Հունվարի 14-ին Շվեդիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կրթամշակութային հաստատությունը՝ Ստոկհոլմի «ԱԲՖ» կենտրոնը, կամզակերպել էր Հայոց ցեղասպանությանը նվիրված սեմինար-քննարկում։
Հասարակական հետաքրքրություն առաջացրած և մասնակիցների մեծ թիվ գրանցած սեմինարի բանախոսներն էին Ստամբուլում Շվեդիայի նախկին գլխավոր հյուպատոս Ինգմար Կարլսոնը, նրա դուստրը՝ Լունդի համալսարանի մարդու իրավունքների գծով գիտաշխատող Անդրեա Կարլսոնը, և ԵԽ մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համմարբերգը։
Բանախոսներն անդրադարձան Հայոց ցեղասպանության պատմությանը, ներկայումս Թուրքիայում տիրող իրավիճակին, ինչպես նաև հարցի իրավական կողմին։
Մասնավորապես Ինգմար Կարլսոնը ներկայացրեց Ցեղասպանության տարիներին Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը՝ խոսելով դրա պատճառների մասին։ Անդրեա Կարլսոնն իր հերթին անդրադարձավ ներկայումս Թուրքիայի կառավարության կողմից վարվող ժխտողական քաղաքականությանը և դրա արդյունքում հասարակությունում տեղեկատվության պակասին՝ նշելով, որ, այնուամենայնիվ, Թուրքիայի գիտական և հասարակական շրջանակներում աստիճանաբար ավելանում է Հայոց ցեղասպանության փաստն ընդունող անձանց թիվը։
Կարդացեք նաև
Թոմաս Համմարբերգն իր խոսքում անդրադարձավ Ցեղասպանության իրավական կողմին` բացատրելով, թե ինչպես կարող է 1948թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի «Ցեղասպանություն հանցագործության կանխման և պատժման» կոնվենցիան ունենալ հետադարձ ուժ։ Վերջին երկու բանախոսներն առանձնահատուկ կերպով նշեցին նաև Ցեղասպանության հետևանքների համար փոխհատուցման անխուսափելիությունը։
ՀՀ ԱԳՆ