Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյան. «Կատարվածը ամենեւին պետք չէ կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ». «Հայոց աշխարհ»

Հունվար 15,2015 12:46

Հարցազրույց պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

   -Գյումրիում կատարված ոճրագործությունը ցնցել է հայ հասարակությանն ու տարբեր ընկալումների տեղիք  տվել: Որպես զինվորական՝ ձեր գնահատականը:

-Մարդկային տրամաբանության տեսանկյունից՝ կատարված ոճրագործությունը որեւէ մեկնաբանություն չունի, այդ վիժվածքի կատարածն անբացատրելի է: Մեր առաջ մարդ չի կանգնած…

Դեպքն այնքան արտառոց է, որ թույլ է տալիս մարդկանց տարբեր վարկածներ շրջանառել: Բացի դրանից, իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր կարող են, օգտվելով այս ցավալի իրավիճակից, շեշտադրումը տանել հայ-ռուսական հարաբերությունների դաշտ՝ սեպ խրելու, հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ բորբոքելու նպատակով:

Բայց դա սխալ մոտեցում է, կատարվածը ամենեւին պետք չէ կապել հայ-ռուսական հարաբերությունների հետ, այն քրեական հանցագործություն է: 13 ժամվա ընթացքում ռուս սահմանապահները հայտնաբերեցին վիժվածքին, իսկ մեկ օրում, այն էլ՝ ձմռանը, հայտնաբերելը հեշտ գործ չէ: Ե՛վ այս օպերատիվությունը, ե՛ւ ռուսական կողմից ամենաբարձր մակարդակներից հնչող հայտարարությունները, որ խստագույնս կպատժվի այդ զինվորը, փաստում են, որ Ռուսաստանը լիովին գիտակցում է դեպքի լրջությունը:

Կապի մեջ են երկու երկրների դատախազները, ԱԳ նախարարները, պաշտպանության նախարարները: Այսօր Հայաստանում է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի նախկին հրամանատարը, որը ներկայումս ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալն է, եւ ինքն էլ ղեկավարում է ծառայողական քննությունը: Ասելիքս այն է, որ Ռուսաստանի պաշտոնյաները լրջորեն անհանգստացած են կատարվածով:

-Իսկ հայ հանրության պահանջը հետեւյալն է՝ հայ ընտանիքի սպանության մեջ կասկածվողը պետք է հանձնվի Հայաստանի իրավապահ մարմիններին, դատավարությունը պե՛տք է ընթանա Հայաստանում: Սա նաեւ շատ կարեւոր քայլ է վստահության առումով: Սակայն մեր այս պահանջի առաջ դրվում է ՌԴ սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետը, թե հանցագործության կատարման մեջ կասկածվող ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության:

-Ի դեպ, ասեմ, որ ԱՄՆ օրենսդրությամբ եւս արգելված է սեփական զինվորի հանձնումը այլ պետության. անկախ նրանից, թե ինչ հանցանք է կատարել այդ զինվորը, դատավարությունը իրականացվում է ԱՄՆ-ում:

Դառնալով Գյումրիի դեպքին՝ ասեմ, որ մարդասպանը կատարել է երկու հանցագործություն. լքել է զորամասը եւ սպանել 6 մարդու: Սա նշանակում է, որ երկու ուղղությամբ է ընթանալու հետաքննությունը: Զորամասը լքելու հարցն առնչվում է Ռուսաստանին ու ռուսական ռազմակայանին, եւ նրանց կողմից կքննվի: Մինչդեռ սպանությունը տեղի է ունեցել ռազմակայանից դուրս, Հայաստանի տարածքում, հետեւաբար պետք է գտնվի ՀՀ իրավապահների ուշադրության կենտրոնում:

Եվ ես կարծում եմ, երկու կողմերը անպայմանորեն կգտնեն նպատակահարմար լուծում, քանի որ գործի բացահայտման հարցում կա երկկողմ մեծ շահագրգռություն: Կարող է ստեղծվել համատեղ քննչական խումբ, որն էլ ամբողջականորեն կուսումնասիրի հանցագործությունը:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարինե says:

    Ամոթ, ուրիշ ոչինչ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031