«Գլխավոր դատախազ Կոստանյանը այսօր շատ լղոզված պատասխան տվեց»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիում տեղի ունեցած ընտանիքի սպանության դեպքի առիթով այսօր Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի մասնակից Կարո Եղնուկյանը:
Ըստ նրա, ռուսական ռազմաբազայի հետ Հայաստանի միջպետական պայմանագրով շատ հստակ է, որ ռազմաբազայից դուրս իրականացվող հանցագործությունները Հայաստանի իրավասության տակ են. «Այդ դեպքերում Հայաստանում են ձերբակալվում, դատվում ու կրում պատիժը: Տվյալ դեպքում գլխավոր դատախազը փորձում էր մեզ համոզել, որ քննությանը մասնակցելու են, բայց մասնակցելը մի բան է, բայց ուրիշ բան է, երբ դու ես այդ քննությունը վարում ու բոլոր մեխանիզմները քո ձեռքում են: Երեք օր է՝ այդ զինծառայողը ռազմաբազայում է, ու Աստված գիտի՝ ինչ են արել, ինչպես են այդ զինվորին համոզել: Մենք արդեն ուշացել ենք: Շատ մեծ կասկածներ կան, որ այդ հանցագործությունը մի հոգի չէր կարող անել, շատ մեծ կասկածներ կան, որ այդ զինվորը, որը ընդամենը մեկ ամիս է ինչ Հայաստանում է, ինչպես է գտնում Թուրքիայի սահմանը: Այսօր Հայաստանում ծնված ու Գյումրիում ապրող մարդիկ չեն կարող սահմանը գտնել գիշերվա կեսին, ուր մնաց ռուս քսան տարեկան մի զինվոր, որը ընդամենը մի ամիս եղել է բազայում… այնքան հարցեր կան, այդ որ հանցագործն է կոշիկները թողնում հանցագործության վայրում, անունն էլ մեջը»:
Կարո Եղնուկյանը նկատեց, որ սպանվածները այսօր թաղվեցին, բայց դեռ չկան հետազոտությունների հրապարակված արդյունքներ՝ ինչ փամփուշտներով են սպանվել. «Նույն զենքո՞վ է, թե՞ ուրիշ զենքով է: Չկան նման տեղեկություններ, որովհետեւ քննությունը մենք չենք կատարել»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ