«Մենք անարդար կամ էմոցիոնալ պահանջ չենք ներկայացնում. չենք պահանջում ինքնադատաստան անել: Մեր պահանջը և´ բարոյական է, և´ իրավական: Պետք է օրինական քննություն և դատավարություն անցկացնել այն երկրում, որտեղ տեղի է ունեցել հանցագործությունը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի համոզմունք հայտնեց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը` խոսելով Գյումրու ոճրագործությունն իրականացնելու մեջ կասկածվող Վալերի Պերմյակովի` Հայաստանո՞ւմ, թե՞ ՌԴ-ում դատավարությունն անցկացնելու մասին:
«Եթե երեսուն տարի առաջ նման դեպք կատարվեր Հայաստանում, մեր հանրությունը կպահանջեր, որ դատավարությունը տեղի ունենար Մոսկվայում՝ ակնկալելով արդար դատավարություն: Բայց փոխվել է մեր ժողովուրդը, դարձել է ՀՀ քաղաքացի, նա իրեն երկրի տեր է զգում, և սա երջանկություն պիտի լինի իշխանությունների համար. հպարտանալու բան է»,- ասում է պարոն Բաբայանը:
Ըստ նրա` վերջին օրերը ցույց տվեցին, որ մենք ունենք հրաշալի ժողովուրդ, որն ուզում է տեր կանգնել իր երկրին. «Ժողովուրդը չընկավ ծայրահեղությունների դաշտ, չընկավ հակառուսական կրքերի մեջ: Նա միայն պահանջում է, որ ոճրագործն իր պատիժը կրի այն երկրում, որտեղ իր սև գործն արել է: Եվ սա շատ տրամաբանական է: Թող քննիչներ հրավիրեն, խնդրեմ, թող լավագույն պաշտպանները գան ու նրան պաշտպանեն, բայց ամբողջ ընթացակարգը պետք է մեզ մոտ ընթանա: Գուցե Հայաստանն ավելի մեղմ պատիժ սահմանի նրա համար, բայց դա չէ կարևորը. կարևորն այն է, որ այստեղ է տեղի ունեցել հանցագործությունը, մեր հանդեպ է կատարվել, և հանցագործն իր պատիժը պետք է կրի այստեղ՝ Հայաստանում»,- համոզված է Ռ. Բաբայանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ