Այս պահին Ազատության հրապարակում լարված իրավիճակ է: Հարյուրավոր անձինք, որոնց թվում են Նախախորհրդարանի անդամներ, քաղաքացիներ մասնակցում են ժամը 21.00-21.30-ից մեկնարկած՝ Գյումրիում տեղի ունեցած հանցագործության առիթով Երևանում սկսված զորակցության ինքնաբուխ երթին:
Aravot.am-ի հետ զրույցում Նախախորհրդարանի անդամ Հասմիկ էվոյանը տեղեկացրեց, որ բազմաթիվ քաղաքացիներ այս պահին էլ շարունակում են միանալ ինքնաբուխ երթին: Այնուհետև նշեց. «Քաղաքացիներին մասսայական, առանց որևէ պատճառի քաղաքացիական հագուստով անձինք բռնել են տեղի ցուցարարներին և մասսայական մի քանի տասնյակ հոգու բերման ենթարկել: Բերման ենթարկվողների մեջ կան Նախախորհրդարանի անդամներ: Հիմա ցուցակը ճշտում ենք»:
Մասնավորապես, ըստ NEWS.am-ի՝ բերման է ենթարկվել Արգիշտի Կիվիրյանը, որը նաեւ ցերեկն էր բերման ենթարկվել: Բերման են ենթարկվել իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, Մարիա Հովսեփյանը, Վարդան Բալյանը, Էդուարդ Գյոզալյանը, Նարեկ Վարազդատյանը, Կարեն Հարությունյանը, Արեգ Կյուրեղյանը՝ Հայկ Կյուրեղյանի եղբայրը, Նախախորհրդարանից Ալեք Ենիգոմշյանը, Գեւորգ Սաֆարյանը, մի քանի այլ անձինք:
Գեւորգ Սաֆարյանը հեռախոսով հայտնել է, թե իրեն տեղափոխել են ոստիկանության Նորք-Մարաշի բաժանմունք: Ավետիք Իշխանյանն էլ նշել է, որ իրեն տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժանմունք եւ այս պահին տանում են հարցաքննության:
Կարդացեք նաև
Ոստիկանները ոստիկանական մեքենա են նստեցրել եւ բերման ենթարկել փաստաբան Լուսինե Սահակյանին:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսանյութը` «Ա1+»-ի