կազմակերպության ղեկավարի, հրապարակավ ներկայացրած չլինեիք հանրությանը: Այլապես, ինչի մասին խոսք է գնալու ստորեւ, հավատացած եղեք, որ այն երբեք ու առհասարակ չէր արժանանա որեւէ մեկի, այդ թվում նաեւ իմ ուշադրությանը: Այսպիսով, մինչ բուն հարցմանս անցնելը, կարծում եմ կհամաձայնեք այն պարզ ճշմարտության հետ, որ յուրաքանչյուր մարդ կյանքում իր անունն ու պատիվը, արժանապատվությունը բացառապես վաստակում է իր կատարած աշխատանքով ու ապրած կյանքով: Միով բանիվ, կյանքում մարդը թե իրեն ճանաչողներին եւ թե անծանոթներին, պետական, թե հ/կ-ներին ներկայանում է բացառապես իր կողմից կենսագրած կենսագրականով ու նրանում ներառված փաստագրական տվյալներով:

Ձեր ղեկավարած ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքէջում 2011թ.-ից տեղադրված ձեր պաշտոնական կենսագրությունում հստակորեն նշված է, որ 1986թ. բուհն ավարտելուց հետո 1988-1998թթ. աշխատել եք Ստեփանավանի շրջանի հուշարձանների պահպանության տեսչությունում` որպես ավագ տեսուչ, 1989-1994թթ. Ստեփանավանի շրջգործկոմում` որպես գլխավոր տնտեսագետ, 1994-1997թթ. Պետական ռեգիստրի Ստեփանավանի բաժնում` որպես բաժնի պետ: Կենսագրված այս տեղեկությունները, իրավամբ, տարակուսանքների տեղիք չեն տալիս կամ էլ չեն կարող որեւէ քննարկման առիթ դառնալ: Սակայն վերոգրյալ կենսագրվածի 1991-1994թթ. տվյալները կարծեք թե ինչ-որ տեղ ստվերվում է ձեր իսկ հրապարակավ ասած-տարածած այն տեղեկությամբ, որը տեղ է գտել 2011թ. սեպտեմբերի 20-ին մամուլին տված հարցազրույցներից մեկում, ասել եք. «Հայրենիքի կանչով կամավոր մեկնել եմ Արցախ, մասնակցել մեզ պարտադրված պատերազմին, իսկ հաղթանակից հետո վերադարձել եմ իմ գործին»:

Հանրությանը ուղղված ձեր այդ ոչ այնքան աննպատակ պատասխանը հիմք ընդունելով եւ ՀՀ-ում խոսքի ազատության ու բազմակարծության սկզբունքներից ելնելով, ինչպեսեւ ենթադրելու իրավունքով հարցնենք, թե ո՞րն է այս շաղփաղփ տեղեկությունների ի հայտ գալը ձեր կենսագրականում: Ի՞նչն է պատճառը, որ 1991-1994թթ. արցախյան պատերազմին ձեր մասնակցության փաստական տվյալը ոչ մի կերպ տեղ չի գտել ձեր պաշտոնական կենսագրականում, որով 2012թ. մասնակցել եք նաեւ ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գործող «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելու մրցույթին: Ի՞նչ է, ավելո՞րդ եք համարել այդպիսի կարեւոր, ես կասեի` պատվի ու հարգանքի արժանի փաստը ներառել ձեր կենսագրականում, թե… Կամ էլ հենց այդ նույն` 1991-1994թթ., արցախյան պատերազմի խրամատներում, թույլ տվեք հարցնել, վիրտուալ կարգով, ինչու չէ՝ երեւի Ստեփանավանից հատուկ սուրհանդակների միջոցով եք կատարել թե՛ Ստեփավանի շրջգործկոմի գլխավոր տնտեսագետի եւ թե՛ համատեղության կարգով իրականացրել Ստեփանավանի շրջանի հուշարձանների պահպանության տեսչության ավագ տեսուչի աշխատանքներն ու պարտականությունները: Իրոք որ շատ հետաքրքիր է ձեր աշխատանքային-պաշտոնական կենսագրականի այս երկդիմի ու իրար հակասող փաստարկումները: Կամ էլ հայցե՞նք Ստեփանավանի նախկին շրջգործկոմի աշխատակիցների վկայությունները, որոնց մի մասն, ամենայն հավանականությամբ, այժմյան Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակիցներ են…Այստեղ զանց առնենք բնականորեն առաջացող զարմանքի, ինչու չէ նաեւ զավեշտի չափաբաժինը եւ հարցնենք, թե ինչո՞վ է պայմանավորված այս ամենը:

Այնպես որ, հարկ կա, որպեսզի սթափորեն բարեհաճեք հրապարակավ պարզաբանել ձեր` պետական պաշտոնյայիդ, կենսագրաշինության վերոնշյալ փորձը եւ «անհամեստորեն» բարձրաձայնել- պատասխանել հետեւյալ հարցերին.
ա) Կոնկրետ ո՞ր թվականներին եք մասնակցել արցախյան պատերազմին:

բ) Որպես կամավոր ո՞ր խմբում, ջոկում, դասակում եք եղել, որտե՞ղ եւ ի՞նչ մարտական գործողությունների եք մասնակցել:

գ) Ո՞վ է եղել ձեր հրամանատարը: Թվարկեք ձեր մարտական ընկերների անուն-ազգանունները (ինչպես զոհվածների, այնպես էլ կենդանի մնացածների): Չէ՞ որ շուրջ չորս տարի տեւած պատերազմի դաշտում միայնակ չեք եղել… Մանավանդ որ` որպես կամավոր ազատամարտիկի, ոչ ընդդիմադիր եւ ոչ էլ պետականամետ ազատամարտիկների մեծ ու փոքր կառույցներում չեք երեւում, որն, իհարկե, ձեր բացարձակ իրավունքն է: Այնինչ, այդ տեսակետից, համապետական ընտրությունների ժամանակ` ոչ այնքան անհասկանալի հասարակական կարգով, ավելի շատ զբաղված եք լինում այս կամ այն կուսակցության կամ անհատ պատգամավորների օգտին քվեներ ապահովելու-կազմակերպելու գործերով, որը եւս ձեր իրավունքն է:

դ) Ի վերջո, արցախյան պատերազմին որպես կամավոր մասնակցած տարիները` առանց ավելորդ համեստության, ներառեք ձեր պաշտոնական կենսագրականում, եթե, իհարկե, այդտեղ իրականում տեղ կա: Հավաստիացնում եմ, որ այն իրապես կկրկնապատկի ձեր արժանիքներն ու հեղինակությունը: Այդ առումով մի հիշեցում եւս` ձեր պաշտոնական կենսագրականում հավելեք նաեւ 2003-2010թթ. «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ աշխատած տարիներին` 2007-2010թթ. միաժամանակ աշխատել եք նաեւ մասնավոր` «ԳՈՒԳԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ում, զբաղեցնելով այդ մասնավոր կազմակերպության գրասենյակի ղեկավարի պաշտոնը եւ ձեր հիմնական աշխատավայրի աշխատաժամերի գրեթե 80 տոկոսը նվիրել եք բիզնեսով զբաղվող այդ կազմակերպության խնդիրներով զբաղվելուն: Պարոն Պողոսյան, եթե այս բաց նամակը ձեր կողմից անպատասխան մնա ու չպարզաբանեք վերոնշյալ հարցերը (որը եւս ձեր իրավունքն է), ապա պետք է մտածել (հասկանալի է, որ ոչ միայն ես), որ այսպիսի անձնահաճո մտածողությամբ զբաղեցնելով պետական պաշտոն, զբաղվում եք կենսագրաշինության փորձերով, ինչը, կարծում եմ, որ կրկնակի դատապարտելի ու արգահատելի է: Կամ էլ հրապարակավ ոչ ճիշտ տեղեկություններով հանդես գալը հանցագործությանը հավասարազոր երեւույթ է: Քանզի այն անսքողորեն միտված է չվաստակած հեղինակություն ձեռք բերելու կանխամտածված հոգս ու մարմաջին: Վերջինս էլ` ոչ ավել ոչ պակաս, սեփական կենսագրությունը «զարդարելու» տարրական եւ մանկամիտ վարվելաձեւի անկրթություն է: Կամ էլ երիցս ճիշտ է ասված, որ գավառական սակավամտությունը երբեք հնարավոր չէ կրթել ու քաղաքակիրթ դարձնել: Ավելին, այսպիսի բասիր ու արգահատելի փորձերի պատճառով արցախյան պատերազմում զոհված մեր իրական եւ հայրենասեր ազատամարտիկները, իրոք որ կրկնակի կզոհվեն, իսկ կենդանի մնացածներն էլ` էլ ավելի կնվաստանան…

Իմիջիայլոց, որպես այս նամակ-հարցմանը ի լրումն` հիշենք նաեւ այն, որ արցախյան պատերազմի տարիներին եւ նրանից հետո Հայաստանում ի հայտ էին եկել, այսպես ասած, «ասֆալտի ազատամարտիկները կամ ֆիդայիներ», ովքեր մի քանի օրով Արցախում էին եղել, առել մահաբեր վառոդի հոտը եւ իրենց «հռչակել» ազատամարտիկներ ու արցախյան պատերազմի մասնակիցներ: Այս նամակս վերջակետելուց առաջ, առհասարակ ցանկանում եմ ընդգծել, որ մեզանից յուրաքանչյուրը իր ամեն մի գործողություններով չպետք է զոհաբերի թե գրավոր եւ թե բանավոր խոսքի պատիվն ու պատվի զինակից պատվախնդրությունը: Քանզի անկերպագրելի երեւույթներն առհասարակ տեղ չպետք է ունենան մեր պետականության եւ ազատագրական պայքարի եւ ոչ մի բնագավառներում: Ավելին, եթե գրի ու խոսքի ասպարեզում մարդը դավաճանել է գրին, իրականությանն ու իր խղճին, ապա իր գրած ու ասած տողերը-վաստակը տարիներ անց անխուսափելիորեն դառնում են մարդու գործունեության ու ճակատագրի քննության առարկա: Այսպիսին են սպիտակ թղթին հանձնված գրավոր խոսքի կանոնները` ոգեւորող ու փառաբանող, անզիջող ու կեղծիք չհանդուրժող եւ խորապես` ցավ պատճառող: Գրի ու ճշմարտության հետ խաղալ չի կարելի, քանզի այդ ասպարեզներում ստաբանություններն ու շինծու փորձերը երկար կյանք չեն կարող ունենալ, որքանով էլ, որ դրանք առժամանակ եւ ինչ-ինչ հանգամանքների բերումով հանգրվանեն գրի այս կամ այն տիրույթներում…

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջեւանագետ,
ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031