Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրական աշխարհը պիտի տեսնի՝ ինչպիսի մեծություններ են Ցեղասպանությանը զոհ գնացել». Էդվարդ Միլիտոնյան

Հունվար 15,2015 19:11

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայում գերմաներենով լույս կտեսնի Եղեռնի զոհ դարձած 11 հայ մեծանուն գրողների՝ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սևակի և այլոց ստեղծագործությունների ընտրանին:

Անթոլոգիան կտպագրվի 500 օրինակով, որից բաժին կհանվի նաև գրադարաններին:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հավելելով, որ արդեն հստակեցված են գրքի շնորհանդեսի օրն ու վայրը. այն հանրությանը կներկայացվի մայիսի 10-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում:

«Մեր մեծ գրողներն արժանի են աշխարհի տարբեր լեզուներով թարգմանվելու և տպագրվելու: Ընթերցողները, գրական աշխարհը պիտի տեսնեն, թե ինչպիսի մեծություններ են զոհ գնացել այդ նախճիրին: Հարյուր տարի գրեթե ոչինչ չի արվել, և մարդիկ ոչ միայն Ցեղասպանության զոհ գնացած գրողների ստեղծագործությունները չգիտեն, այլև նույնիսկ նրանց անունները»,- ասում է Է. Միլիտոնյանը:

Հայաստանի գրողների միության նախագահն ասում է, որ Ցեղասպանության զոհ գնացած գրողների ստեղծագործությունները ցանկանում են տպագրել նաև ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031