Ֆրանսիացի ներդրողները պատրաստակամ են շարունակել իրականացնել ծրագրեր Հայաստանում ու ավելի ամրապնդել հայ-ֆրանսիական կապերը:
Ֆրանսիացի գործարարների պատվիրակությունը Հայաստանում է գտնվում Հայ-Ֆրանսիական Առևտրաարդյունաբերական պալատի և «Փի Եմ Սի Այ» ընկերության նախաձեռնությամբ կազմակերպված ճանաչողական այցելությունների շրջանակներում:
«Ֆրանսիացի գործարարների Հայաստան այցելելու նպատակն է ճանաչելի դարձնել ֆրանսիական արդյունաբերական շուկան Հայաստանի համար: Մենք նախատեսում ենք համագործակցել մի քանի ոլորտներում` մասնավորապես գյուղմթերքի, տեղեկատվական տեխնոլոգիաների ու զբոսաշրջության բնագավառներում», – նշեց Բեռնար Հաթեմյանն այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած մամլո ասուլիսին:
Բեռնար Հաթեմյանի փոխանցմամբ` Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատը իրականացնում է մի քանի ծրագրեր Հայաստանում՝ վարդերի մշակում, հյուրատների ցանցի զարգացում Օձունում և Սանահինում, ինչպես նաև ձկնատեսակների մշակում Արաքս գետի հովտում: Իսկ ապագայում նախատեսում են զարգացնել ցորենի մշակումը նույն տարածքում:
Ասուլիսի բանախոսներն էին Պոլ Ռիկար ընկերության տնօրեն Ֆրանսուա Գզավիե-Դիասը, Ֆրանսիայի քաղծառայության, պետական բարեփոխումների և տարածքային կառավարման նախարարության տարածքային կառավարման և մարզային գործունեության պատվիրակության պատվավոր պրեֆե Բեռնար Կուղթուան, Հայ-ֆրանսիական առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Բեռնար Հաթեմյանը, նույն պալատի փոխնախագահ Միշել Տրիբալոն ու «Ֆրանսիական համաշխարհային առաջատար ընկերությունների» Ասոցիացիայի փոխնախագահ Մարտին Ֆումեյը:
«Իր պատմությունից ելնելով` Հայաստանը Ռուսաստանի հետ ունի պատմականորեն սերտ կապեր: Բայց տնտեսական և մշակութային առումով ապագան ցույց է տալիս, որ Հայաստանը պետք է ուղղորդվի դեպի Արևմուտք», – ասաց Մարտին Ֆումեյն` անդրադառնալով Հայաստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանն ու այդ անդամակցությունից բխող փոփոխություններին:
Բեռնար Կուղթուան նույնպես կարևորեց հայ-ֆրանսիական կապերի ամրապնդումը` մասնավորապես նշելով «որպեսզի կարողանանք գործել, պետք է ճանաչենք: Ֆրանսիայի համար կարևոր է, և պետք է զարկ տալ մշակութային և տնտեսական կապերի զարգացմանը Հայաստանի հետ: Հայաստանը մշակութային մեծ ներդրում ունի համաշխարհային մակարդակով: Պետք է աջակցենք այդ մշակութային կապերի զարգացմանը և փոխակերպենք այն տնտեսականի»:
Ամփոփիչ խոսքում Ֆրանսուա Գզավիե-Դիասը կոչ արեց հայ գործարարներին «ուրիշների հետ կիսվել իրենց փիլիսոփայությամբ ու արժեքներով և աշխատել, որպեսզի արտադրության մեջ լինեն լավագույնը»` հավելելով, որ «այս առումով Պեռնո Ռիկառը կարողացավ ներդրում ունենալ Հայաստանում խաղողի արտադրությունը քանակապես և որակապես բարձրացնելու համար: Սա է ճանապարհը, որպեսզի կարողանանք արտահանել որակյալ կոնյակ դեպի միջազգային շուկաներ»:
«Մեդիա կենտրոն»
Ասուլիսի ամբողջությամբ` տեսանյութում