«Պատիժը՝ Հայաստանում»,- այսօր նախագահականի մոտ այսպիսի կոչերով «Դեմ եմ» շարժման անդամները պահանջում էին ՀՀ իշխանություններից, որ ուժ գտնեն իրենց մեջ եւ պահանջեն, որ Վալերի Պերմյակովը, որը մեղադրվում է Գյումրիի ընտանիքի սպանությունների մեջ, անպայման պատիժը կրի Հայաստանում:
Ակտիվիստները ցուցապաստառներ էին բերել՝ «Ամաչում եմ ՌԴ սահմանադրությանը ենթարկվող դատախազ ունենալու համար», «Էս մորթոցիից հետո կարգը ժողովուրդն է տնօրինում» եւ այլ կոչերով:
Ակտիվիստ Արսեն Մանուկյանի խոսքերով՝ «Մենք պետք է հասկանանք, ինչու հանկարծ կարող է ռուսական ռազմաբազայից ինչ-որ մեկը դուրս գա ժամը 6-ին ջուր խմելու համար ու սպանի մի ամբողջ հայ ընտանիքի: Իմ համոզմամբ, դրա համար կան խորը նախադրյալներ: Առաջին նախադրյալը իշխանությունների վարած քաղաքականությունն է: Իշխանություններն իրենց պահում են՝ որպես ռուսի հպատակ: Իշխանությունները չեն փորձում պաշտպանել հայ քաղաքացու շահերը, երբ որ խոսք է գնում ՌԴ-ի մասին: Իշխանությունները մատնված են անգործության: Չեն պաշտպանում հայ քաղաքացու իրավունքները գոնե Հայաստանի տարածքում»:
Ակտիվիստներն ասում էին, որ Հունգարիայի դեսպանատան աշխատակիցներին դուրս վռնդեցին այստեղից այն պատճառով, որ Սաֆարովին հանձնեցին Ադրբեջանին. «Եթե ռուս ստահակը հանձնվի ՌԴ-ին, նույն տրամաբանությամբ պետք է իշխանությունները հրաժարական տան, քանի որ նրանք չեն կարողանում մեր շահերը պաշտպանել նույնիսկ մեր հանրապետության տարածքում: Դատախազի ինչ-որ բառախաղերը ոչ մի արժեք չունեն այս պահին: Մարդիկ իրենց պահանջը կհամարեն բավարարված, երբ ռուս մարդասպանն իր պատիժը կկրի ՀՀ-ում, ՀՀ բերդերում»:
Կարդացեք նաև
Նրանք հիշեցրին, որ 1999-ին նմանատիպ դեպք եղավ, եւ ոչ ոք այս նույն իշխանություններից որեւէ քայլ չարեց, որ դա չկրկնվի, որ ոճրագործները, ինչպես հարկն է, իրենց պատիժը կրեին. «Դուք մեր տարածքում չեք կարողանում ռուսի տված հրամաններին չենթարկվել: Մեզ ի՞նչ հեքիաթներ եք պատմում, թե հետեւողական եք լինելու: Դուք այդքան վստահություն չունեք ժողովրդի կողմից: Դուք այդքան չկաք, այդքան դիրք չունեք, որ Ռուսաստանում խառնվեք որեւէ քրգործի, ո՞ւմ եք խաբում: Ո՞վ է երաշխավորը, որ մեկ ամիս հետո մեկ ուրիշ ռուս ստահակ ժամը 6-ին չի գա ջուր խմելու, ոչ ոք: Դուք չեք կարողանում երաշխավորել ՀՀ-ում իր տանը հանգիստ քնած մարդու պաշտպանությունը: Ինչպե՞ս պատահեց, որ ռուս ստահակը հայտնվեց ռուսների ձեռքում եւ տեղափոխվեց ռազմաբազա: Ոստիկանությունը կարողանում է ցրել միայն խաղաղ ցույցեր: Սա ամոթանք է բոլորին, որ մինչ այժմ այսպիսի հանդուրժողականություն ենք ցուցաբերել: Եթե գոնե մի քիչ մնացել է արժանապատվություն, պետք է պահանջել, որ ոճրագործն իր պատիժը կրի ՀՀ-ում: Ինչպե՞ս եք պաշտպանելու դուք մեզ: Թքած ունենք ձեր՝ նման պաշտպանության վրա, եթե ջուր խմելու պատրվակով պետք է մեզ սպանեն: 2 տարեկան երեխայի հուղարկավորություն է, ո՞վ է դրա համար պատասխան տալու: Թքած ունենք ձեր բոլոր հումանիստական հասկացությունների վրա: Ինչի՞ պետք է գա ուրիշ ազգի զինվորը եւ այստեղ սպանի իմ հայրենակցի 2 տարեկան երեխային, ինչի՞ պետք է դանակահարի 6 ամսական երեխայի: Չեք կարողանում պաշտպանել, խզեք ձեր հարաբերությունները, ինձ չի՛ հետաքրքրում: Պաշտպանեք մեր քաղաքացիներին գոնե մեր տարածքում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ