«Հայազն» կուսակցության անդամ Արմեն Աղայանն այսօր «Երկու երես» մամուլի ակումբում անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած 6 հոգանոց ընտանիքի դաժան սպանության դեպքին, կարծիք հայտնեց, որ այն առիթ դարձավ, որ սկսեն խոսել ռուսական ռազմաբազայի եւ Հայաստանի անվտանգության եւ պաշտպանության մասին. «Արդյոք այդ ռազմաբազան օգտակար տարր պարունակո՞ւմ է, թե՞ ոչ»։
Արմեն Աղայանի խոսքով՝ դեպքն առիթ է վերաիմաստավորելու այդ ռազմաբազայի իմաստը եւ նպատակը։ Նրա խոսքով՝ կան հարցեր, որոնք կապ չունեն այդ զինվորի կատարած «խայտառակ» հանցագործության հետ. «Այդ խայտառակ հանցագործության հետ կապ ունի մեկ խնդիր, թե ինչո՞ւ է այդ զինվորականն այս պահին գտնվում ռուսների մոտ, որքանո՞վ է հիմնավոր նրանց պնդումը, թե իրենք իրավունք ունեն չհանձնելու. այն տպավորությունն է, որ հայկական կողմն արդեն համաձայնել է»։
Արմեն Աղայանը հետաքրքրվում է, եթե սահմանին լինի թուրքական կողմից սպառնալիք, ապա հա՞յ, թե՞ ռուս զինվորն ավելի լավ կպաշտպանի այդ սահմանը. «Ռուս զինվորի համար մեկ էր այդ ընտանիքը…շուն կլիներ, կատու, թե ինչ։ Իր համար մեկ է, ինքը չգիտի, թե որտեղ է։ Պատկերացնել, որ ոչ միայն այդ հանցագործը, այլ մեկ ուրիշը եկել է Հայաստան՝ պաշտպանելու ինչ-որ մարդկանց, որոնց հետ ինքը հոգեւոր կապի մեջ չէ՝ դժվար է։ Արդյոք այդ ռուս զինվորները պատրա՞ստ են սահմանը պահել»։
Պրն Աղայանի ներկայացմամբ՝ անփույթ վերաբերմունքն այդ տարածքի նկատմամբ կա. «Մեզ անտարբեր զինվորներ պետք չեն։ Մեզ թվում է, որ եթե ինչ-որ ռուսական դրոշակ է ցցված այդ ռազմաբազայի մոտ, ուրեմն վերջ, մենք պաշտպանված ենք»։
Կարդացեք նաև
Կուսակցության մեկ այլ անդամ՝ Արմեն Հովհաննիսյանն ասուլիսում նշեց, որ միշտ ասել են, որ Հայաստանը պետք է լինի ինքնիշխան պետություն եւ պետք է պաշտպանվի իր սեփական բանակի կողմից. «Քանի որ մենք Հայաստանի ինքնիշխանության կողմնակիցն ենք, բնական է, որ ցանկացած հանցանք, որ կատարվում է Հայաստանում, դրա քննությունը պետք է կազմակերպի Հայաստանի ինքնիշխան համակարգը»։
Անդրադառնալով գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի՝ երեկ կատարած այն հայտարարությանը , որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ դա տեխնիկական խնդիր է եւ քաղաքական որոշում չի եղել. «Փորձագիտական հարցեր կան, պետք է դեպքի վայրը ուսումնասիրել, դրա համար էլ գործի քննությունը իրականացվելու է Հայաստանի տարածքում։ Այսինքն՝ տեխնիկական խնդիրը մեզ վրա ուզում են վաճառել որպես քաղաքական բարյացակամության տարր։ Եվ եթե իշխանությունը դա ընդունում է, ապա մեր ազգային ինքնիշխանությունը իրեն պաշտպանելու կամք չունի»։
Արմեն Աղայանն էլ վստահ է, որ դատախազի հայտարարության մեջ հստակ երեւում էր, որ Հայաստանը չպետք է իրականացնի քննությունը. «Խոսքը գնում է ուղղակի դրա աշխարհագրական կողմի մասին, որը ցավալի փաստ է»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ