Լրահոս
Օրվա լրահոսը

Ակտիվիստները՝ Կոստանյանին. «Մտքներովդ չանցնի Պերմյակովին արտահանձնման հարց բարձրացնեք» (Ֆոտոշարք եւ տեսանյութ)

Հունվար 15,2015 14:48

Քիչ առաջ Բաղրամյան 26-ի առջեւ «Դեմ եմ» շարժման անդամները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ Ավետիսյանների մարդասպանության մեջ մեղադրվող ռուս զինվորական Պերմյակովին ՀՀ-ում դատելու պահանջով:

Ակցիայի մասնակիցները նախ 1 րոպե լռությամբ հարգեցին Ավետիսյանների հիշատակը, քանի որ այսօր նրանց հուղարկավորությունն է: Հետո շնորհավորեցին Սերժ Սարգսյանի Նոր տարին, քանի որ մամուլից տեղեկացել էին, որ Սերժ Սարգսյանը, փոխանակ սուգ հայտարարելու, ՀՀԿ-ի երիտասարդների հետ հին Նոր տարին է նշել ու քեֆ արել:

Նախաձեռնության անդամ, ակտիվիստ Դավիթ Մանուկյանի խոսքերով՝ «Նախագահական նստավայրի դիմաց վեր է խոյանում տոնածառը, չնայած վերջին իրադարձություներին: Մենք ունենք արդար պահանջ՝ հանձնել հանցագործին ՀՀ իրավապահ մարմիններին, որ այդ մարդակերպ չարորակ գոյացությունն իր պատիժը կրի ՀՀ-ում»:

Ակտիվիստներին վրդովվեցրել էր գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ասուլիսը, նրա բառախաղերը. «Եթե պիտի նախաքննությունն այստեղ ընթանա, հետո տանեն Ռուսաստան, մեզ դա պետք չէ: Ես ինչպե՞ս եմ հետեւելու՝ նա ՌԴ-ում որտե՞ղ է պատիժը կրում՝ Սոչիո՞ւմ է հանգստանում, հոգեբուժարանո՞ւմ, թե՞ կալանավայրում է: Ինչ-որ մեկը դա վերահսկելո՞ւ է»:

PrevPhoto
NextPhoto

Հարցին՝ ի՞նչը ձեզ չի բավարարում, երբ դատախազն ասել է, որ Պերմյակովը պատիժը պիտի կրի ՀՀ-ում՝ Դավիթ Մանուկյանը հակադարձեց. «Դատախազը նման բան չի ասել, նա ասում է, որ արդարադատության առաջ կկանգնի ՀՀ-ում, բայց թե արդյոք պատիժը կկրի՞ ՀՀ-ում, նա ասաց, որ դա այլ ընթացակարգ է, չեմ կարծում, որ դա սկզբունքային է: Խնդիրը սրանում է՝ դա հենց սկզբունքային է, պարոն գլխավոր դատախազ: Երեւի դուք չեք հասկանում մարդիկ ինչ են ձեզանից պահանջում եւ ինչի են հավաքված: Մտքներովդ չանցնի արտահանձնման հարց բարձրացնեք ձեր այսպես կոչված ռուս գործընկերների հետ: Չնայած դուք նրա համար գործընկեր էլ չեք: Մենք այսօր չենք նախատեսում գնալ եւ Բաղրամյան 26-ը գրավել, ակցիայի իմաստն այն է, որ Գյումրին պետք է տեսնի՝ կապ չունի մենք քանի հոգով ենք՝ 50, 100 ենք, բայց Երեւանն էլ է Գյումրիի հետ: Հուսամ բոլոր քաղաքներն էլ ոտքի կկանգնեն, որ ի դեմս Ավետիսյանների, ողջ հայ ազգի արժանապատվությունը պահենք: Եթե անգամ ոչինչ մեզ չհաջողվի, ես եկել եմ, որ տեսնեմ, որ այս երկրում ոչ «սոխ» մի քանի հոգի կան, որ պուտինկաներ չեն եւ Կրեմլի հպատակները չեն»:

Ակցիայի մասնակիցները կոչ արեցին իրենց հավաքը ռուսատյացության չվերածել. «Ռուս ազգի դեմ ոչինչ չկա: Ինչ կա՝ ռուսական քաղաքականության եւ մեր անողնաշար իշխանությունների քաղաքականության դեմ է: Մեր պահանջը մեր իշխանություններից է, մենք պահանջ չունենք ռուսական դեսպանատնից, օտարից»,- ասաց Դավիթ Մանուկյանը:

Ըստ նրա, ՀՀ իշխանությունները միշտ էլ հնազանդվել են Կրեմլին. «Մենք արդեն դրան սովորել ենք, բայց ամեն ինչին չափ ու սահման կա: Այստեղ արդեն ազգային արժանապատվության հարց է: Եկել է պահը, որ այս ստրկացումից պիտի դուրս գալ: Հայ ժողովուրդը ստրուկ չի: Չնայած իշխանավոր որոշ պատգամավորներ այդ մտածելակերպն ունեն, որ սովոր ենք ինչ-որ ազգի լծի տակ ապրել, գուցե իրենք իրենց ընտանիքներով սովոր են, բայց այս ազգը, մենք դրան սովոր չենք ու չենք էլ սովորելու:

Մեր հարցին՝ այսօրվա հավաքով նախագահականի մոտ ուզում եք ասել, որ Սերժ Սարգսյանը պետք է երկու ոտքը մի կոշիկի մեջ դնի եւ պահանջի, որ մարդասպանին այստե՞ղ դատեն՝ նա պատասխանեց. «Ընդամենը Սերժ Սարգսյանը պետք է իրեն պահի՝ ինչպես սուվերեն երկրի ղեկավար: Մինչ օրս նա այդպես չի անում: Որեւէ տպավորություն չկա, որ սա սուվերեն երկիր է»:

Ըստ ակցիայի մասնակիցների, իրենց համար տարբերություն չկա Սաֆարովի եւ այս մարդասպանի միջեւ. «Վալերիկ է, ինչ է, կապ չունի: Եվ երբ մենք այն ժամանակ Հունգարիայի դեսպանատան վրա ձվեր էինք նետում, ինչին սատարում էինք, հիմա ինչի՞ նույնը չեք անում: Այն ժամանակ դուք պահանջում էիք, որ Հունգարիան չհանձնի Սաֆարովին Ադրբեջանին, որը քնած ժամանակ կացնահարեց մեր սպային: Հիմա էլ քնած ժամանակ սպանել են մեր քաղաքացիներին՝ մեր տարածքում: Ինչո՞ւ չեք պահանջում նույն ձեւով, որ այդ ոճրագործը մնա այստեղ: Ո՞ւր եք դուք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031