Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի իրավապահ մարմինները ուղիղ 12 ժամ ունեցել են Պերմյակովին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար. «Հայկական ժամանակ»

Հունվար 15,2015 10:56

Պերմյակովը, փաստորեն, նախ փախել է իր զորամասից, պահակակետից եւ գիշերվա մոտավորապես ժամը երեքին հասել Ավետիսյանների տուն։ Ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, որ նա եղել է մեքենայով։ Գոնե այս պահին եղած տեղեկատվությունը վկայում է, որ նա եղել է ոտքով, իսկ ռազմական բազայի տարածքից մինչեւ Ավետիսյանների տուն մոտավորապես 40 րոպեի քայլելու ճանապարհ է։ Հարց. այդ ինչպե՞ս է, որ ոչ ոք չի նկատել Գյումրիի փողոցներում քայլող ավտոմատավորին։ Ժամը ուշ է եղել, եւ բազմաթիվ քաղաքացիներ պիտի որ քնած լինեին, Պերմյակովն էլ թաքուն է տեղաշարժվել։ Բայց միեւնույն է, չի կարող պատահել այնպես, որ Գյումրիի տասնյակ հազար բնակիչներից որեւէ մեկը նկատած չլիներ ավտոմատավորին՝ մանավանդ, որ նա տեղաշարժվել է խիտ բնակեցված թաղամասերում։ Տաքսու վարորդ, գիշերը ջուր խմելու համար արթնացած որեւէ մեկը, գիշերային պահակ կամ գիշերային կյանքով ապրող ինչ-որ մարդ։ Չի կարող այնպես լինել, որ գոնե մեկ տասնյակ մարդ նկատած չլինի ավտոմատավոր ռուս զինվորին։

Ինչո՞ւ նրանք չեն զանգել ոստիկանություն։ Սրա համար երկու տարբերակ կարող է լինել. կամ Գյումրիի փողոցներում շրջող ավտոմատավոր ռուս զինվորը սովորական տեսարան է գյումրեցիների համար, կամ էլ հայ ժողովուրդը մնացել է օրենքով գողերի երեւանյան հավաքի տպավորության տակ եւ «մենք գործ տվող» ազգ չենք, որ զանգենք ոստիկանություն։ Նկատենք, որ եթե նույնիսկ Պերմյակովը շատ զգույշ է տեղաշարժվել, առավել եւս նրա պահվածքը պետք է կասկածելի լիներ։

Բայց սովորական բնակիչները մի կողմ, ինչո՞ւ Պերմյակովին չեն նկատել գյումրեցի ոստիկանները։ Չէ՞ որ կա գիշերային պարեկապահակային ծառայություն, որը շրջում է փողոցներում։ Պարեկային ծառայության ոչ մի ոստիկան չի՞ նկատել ավտոմատավորին։ Սա արդեն տարօրինակ փաստ է։

Անցնենք առաջ. ոստիկանությունը դեպքի մասին հաղորդագրությունը ստացել է հունվարի 12-ի կեսօրին։ Մեկ ժամ անց՝ արդեն ոստիկանությունը գիտեր, թե ում է փնտրում։ Բայց ըստ պաշտոնական հաղորդագրությունների, Պերմյակովին հայտնաբերել են դրանից 12 ժամ անց, դեպքի վայրից 15 կիլոմետր հեռավորության վրա՝ պետական սահմանը անցնելու փորձ կատարելիս։ Այսինքն՝ Հայաստանի իրավապահ մարմինները ուղիղ 12 ժամ ունեցել են Պերմյակովին հայտնաբերելու եւ ձերբակալելու համար։ Նման բան, սակայն, տեղի չի ունեցել։ Սրա համար կարող է լինել երկու պատճառ. առաջինը՝ ոստիկանության եւ ԱԱԾ-ի պրոֆեսիոնալիզմի պակասը եւ երկրորդը՝ այդպիսի պայմանավորվածություն է ձեռքբերվել ռուսական եւ հայկական մարմինների միջեւ։ Որովհետեւ, եթե Պերմյակովին ձերբակալեին հայաստանցի իրավապահները, նրան Ռուսաստանին արտահանձնելու հարց, ըստ էության, չէր առաջանա, որովհետեւ ինչպես նշել ենք, հայ-ռուսական համաձայնագրերի համաձայն, Հայաստանի տարածքում հանցագործություններ իրականացրած ռուս զինվորականները պիտի դատվեն Հայաստանի օրենքներով, Հայաստանի դատարանների կողմից։

Ի դեպ, ռուսները Պերմյակովին չէին կարող ձերբակալել նաեւ Գյումրիում կամ Հայաստանի տարածքի որեւէ այլ հատվածում, որովհետեւ նման իրավասություն չունեն։ Նրանք ձերբակալություն կարող էին իրականացնել միայն սահմանային փշալարերից այնկողմ։ Եվ փաստորեն, ձերբակալությունը տասնյակ հնարավորներից իրականացվել է այնպիսի միակ հանգամանքում, որ հնարավոր լինի հղում կատարել ՌԴ սահմանադրության այն կետին, որ Ռուսաստանը չի կարող իր քաղաքացուն արտահանձնել Հայաստանին։

 

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031