Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազի պարզաբանումներից այդպես էլ պարզ չդարձավ, թե որտեղ ու ինչպես կպատժվի ոճրագործը (Տեսանյութ)

Հունվար 15,2015 15:59

Գյումրիում երեկ տեղի ունեցած ինքնաբուխ բողոքի ակցիայից հետո այսօր առավոտյան ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը եկել էր Գյումրի: Նա մամուլի ասուլիս տվեց՝ պարզաբանելով, թե ինչ պայմաններում, որ երկրի օրենքներով և ինչպես կպատժվի Ավետիսյանների ընտանիքին սպանած Վալերի Պերմյակովը:

Գլխավոր դատախազը ասուլիսի սկզբում տեղեկացրեց, որ ինքը Գյումրի է եկել քննչական խմբի ղեկավարի և դատախազական հսկողություն իրականացնող բոլոր պաշտոնյաների հետ, որոնք քննչական գործողություններ են իրականացնելու Գյումրու ռուսական ռազմաբազայի տարածքում գտնվող Վալերի Պերմյակովի նկատմամբ: Այնուհետ նա ասաց, որ ձեռնարկվում են նրան պատասխանատվության ենթարկելու բոլոր միջոցները՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով:

Գլխավոր դատախազը փորձեց բացատրել, որ ըստ պայմանագրի, այստեղ խոսք է գնում երկակի ենթակայության մասին, և եթե զինվորական հանցագործություն է կատարվել, այդ դեպքում, ըստ պայմանագրի, կիրառելի է ՌԴ օրենսդրությունը: «Եթե կա զինվորական հանցագործություն, անկախ ծանրության աստիճանից, մենք ունենում ենք ռուսական օրենսդրության դրույթների կիրառում: Վստահեցնում եմ, որ մեղավոր անձը, ոճրագործը պատասխանատվության է ենթարկվելու ՀՀ տարածքում, և մենք բոլորս ականատես ենք լինելու և հետևելու ենք ամբողջ ընթացքին՝ վերջինիս քրեական պատասխանատվության, այդ թվում՝ պատժի ենթարկելու ամբողջ գործընթացին: Իշխանությունները, ամբողջ իրավական համակարգը հետևողական է այս հարցում, մենք ամեն ինչ անում ենք, և մեր օրենսդրության, և մեր միջազգային իրավունքի տեսանկյունից անձը ենթարկվելու է քրեական պատասխանատվության և պատժի ՀՀ տարածքում: Սա ընդունենք որպես հայտարարություն»,- ասաց դատախազը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ո՞ր երկրի օրենսդրության համաձայն է կասկածյալը գտնվում Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի տարածքում: Դատախազը պարզաբանեց. «Որ պետության իրավապահ մարմինը ի սկզբանե վերցրեց իրավասության ներքո, նրա իրավասության տակ էլ այս պահին կգտնվի»: Լրագրողները նստած տեղից նետեցին՝ ուրեմն ՀՀ իրավապահները վատ են աշխատել, որի հետ, սակայն, չհամաձայնեց դատախազը:

Թե որտե՞ղ է դատվելու ոճրագործը, դատախազն ասաց, որ իրենք հարուցել են քրեական գործ, քրեական դատավարությունը կիրականացվի Հայաստանում, և բոլորն ականատես կլինեն: Իսկ թե որտեղ կկրի պատիժը՝ Հայաստանո՞ւմ, թե՞ ՌԴ-ում, ըստ դատախազի, վաղ է քննարկել, քանի որ դա այլ գործընթաց է, այլ միջազգային իրավական փաստաթղթերով է կարգավորվում, և ըստ այդ փաստաթղթերի՝ քննարկման առարկա կդառնա. պատիժ կկրի քաղաքացիությա՞ն երկրում, թե՞ այնտեղ, որտեղ դատապարտվել է: Ըստ դատախազի, ամենակարևորն այն է, որ մեղավոր անձը Հայաստանի Հանրապետության տարածքում պետք է արդարադատության առջեւ կանգնի:

Լրագրողները հետաքրքրվեցին նաև, թե ինչպե՞ս է դատախազը մեկնաբանում այն փաստը, որ ՌԴ քրեական օրենսգրքով ևս վերջինիս մեղադրանք է առաջադրվել սպանության համար: Դատախազն ասաց, որ չի կարող սա մեկնաբանել, սակայն փաստն այն է, որ բոլոր իրեղեն ապացույցները հայ իրավապահների ձեռքի տակ են:

Այն հարցին էլ՝ եթե ՌԴ իրավապահներն արդեն իսկ կալանավորել են, եթե այսօր հայերն էլ որոշեն կալանավորելու, ինչպես է կարգավորվելու այս հարցը, դատախազը պատասխանեց. «Եթե այդ որոշումը կայացնեն, նոր կքննարկենք»:

Իսկ ոճրագործին ՀՀ-ին հանձնելու հետ կապված, դատախազն ասաց . «Հանձնելու հարց չկա, քանի որ ինքը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում ռուսական իրավապահ մարմինների իրավազորության ներքո, բայց և միաժամանակ մենք են իրականացնում մեր իրավազորության հարցը, դրա համար հանձնելու հարցը չի քննարկվի: Հանձնելու հարցը ակտուալ չէ այս պահին, մենք չգիտենք՝ քննության ինչ փուլի կհասնենք, նոր կքննարկենք»:

Մանրամասները տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031