Լրահոս
Օրվա լրահոսը

«Շնորհավոր ձեր Նոր տարին, պարո՛ն Սերժ Սարգսյան, ձեր տոնածառն էլ վկա». ակտիվիստները՝ նախագահին

Հունվար 15,2015 16:42

Այսօր Բաղրամյան 26-ի մոտ «Դեմ եմ» շարժման անդամները բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով  ՀՀ իշխանություններից, որ Գյումրիի սպանությունների մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին չորոշեն արտահանձնել Ռուսաստան: Ըստ ակտիվիստների, ռուս զինվորականը պետք է պատիժը կրի անպայման ՀՀ կալանավայրում:

Ակտիվիստները բարկացած էին, որ Սերժ Սարգսյանը սուգ չի հայտարարել, ավելին, նույնիսկ հին Նոր տարին է նշել ՀՀԿ-ի երիտասարդների հետ. «Շնորհավոր ձեր Նոր տարին, պարոն Սերժ Սարգսյան, ձեր տոնածառն էլ վկա: Ես զարմանում եմ, ինչի՞ չի հայտարարվել սգի օր: Սա մեծ ողբերգություն է, այդ մարդիկ չեն մահացել ծերությունից կամ հիվանդությունից: Քնած ժամանակ 6 ամսական երեխայի են դանակահարել, գնդակահարել: Ինչի՞ սգի օր չի հայտարարվել, թող բացատրի Սերժ Սարգսյանը, թե՞ ամաչում է, որ կարող է ռուսներից մի հատ թուքումուր ստանա»,- բարձրախոսով հայտարարեցին նրանք:

Ակտիվիստներից մեկը՝ «Դեմ եմ»-ի անդամ Արմեն Աբրոյանը խոսք ուղղեց ՀՀԿ-ականներին. «ՀՀԿ-ի ամենափայլուն միտքը, որ ծագեց, անունն էլ չեմ ուզում նշել, մեկն էր, որ ասեց՝ ընդամենը միջնորդություն կարող ենք ներկայացնել, ուրիշ բան չենք կարող անել: Դա ՀՀԿ-ի ամենափայլուն մի՞տքն էր, դրանից ավելի լավ բան չէի՞ն կարողանում մտածել: Ո՞վ է պաշտպանելու իմ ընտանիքի անվտանգությունը: Երբ ես խաղաղ ցույց եմ անում, 2000 ոստիկան է հավաքվում ու ցրում են ինձ: Չեն թողնում ես  խաղաղ իմ բողոքն արտահայտեմ: Թող ամեն մի շենքի մոտ մի ոստիկան կանգնի, որ ռուս զինվորներից մեզ պաշտպանեն:

Սեւակ Ծատուրյանի խոսքերով՝ երբ 1999-ին Գյումրիում գնդակահարվեց երկու գյումրեցի հարբած ռուս զինվորների կողմից, բավարարվեցին միայն ներողությամբ: Ոչ մի պատիժ չհետեւեց դրան. «Եթե այն ժամանակ ռուս ամբողջ հրամանատարության կազմը պատասխանատվության ենթարկվեր, հիմա այսօր այս դեպքին ականատես չէինք լինի: Պետք  է պատժվի ոչ միայն ոճրագործը, այլ զորամասի, եւ ոչ միայն զորամասի, ովքեր այդ մարդասպանին ուղարկել են Հայաստան, ամբողջ կազմը: Այս անգամ չենք բավարարվելու միայն ներողություններով: Մեղավորները պետք է պատժվեն, ինչքան էլ մեր իշխանությունները թույլ են: Հաջորդ պատճառը, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ, Մհեր Սեդրակյանի այն հայտարարությունն էր, որ մենք սովոր ենք ապրել ռուսի կամ ինչ-որ մեկի լծի տակ: Եթե իշխող կուսակցության պատգամավորը այս տեսակ հայտարարություններ է անում, կարծում եմ դա  դրանց ձեռքերին ազատություն է տալիս՝ այս տեսակ ոճրագործություններ գործելու: Պահանջում ենք, որ այսուհետեւ հայ ժողովրդի անունից  ստրկամիտ հայտարարություններ չանեն: Եթե դուք ստրկամիտ եք, խոսեք միայն ձեր մասին»:

Ակտիվիստը հիշեցրեց Գեւորգ Կոստանյանի հայտարարությունը. «Գլխավոր դատախազը նշեց, որ չի կասկածում հայ իրավապահների պրոֆեսիոնալիզմի վրա: Եթե փաստերին նայում ենք, ինչ-որ մի հանցագործ ամբողջ ՀՀ իրավապահ համակարգը շրջանցելով՝ մեր երկրում հանգիստ անցել է, հասել է սահման, եւ միայն ռուս  իրավապահներն են պրոֆեսիոնալ եղել այնքան, որ  վնասազերծել են հանցագործին, հարց՝ ՀՀ քաղաքացին կարո՞ղ է վստահել ՀՀ իրավապահներին: Մենք այս ոստիկաններին կարո՞ղ ենք  վստահել: Մենք հարկեր ենք վճարում, դուք հատուկ պատրաստվում եք նրա համար, որպեսզի պաշտպանեք մեր անվտանգությունը: Իրե՞նք են մարդասպանին վնասազերծում: Կարո՞ղ է իրենց ոստիկաններին խնդրենք, գան մեզ պաշտպանեն: Մենք չենք վստահում մեր իրավապահներին, դուք այդ վստահությունը չունեք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031