Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Բարսեղյան.«Մեղադրյալը պիտի փոխանցվի մեր իրավապահ համակարգին, կալանքի որոշումը մերոնք պիտի կայացնեն» (Տեսանյութ)

Հունվար 15,2015 14:20

«Հայելի» ակումբում այսօր Գյումրու ողբերգությանն ու երեկվա բողոքի ցույցին անդրադարձան «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը եւ քաղաքագետ, նախկին ԱԺ պատգամավոր Ստեփան Սաֆարյանը:

Գլխավոր հարցադրումներից մեկն այն է, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անձին սպանած եւ մանկահասակ երեխայի սպանության փորձի համար մեղադրվող ռուս զինվորականին չեն փոխանցում Հայաստանի Հանրապետության իրավապահներին: Այդ կապակցությամբ, երեկ 24 ժամ է տրվել դատախազությանը, որպեսզի մեր իրավապահները ռուս զինվորականին վերցնեն իրենց հսկողության տակ:

Լեւոն Բարսեղյանն ասաց. «Դա իմ, գյումրեցիների, հայաստանյան հարյուր հազարավոր մարդկանց պահանջն է: Այսօր առավոտյան, ընդամենը քսան րոպե առաջ լսեցի ռուսական սահմանադրության լոբբիստ Կոստանյանի մեկնաբանությունները, որոնք ինքն արել է Գյումրիում: Սկսում է պատմել, որ հայ իրավապահները հսկողություն ունեն, բոլոր պրոցեսներին մասնակցում են, տեղյակ են, ակնհայտորեն, դա մեր ու հանրության պահանջի կատարումը չէ որեւէ կերպ: Ինչ-որ հեքիաթային տեքստեր պետք չեն, կարիք չկա, որ իրենք տեքստեր գրողներ պահեն, մամուլի քարտուղար, կփորձեն նման տեքստերով մեզ կշտացնել, էդ ժամանակներն անցել են»:

Լ.Բարսեղյանն ասաց, որ մեղադրանք են առաջադրել, ուրեմն մեղադրյալը պետք է փոխանցվի մեր իրավապահներին:

«Ինչպես գիտեք, ռուսական կողմն է ներկայացրել մեղադրանքը: Մերոնք պիտի ներկայացնեն, կալանքի որոշումը մերոնք պիտի կայացնեն, մեր կալանատանը պիտի պահվի, դատաքննությունը մերոնք պիտի իրականացնեն, որպես գլխավոր որոշում կայացնող: Ռուսներն էլ թող օգտակար լինեն, ինչպես կարող են»,- ասաց Լ. Բարսեղյանը:

Բանախոսն անդրադառնալով իրենց պահանջներին՝ հավելեց, որ ոճրագործը պիտի դատվի Հայաստանի Հանրապետության դատարանում, պատիժը պիտի կրի Հայաստանում: Ի դեպ, երեկվա հավաքին այս պահանջներն են առաջարկվել, իսկ այսօր գլխավոր դատախազի բացատրությունները, ըստ Լ. Բարսեղյանի՝ «նման չեն այդ պահանջներից որեւէ մեկի կատարմանը»:

Լ. Բարսեղյանը տեղեկացրեց, որ այսօր ժամը 5-ին Շիրակի մարզի դատախազի հետ երկար քննարկումներից հետո հանրությունը հավաքվելու է դատախազության շենքի առաջ, իր պահանջի կատարման մասին լուր ստանալու համար:

«Եթե իր պահանջի կատարման մասին լուրը չստանա, հետեւանքները որեւէ մեկը չի կարող կռահել: Որեւէ սցենար, գծագիր չկա, փակ ծրար, որեւէ ցուցարար չունի, որ բացի, այդ ու այս ծրարով առաջնորդվի»,- շարունակեց նա:

Նա նաեւ տեղեկացրեց, որ շփվել է հազարավոր մարդկանց հետ, որոնք զայրացած են, բորբոքված, որոնք մի քանի օր զսպել են իրենց, սակայն ամենատարբեր սցենարներ էին ասում, ինչը սադրանքի չնմանվելու համար Լ. Բարսեղյանը չներկայացրեց. «Ինչ տեղի ունենա ժամը 5-ից հետո, ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է Հայաստանի իշխանությունների վրա, Գեւորգ Կոստանյանի»:

Իշխանությունները սգո օր անգամ չեն հայտարարել, ինչը, ըստ բանախոսի, գիտակցություն անգամ չունեցան. «գլխի չի ընկել այդ մարդը, որ սուգ պիտի հայտարարեր»:

Երեկ անգամ ռուսական ռազմաբազա գնալու կոչեր են եղել, ոչ թե գրոհելու համար, այլ բողոքելու, ինչից հետո դատախազը եկել է այնտեղ:

Aravot.am-ի հարցին, թե այսօր ունենք երկու քրեական գործ, ըստ ռուսական կողմի՝ դասալքության եւ սահմանը հատելու փորձի, եւ ՀՀ քննչական կոմիտեում էլ մեղադրանք է առաջադրվել վեց մարդկանց սպանության եւ մեկի սպանության փորձի համար, արդյոք, իրավապաշտպան կառույցները կներկայացնե՞ն Ավետիսյաններին՝ որպես տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ: Քայլեր արվե՞լ են այդ ուղղությամբ էլ; Ով է ներկայացնելու Ավետիսյաններին:

Լ.Բարսեղյանը պատասխանեց. «Առայժմ տեղյակ չեմ, առայժմ այդ մասին քննարկումներ չեն եղել: Վստահ եմ, որ Հայաստանի հասարակական իրավապաշտպան դաշտն իր փորձագետներով , մասնագետներով պատրաստ են օժանդակել, եթե դրա կարիքը լինի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031