Այս պահին Գյումրիում տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ գյումրեցիները ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի առջեւ պայման են դրել` Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազից պաշտոնապես պահանջել ոճրագործ Վալերի Պերմյակովին հանձնել Հայաստանի իրավապահ մարմիններին: Ընդ որում, ակցիայի մասնակիցները պահանջում են, որ Կոստանյանը հենց այս պահին կատարի իրենց պահանջը: Գեւորգ Կոստանյանն ասաց, որ տղամարդու խոստում է տալիս, որ կդիմի:
Գյումրու «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լեւոն Բարսեղյանն առաջարկեց 2 օր սպասել, մինչեւ կստանան պաշտոնական պատասխան:
Ակցիայի մասնակիցներից Կարեն Պետրոսայնն էլ ասաց` «Եթե մերժեն ՀՀ գլխավոր դատախազին, ապա ՌԴ-ն կմերժի ամբողջ հայ ժողովրդին»:
«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էլ նկատեց, որ միայն գլխավոր դատախազով չի լուծվի հարցը, գործադիր եւ օրենսդիր իշխանությունները եւս պետք է միանան այս գործընթացին: Փոստանջյանը խոստացավ զանգահարել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին ու ՀՀ վարաչպետ Հովիկ Աբրահամյանին` այս առաջարկը քննարկելու համար: Գյումրիում հավաքված ժողովուրդը հենց այս պահին արձագանքում է` «Հիմա’, հենց հիմա», պահանջելով հենց հիմա Ռուսաստանից պատասխան ստանալ, հակառակ դեպքում, ինչպես որ ներկայումս քննարկվում է բողոքի ակցիայի ժամանակ, փորձելու են ռուսական հյուպատոսարանի շենքը շրջափակել:
Կարդացեք նաև
Ակցիայի մասնակիցները գլխավոր դատախազից պահանջում են ներկայացնել տեսանյութ այն մասին, որ ոճրագործը Հայաստանում է: Ներկա պահին մարդասպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովի ծաղրանկարները սկսեցին տարածել ու հրապարակավ վառել:
Մանրամասներն` տեսանյութում:
Նունե Արեւշատյան