Հազար անգամ ասվել ու գրվել է, որ բացօթյա առեւտուրն արգելված է օրենքով։ Բայց դա, պարզվում է, միայն թույլի համար է։
Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության աշխատակիցները, հենց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքը վկայակոչելով, մայրաքաղաքի փողոցները պարբերաբար «մաքրում» են մանր առեւտրով զբաղվող ու այդկերպ հազիվ իրենց օրվա հացը վաստակող մարդկանցից։ Ասում են՝ օրենք է, պիտի հարգել։ Առեւտրականները, իհարկե, շատ հաճախ էլի իրենց ապրանքը դնում են մայթերին՝ առճակատման գնալով քաղաքապետարանի պաշտոնյաների հետ։ Իսկ ահա այդ ֆոնին վիճակախաղի տոմսերի բացօթյա վաճառքը ոչ մի խոչընդոտ չի հանդիպում։ Լոտո վաճառողները մեր զրույցում ասում էին, թե քաղաքապետարանի ու ոստիկանության աշխատակիցներն իրենց երբեւէ չեն անհանգստացնում՝ նկատելով, որ իրենց ղեկավարությունն այդ հարցերը լուծում է քաղաքապետարանի հետ:
Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ «Ընտանեկան լոտո» ընկերությունից, որի կողմից կազմակերպվող վիճակախաղերի տոմսերն էլ վաճառվում են մայրաքաղաքի մայթերին տեղադրված վաճառասեղաններին։ Այդ ընկերությունը, սակայն, մի մութ անտառ է։ Տեղեկատուներում, որպես տնօրեն, նշվում է Արկադի Սիմոնյան անուն-ազգանունը։ Բայց զանգահարելով՝ աշխատակիցների կցկտուր պատասխաններից այդպես էլ հասկանալի չդարձավ՝ ի վերջո նա՞ է «Ընտանեկան լոտո»-ի տնօրենը, թե ոչ։ Այստեղից խնդրեցին մեր հեռախոսահամարը՝ խոստանալով ետ զանգել։ Զանգ չստանալով՝ այցելեցինք նշված կազմակերպություն, որտեղ ասացին, թե խնդրի շուրջ հարկավոր է զրուցել Սերգեյ Ուսնունցի հետ, որը, սակայն, տեղում չէ։ Ավելի ուշ մեզ հաջողվեց գտնել Ուսնունցի հեռախոսահամարը, բայց նա որեւէ մեկնաբանություն չտվեց:
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում