Երկու օր առաջ Գյումրի քաղաքում տեղի ունեցած սպանդը ցնցել է ողջ հասարակությանը: Գյումրիի ռուսական ռազմաբազայի շարքային Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործությունը բառերով հնարավոր չէ նկարագրել: Ցավալի է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ռուսական ռազմաբազայի զինծառայողները Գյումրիում կոպտորեն խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ու օրենքները: 1999 թ-ին ռուս զինծառայողները հարբած կրակ էին բացել, որի հետևանքով զոհվել էր 2, վիրավորվել մեկ տասնյակ անմեղ քաղաքացիներ: Չնայած դրան՝ նման հանցագործություններն ազգություն և դավանանք չեն ճանաչում, ուստի և անթույլատրելի է այն դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից և դարձնել ազգամիջյան թշնամանքի հարց:
Ելնելով վերոնշյալից, Հնչակյան երիտասարդները պահանջում են.
- Անմիջապես հանձնել մարդասպանին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին:
- Դատել վերջինիս ՀՀ դատարանում և ՀՀ քրեակատարողական հիմնարկում:
- Խստացնել Գյումրիում տեղակայված ռազմաբազայի նկատմամբ վերահսկողությունը՝ ներառելով թե՛ ռուսական և թե՛ հայկական կողմերին:
- Ուսումնասիրելով միջազգային նախադեպերը, ստեղծել իրավական այնպիսի հնարավորություն, որ ռազմաբազայի զինծառայողներն այնտեղից դուրս գալիս ունենան համապատասխան փաստաթղթեր, որոնք և ստուգվեն հայկական կողմից:
Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում հասարակությանը չտրվել և ոչ մի սադրանքի՝ ընդգծելով, որ այս միջադեպը չպետք է լարվածություն մտցնի հայ-ռուսական հարաբերություններում:
ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միության վարչություն