Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած մի ամբողջ ընտանիքի դաժան սպանությունը, արդեն քանի օր է՝ հասարակությանը սթրեսի մեջ է պահում: Մարդիկ վախեցած դուռ -պատուհան են փակում` մտածելով իրենց հետ էլ նման դեպք կկատարվի: Նման դեպքերում «Հոգեբույժների հայկական ասոցիացիայի» նախագահ Արմեն Սողոյանը խորհուրդ է տալիս տարբեր մեթոդներով հասարակությանը ազատել սթրեսից: Ըստ նրա, նախ պետք է իրավասու անձինք հանգամանալից տեղեկատվություն տան իրավիճակի մասին, որպեսզի մարդիկ ենթադրություններով չապրեն եւ իրենք իրենց սթրեսի չենթարկեն. «Եթե կա օբյեկտիվ վտանգ, միանշանակ պետք է զգույշ լինել: Եթե մենք գիտենք՝ ինչ-որ մեկը ավտոմատով մտել է՝ կրակել է, սպանել է, իհարկե՝ կվախենան, որովհետեւ չգիտեն այդ ավտոմատը նրա մոտ է մնացել, թե մեկ ուրիշի ձեռքն է ընկել»:
Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ հանցագործը հոգեկան խանգարում ստացած լինի ծառայության ժամանակ, Արմեն Սողոյանն ասաց, որ զինակոչիկները բժշկական հանձնաժողով անցնելիս, եթե կասկածելի վարք են դրսեւորում, ապա հոգեբուժական փորձաքննության են ենթարկվում:
Ընդհանրապես Արմեն Սողոյանը խորհուրդ է տալիս սթրեսի դեմ չպայքարել, այլ` ընդամենը պետք է կարողանալ դրանք կառավարել:
Պարոն Սողոյանն ասաց, որ սթրեսի մեջ գտնվող մարդկանց, հասարակությանը շատ հեշտ է կառավարել:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ իշխանությունները միտումնավոր ժողովրդին սթրեսի մեջ կպահեն, որ նրանց հեշտ կառավարեն, մասնագետն ասաց, որ սթրեսի մեջ պահելն էլ է վտանգավոր, քանի որ եթե ժողովուրդը վերածվի ամբոխի, ապա կարող է վերահսկողությունը կորցնել:
Պարոն Սողոյանի տվյալներով, այսօր հանրապետությունում 46 հազար մարդ դիմել է ծառայություններին` այս կամ այն հոգեկան խանգարման պատճառով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ