Լրահոս
Օրվա լրահոսը

Պերմյակովի գործը ի վերջո ո՞ր օրենսդրությամբ է քննվելու. հասարակական լուրջ ցնցումներ են սպասվում

Հունվար 15,2015 13:41

«Հասարակական լուրջ դժգոհություններ են լինելու, դրանք ուր ասես կարող են հասնել: Կարող են և շատ հեռու գնացող հետևանքներ ունենալ»,-Aravot.am-ի հարցին` հնարավո՞ր են հասարակական-քաղաքական լուրջ ցնցումներ, հատկապես ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հայտարարություններից հետո, այսպիսի կարծիք հայտնեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Հիշեցնենք, որ երեկ Գյումրիում ցուցարարները 22 ժամ` մինչև այսօր ժամը 17.00-ն վերջնաժամկետ տվեցին դատախազությանը՝ խոստանալով կրկին հավաքվել ու, կախված դատախազության պատասխանից, որոշել իրենց հետագա քայլերը։

Երեկ ուշ երեկոյան ՀՀ գլխավոր դատախազը հայտարարեց,  թե «հանցագործը պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում»:

Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Գյումրիում հայտարարեց, թե «Գյումրիի գործում ՀՀ օրենսդրության բացարձակ կիրառում լինել չի կարող»:

Ասվածի առնչությամբ ենթադրություններ են արվում այն մասին, որ գործը քննվելու է Գյումրիում` ՌԴ կայազորային դատարանը, իսկ գործը վարելու է ՌԴ քննչական կոմիտեի կայազորային 517-րդ քննչական մարմինը: Սակայն սա ամենևին էլ հասարակության պահանջը չէ:

Այս տեսանկյունից ըստ Ռուբեն Մեհրաբյանի` այսօր դեպքերի ընթացքը ուր և ինչի ասես կարող է հանգեցնել:

Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին, պարոն Մեհրաբյանն ասաց. «Ամեն ինչ հնարավոր է, քանի որ սա ուղղակի նշանակում է, որ հայ հասարակությանը հասցվում է խորագույն վիրավորանք, որը կարող է ունենալ հեռու գնացող հետևանք»:

Ռուբեն Մեհրաբյանը նկատում է, որ ՀՀ-ՌԴ հարաբերությունները կարծես թե բոլոր ոլորտներում են տապալվում ու մեկնաբանում. «ՌԴ-ի հետ ունեցած կապերում քաղաքական կապերը վարկաբեկում են մեզ, տնտեսական կապերը հանգեցնում են վնասների, անվտանգության հարցով հարաբերությունները բերում են նրան, որ վտանգը գալիս հասնում է արդեն մեր ննջարաններ: Այդ աղբը պետք է վերացնել ՀՀ տարածքից: Սա վարակ է, և մեր պետությունը պետք է վարակազերծել, հակառակ դեպքում մենք բոլորս կվերանանք. սա շատերն են արդեն սկսել հասկանալ»:

Դառնալով ՀՀ գլխավոր դատախազի հայտարարություններին` պարոն Մեհրաբյանը դրանք «չի համարում պաշտոնական հայտարարություն» ու նշում. «Դրանք ես համարում եմ փսիխոթերապիայի սեանսի ոչ հաջող փորձ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031