Դրամի արժեզրկման կամ արժեւորման սպասումները տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ռուբլու գոտու հետ է կապում՝ հաշվի առնելով, որ մասնավոր տրանսֆերտների հիմնական մասը ՌԴ-ից է:
«Ռուբլու ցանկացած վայրիվերում իր արտացոլումն է ստանում Հայաստանում: Հայաստանը, որ զերծ մնար այդ վայրիվերումներից, պետք է ունենայինք մեր սեփական տնտեսությունը, որտեղ աշխատատեղեր ու ներդրումներ, եկամուտներ լինեին: Այս առումով, ունենք ընդգծված խոցելիություն, եւ հիմա կանխատեսումներ անել՝ դրամը կարժեւորվի, թե՞՝ ոչ, անիմաստ է: Դրամի վիճակը կլինի այնպես, ինչ կլինի ռուբլու հետ»,- այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց տնտեսագետը:
Հետո, անդրադառնալով բանկերի խոշորացման հեռանկարին, ասաց՝ եթե պետությունը կարողանա բանկերում կուտակված ռեսուրսները տեղաբաշխել ռացիոնալ, բնականաբար, բանկերի խոշորացումը չի ունենա բացասական ազդեցություն. «Մենք պետք է կարողանանք ռեսուրսները տեղափոխել տնտեսության զարգացող ոլորտներ… Նվազագույնը յոթ բանկ պետք է օտարել:
Բանկային համակարգն ինքնանպատակ ինստիտուտ չէ, պետք է նպաստի երկրի տնտեսության զարգացմանը, եթե ոչ այդ ինստիտուտը հօդս է ցնդում»:
Կարդացեք նաև
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ հարցին ի պատասխան էլ Վարդան Բոստանջյանը կրկնեց՝ Հայաստանի նման փոքր պետությունները առանց որեւէ միության անդամակցելու չէին կարող առանձին իրենց խնդիրները լուծել. «Եկեք չշտապենք ու ասենք` ԵՏՄ-ում գտնվելը լա՞վ է, թե՞ վատ է:
Հայաստանն ինչ պետական ու մեր երկրին վերաբերող շահեր կարող է պաշտպանել, լրիվ մեկուսացված պայմաններում ամեն ինչ բացառված է, բայց այս միությունը գտնվելու պարագայում բերում է հավանականություն, որ մենք տվյալ տիրույթում կարող ենք ունենալ հաջողություններ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ