Լրահոս
Օրվա լրահոսը

Արգիշտի Կիվիրյանն ու Տիգրան Խզմալյանը բերման են ենթարկվել. մանրամասներ ոստիկանական բաժանմունքից

Հունվար 15,2015 19:25

«Ես դատախազության դիմաց չէի էլ հասել, գտնվում էի արդարադատության նախարարության նախկին շենքի դիմաց, մայթով բարձրանում էի վերև, ապօրինի կերպով ինձ զրկեցին ազատությունից ու բռնի կերպով բերեցին ոստիկանության Կենտրոնի բաժին»,-քիչ առաջ Aravot.am-ի հետ զրույցում տեղեկացրեց Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը:

MHM92685-copy

Նա այժմ գտնվում է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժնում և տեղեկացրեց, որ իրեն բերման ենթարկել ժամը 17.00-ի սահմաններում, երբ Գյումրիում կատարված հանցագործության առիթով կազմակերպված բողոքի երթին մասնակցելիս մայթով բարձրանում էր դեպի ՀՀ դատախազության շենք:

Խնդրեցինք մանրամասնել, թե ինչպե՞ս են իրեն բերման ենթարկել, նա պատմեց. «Խայտառակ ձևով, թևերս ոլորելով ինձ գցեցին ոստիկանական մեքենա,  ծնկներիս մի ոստիկան էր նստել: Ոստիկանության մոտ արդեն պրակտիկա է ձևավորվել մշտապես նստել իմ ծնկերին»: Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկել ՀՀ վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածի հիման վրա՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմնավորմամբ: Սակայն պարոն Կիվիրյանը մեզ հավաստիացրեց, որ նման պահանջ իրեն չի էլ ներկայացվել:

Մեր հարցին՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանները գործում են իրավունքի՞ սահմաններում, պարոն Կիվիրյանը պատասխանեց, թե արդեն ոստիկանական բաժանմունք իրեն բերելը օրենքի խախտում էր, հետևաբար խոսել օրինապահությունից անիմաստ է: Այժմ Արգիշտի Կիվիրյանի փաստաբանները գտնվում են ոստիկանական բաժանմունքում:  Նա նաև տեղեկացրեց, որ իր հետ բերման են ենթարկվել ևս երկու հոգի՝ Տիգրան Խզմալյանը և մեկ անձ ևս, որի անունը դեռ չի ճշտել:

Գնահատելով կատարվածը՝ պարոն Կիվիրյանն ասաց. «Գնահատականն այն է, որ ուզում են ամեն կերպ ճնշել ՀՀ-ում բողոք իրականացնող քաղաքացիներին: Այստեղ հստակ երևաց ոստիկանության իրական դեմքը: Իրենք անընդունակ են բռնել իրական հանցագործներին և մասնագիտացել են միայն բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին ճնշելու գործում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031