Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պարզաբանումներ տալու փոխարեն Հայաստանի քաղաքացիների հետ հանելուկներով է խոսում, «Ազատության» հետ զրույցում այսօր կարծիք հայտնեց Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Պատգամավորը կարծում է, որ դատախազությունը, իրավապահ մարմիններն ու Ազգային անվտանգության ծառայությունը պետք է պարզաբանումներ ներկայացնեն խորհրդարանում։ Փաշինյանը փորձելու է անպատասխան մնացած հարցերի շուրջ խորհրդարանական չորս հանձնաժողովների արտահերթ նիստ հրավիրել:
«Փաստն այն է, որ մինչև հիմա ՀՀ քննիչը չի կարողացել հանդիպել կասկածյալի հետ։ Հիմա էլ Գևորգ Կոստանյանն ասում է՝ հանրապետության տարածքում։ Ի՞նչ նկատի ունի… ռուսական ռազմաբազայի տարածքը դե յուրե համարվում է ՌԴ տարածք։ Եթե դա ՀՀ տարածք է, ինչո՞ւ չեն մտնում ՀՀ ոստիկանները և բերման ենթարկում, ձերբակալում կասկածյալին»,- ասաց պատգամավորը։
«Քանի որ ՀՀ իրավապահ մարմինները այդպես էլ լրագրողների հարցերին հստակ պատասխան չեն տալիս, ես կարծում եմ, որ ԱԺ-ում պետք է տեղի ունենա մի քանի հանձնաժողովների համատեղ նիստ և համապատասխան մարմինները պետք է տան համապատասխան գնահատականներ։ Էլ չեմ ասում՝ Ազգային անվտանգության ծառայության հետ կապված ինչ հարց կա։ Մենք տեսնում ենք, որ Գյումրիում ռուս զինվորները ավտոմատներով ինչ-որ գործողություններ են անում»,- նկատեց Փաշինյանը։
Կարդացեք նաև
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանի համար ակնհայտ է, որ ռուսական կողմը վճռել է իր քաղաքացուն չհանձնել Հայաստանին, իսկ Հայաստանի իշխանությունները այժմ փորձում են արդարացում գտնել այդ քայլերի համար:
Տաթեւիկ Լազարյան
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում