Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբան Կարեն Մեժլումյանի նկատառումները՝ Պերմյակովի գործի քննության վերաբերյալ

Հունվար 15,2015 11:48

Երեքշաբթի օրը ՀՀ գլխավոր դատախազությունը Գյումրիում կատարված սպանդի մեջ կասկածվող եւ իր մեղքն ընդունած Գյումրիում գտնվող 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի՝ ռուսական եւ ոչ հայ իրավապահներին հանձնելու մասին հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր. «ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները: Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է և գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության՝ նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետևաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում, նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի, ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»: ՀՀ գլխավոր դատախազությունը ընդգծել էր նաեւ, որ համանման արգելք է սահմանված նաև ՀՀ Սահմանադրությամբ, որի գործողության պայմաններում ՀՀ որևէ քաղաքացի երբևէ չի հանձնվել այլ պետության:

Փաստաբան Կարեն Մեժլումյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ ի՞նչ կապ ունի ՀՀ գլխավոր դատախազության հետ ՌԴ սահմանադրությունը, ինչո՞ւ մենք չենք առաջնորդվում մեր երկրի օրենքներով: Կա՞ն որեւէ հիմքեր՝ դրա համար:

Ներկայացնում ենք Կարեն Մեժլումյանի ընդարձակ եւ համապարփակ դիտարկումները այս կապակցությամբ.

«Նախ փաստենք, որ ՀՀ տարածքում ՀՀ Սահմանադրությունն է գործում, ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող օրենքները և միջազգային պայմանագրերը: ՌԴ Սահմանադրությունը ՀՀ տարածքում չի գործում և մեր իրավապահ մարմինները, այդ թվում դատախազությունը իրենց գործողությունները պետք է համապատասխանեցնեն մեր Սահմանադրությանը, օրենքներին և միջազգային պայմանագրերին կամ համաձայնագրերին, այլ ոչ թե մի երրորդ երկրի, որքան էլ այդ երկիրը լինի եղբայրական:

Չեմ կարծում, որ որևէ ողջախոհ անձ իրեն թույլ կտա պնդել, որ Գյումրին ՀՀ տարածքը չէ, ուստի փաստենք, որ հանցանքը` երկու և ավելի անձանց առանձին դաժանությամբ սպանությունը (ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մաս) կատարվել է ՀՀ տարածքում:

ՀՀ Սահմանադրության 15 հոդվածի, այլև Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 2 հոդվածի համաձայն` Յուրաքանչյուր ոք ունի կյանքի իրավունք, իսկ Սահմանադրության 11.3.  հոդվածի համաձայն` ՀՀ քաղաքացիները ՀՀ տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվում են ՀՀ պաշտպանության ներքո:

ՀՀ քրեական օրենսգրքի 14 հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում հանցանք կատարած անձը ենթակա է պատասխանատվության ՀՀ քրեական օրենսգրքով, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն` ՀՀ տարածքում, անկախ հանցանքի կատարման վայրից, քրեական գործերով վարույթն իրականացվում է սույն օրենսգրքի դրույթներին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան սահմանված չէ:

Նշված սահմանադրական և կոնվենցիոն նորմերի ու օրենքների համաձայն ՀՀ-ն պարտավոր է իր տարածքում  պատշաճ քննություն կատարել, տվյալ դեպքում իր քաղաքացիների սպանության գործով, ինչը նշանակում է, որ գործի նախաքննությունն ու դատաքննությունը պետք է իրականացնեն ՀՀ քննչական կոմիտեն ու ՀՀ դատարանները, այդ կապակցությամբ լուծեն խափանման միջոցի հարցը, կատարեն քննչական գործողություններ, հարցաքննեն կասկածյալին/մեղադրյալին, եթե անգամ հանցագործը ՌԴ քաղաքացի է և այս պահին գտնվում է ՀՀ-ում ռուսական զորամասում, որը նույնպես ՀՀ տարածքն է:

Այս առումով գտնում եմ, որ պետք է պահանջել, որպեսզի մեղադրյալը ռուսական բազայից հանձնվի վարույթն իրականացնող ՀՀ իրավապահ մարմիններին մարմին:

Որպես նման պահանջ չներկայացնելու պատճառ դատախազությունը վկայակոչում է ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածը, ըստ որի ՌԴ քաղաքացիները չեն կարող հանձնվել այլ պետության:

Մեղադրյալը, սակայն, գտնվում է ՀՀ-ում, որտեղ ՌԴ Սահմանադրությունը չի գործում, ուստի պահանջը ամեն դեպքում պետք է ներկայացվի, իսկ թե ՀՀ-ում գտնվող ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը մեր իրավապահներին կհանձնի ՀՀ-ում գտնվող մեղադրյալին, թե ոչ, և թե չհանձնումն ինչպես կպատճառաբանի, սա հարցի երկրորդ կողմն է, որին նույնպես կանդրադառնանք:

Գյումրում գտնվող ռուսական ռազմական բազայի վերաբերյալ գործում են ՌԴ-ի և ՀՀ-ի միջև կնքված` ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մասին պայմանագիրն ու ՀՀ տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագիրը, որի դրույթները կիրառելի են այս դեպքում, ՀՀ օրենսդրության հետ համատեղ:

Նշված իրավական փաստաթղթերի համաձայն ռազմաբազայից դուրս կատարված այն հանցագործությունը, որը կատարվել է ՌԴ քաղաքացի զինծառայողի կողմից, ենթակա է քննության ՀՀ իրավապահ մարմինների կողմից:

Համաձայնագրի ոգին այն է, որ եթե մի քանի հանցագործություն է կատարվել, որոնց մեջ կան և ՀՀ իրավապահ մարմիններին ենթակա և ՌԴ իրավապահ մարմիններին ենթակա, ապա պետք է առաջնությունը տրվի ՀՀ-ում գործի քննությանը և որևէ տեղ նշված չէ, որ եթե հանցագործին հայտնաբերում և ձերբակալում են ռազմաբազայի զինվորները և իրավապահները, ապա նրան չեն չպետք է հանձնեն հայկական կողմի իրավապահներին:

Կարծում եմ, լուծումը պետք է այստեղ գտնել: Տարբերակներ կան նաև համատեղ քննություն իրականացնելու հետ կապված, ինչպես նաև գործի քննությունը սպանության մասով ՀՀ դատարանի կողմից իրականացնելու, իսկ զինվորական մասով` ռազմաբազայում գտնվող ՌԴ զինվորական դատարանի կողմից իրականացնելու հետ կապված: Այս կապակցությամբ հետաքրքիր լուծում է առաջարկում իրավաբան Արա Ղազարյանը, որի էությունը հանգում է նրան, որ դատաքննությունը կարող է արտագնա նիստով արվել, օրինակ, ռուսական ռազմաբազայում:

Ամեն դեպքում հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և միջազգային պայմանագրերը՝ մեղադրյալին պետք է պահանջել, պետք չէ ռուսական կողմի փոխարեն մեկնաբանել ՀՀ-ում չգործող ՌԴ սահմանադրությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Nara says:

    Ես արդեն սկսում եմ կասկածել—ինչու է այսքան մեծ այս աղմուկը՝ կապված թե ով պետք է քննի այս գործը? Գուցե վախ կա, որ ռուսական կողմը կարող է հայտնաբերել այնպիսի փաստեր, որոնք «հարմար չեն հայտնաբերվելու համար» ինչ-որ կոնկրետ մարդկանց?? Ամեն ինչից հենց այդպես է երևում համենայնդեպս:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031