Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքներդ ձեզ չեք հավատում, ռուս գեներալ-մայորին հավատացեք

Հունվար 15,2015 11:30

Այն բանից հետո, երբ հայտնաբերվեց եւ ոչ թե Հայաստանի, այլ ՌԴ իրավապահների հսկողությանը հանձնվեց Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամներին դաժանաբար սպանելու մեջ կասկածվող եւ սեփական մեղքն ընդունած Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը, ողբերգությունից ուշքի չեկող հայ հասարակությունը չի կարողանում հանգստանալ՝ ինչո՞ւ Հայաստանի տարածքում քրեական ծանրագույն հանցագործություն կատարած անձի գործը չի քննվելու Հայաստանի Հանրապետության օրենքներով:

Այս վրդովմունքը կրկնապատկվեց ՀՀ գլխավոր դատախազության կողմից նախորդ օրը տարածած հետեւյալ հայտարարությամբ. «ՀՀ եւ ՌԴ գլխավոր դատախազությունները քննարկել են Գյումրիում նախօրեին տեղի ունեցած սպանության գործի մանրամասները:

Երկուստեք ընդգծվել է, որ տեղի ունեցած ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ: Հանցագործության կատարման մեջ կասկածվող Վալերի Պավելի Պերմյակովը ՌԴ քաղաքացի է եւ գտնվում է ՌԴ իրավապահների հսկողության, նույնն է՝ ՌԴ իրավազորության ներքո: Հետեւաբար Վ. Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու հարց չի քննարկվում՝ նկատի ունենալով ՌԴ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին կետում ամրագրված արգելքը, համաձայն որի՝ ՌԴ քաղաքացին չի կարող հանձնվել այլ պետության»: ՀՀ գլխավոր դատախազությունը ընդգծել է, որ համանման արգելք է սահմանված նաեւ ՀՀ Սահմանադրությամբ, որի գործողության պայմաններում ՀՀ որեւէ քաղաքացի երբեւէ չի հանձնվել այլ պետության:
Դատախազությունը մոռացել է նշել, որ ՀՀ ցանկացած քաղաքացի, որը հանցագործություն է կատարել այլ երկրում, պատժվել է այդ երկրի օրենքներով, չի հանձնվել ՀՀ արդարադատությանը: Ճիշտ նույն դրույթներն են նախատեսված նաեւ ՌԴ Սահմանադրությամբ: Եվ ի՞նչ է նշանակում՝ հանձնվել այլ պետության, մի՞թե Գյումրին Հայաստանի Հանրապետության քաղաք չէ:

Երեկ Գյումրիում ինքնաբուխ ակցիա սկսվեց՝ պահանջով՝ դուրս չգալ օրինականության շրջանակներից եւ ՀՀ տարածքում հանցագործություն կատարած անձին հանձնել ՀՀ իրավապահներին, դատել ՀՀ օրենսդրությամբ:

Դրան հաջորդեց ՀՀ գլխավոր դատախազի հետեւյալ հայտարարությունը. «Ես վստահեցնում եմ, որ այդ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ մենք բոլորս կտեսնենք ու հնարավորություն կունենանք հետեւելու թե՛ ամբողջ ընթացակարգին եւ թե՛ պատասխանատվության ենթարկելու ամբողջ գործընթացն»: Թե ի՞նչ է նշանակում՝ «հնարավորություն կունենանք հետեւելու»՝ թերեւս պարզվի այսօր. գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ խոստացավ, որ այսօր, ժամը 10-ին, կլինի Գյումրիում եւ պարզաբանումներ կտա:

Մինչ դատախազը կպարզաբանի, «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի հիմնադիր, ՀՀ փաստաբանական պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանից հետաքրքրվեցինք. «Արդյոք ՀՀ օրենսդրությամբ Հայաստանի տարածքում կատարված քրեական հանցագործություն կատարած անձը, անկախ իր քաղաքացիությունից, չի՞ դատվում Հայաստանում: Ինչո՞ւ ՀՀ գլխավոր դատախազը որոշեց ՀՀ օրենսդրությունը դնել մի կողմ եւ առաջնորդվել ՌԴ Սահմանադրությամբ: Կա՞ն որեւէ հիմքեր դրա համար»: Պարոն Սիրունյանը պատասխանեց. «Չգիտեմ, թե ինչ են մտածում դատախազությունում: Կարող եմ ասել միայն, որ իրոք, ՌԴ քաղաքացին հանձնվել չի կարող: Մեր քաղաքացին՝ նույնպես: Բայց այս դեպքում հանձնման մասին խոսք լինել չի կարող, քանի որ հանցագործությունը կատարվել է Հայաստանում, եւ հանցագործը գտնվում է Հայաստանում: Հանձնման մասին կխոսեինք, եթե նա գտնվեր ՌԴ-ում: Այս դեպքում հանձնողը մենք ենք, եւ ՌԴ-ն մեզ պետք է խնդրեր, եւ մենք մտածեինք՝ հանձնել-չհանձնելու մասին: Այսինքն՝ գործ ունենք պարզապես հանցագործին պարտակելու հետ: Իսկ թե ինչ են մտածում մեր իրավական պաշտոնական այրերը՝ ես չգիտեմ, չեմ հասկանում»:

Քանի որ մեր դատախազությանը ռուսական սահմանադրությունն ավելի սրտամոտ է, գուցե ռուս մասնագետի կարծիքը նույնպես ավելի արժեքավոր լինի, քան հայ իրավաբանի: Այդ իսկ պատճառով մեջբերենք 1997թ. օգոստոսի 29-ին Մոսկվայում կնքված՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ համաձայնագրի» վերաբերյալ ՌԴ զինված ուժերի ցամաքային զորքերի գլխավոր հրամանատարությունից գեներալ-մայոր Ա. Տրետյակովի մեկնաբանությունը՝ «ՌԴ զինված ուժերը ՀՀ-ում՝ տեղակայման որոշ իրավական ասպեկտներ» հոդվածի ներքո, որը տեղ է գտել ռուսական «Իրավունք եւ անվտանգություն» պարբերականի 2003 թ. հունիսյան համարում: Նա, մասնավորապես, նշում է. «Հիմնական սկզբունքը, որը ամրագրված է ռուս-հայկական համաձայնագրում, հետեւյալն է. «ՌԴ ռազմաբազայի կազմում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների կողմից կատարված հանցագործությունների եւ այլ իրավախախտումների գործերով՝ կատարված Հայաստանի Հանրապետության տարածքում, կիրառվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, գործում են ՀՀ իրավասու մարմինները:

Ընդ որում, վերոնշյալ անձինք Հայաստանում օգտվում են նույն իրավական պաշտպանվածությունից, ինչ ՀՀ սեփական քաղաքացիները, իսկ դատավարության ընթացքում հրապարակայնության սկզբունքի կիրառման դեպքում հաշվի են առնվում ռուսական ռազմաբազայի անվտանգության շահերը: Համեմատության համար նշենք, որ Վրաստանի եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված պաշտպանության ոլորտում համագործակցության մասին համաձայնագրով նախատեսված է, որ Վրաստանի տարածքում գտնվելու ընթացքում ամերիկյան զինվորները դիվանագիտական իմունիտետով են օժտված: Դրանով հանդերձ՝ համաձայնագրում ռուսական եւ հայկական կողմերը բացառություններ են ամրագրել առանձին դեպքերի համար: Մասնավորապես, ռազմաբազայի կազմում գտնվող անձանց կամ նրանց ընտանիքի անդամների կողմից ռազմաբազայի տեղակայման տարածքում հանցագործության կամ այլ իրավախախտում կատարելու, ռազմական հանցագործությունների, ինչպես նաեւ ՌԴ դեմ կամ ռազմաբազայի կազմում գտնվող անձանց եւ նրանց ընտանիքի անդամների դեմ հանցագործություն կատարելու դեպքում ուժի մեջ է մտնում Ռուսաստանի օրենսդրությունը, գործում են ռուսական իրավասու մարմինները՝ ռազմական դատարան, ռազմական դատախազություն եւ այլն: Այդ գործերը կարող են քննվել ռուսական իրավասու մարմինների կողմից ինչպես ռազմաբազայի տարածքում, այնպես էլ ՌԴ տարածքում» (ոչ պաշտոնական թարգմանություն-Մ. Բ.):

Այսպիսով, Պերմյակովի գործը, անգամ ըստ ՌԴ զինված ուժերի գեներալ-մայորի, պետք է քննվի Հայաստանի իրավապահների կողմից, արդարադատություն իրականացվի մեր օրենքներով, քանի որ Ավետիսյանների տունը չի՛ գտնվում ռուսական ռազմաբազայի տարածքում, Ավետիսյանների ընտանիքը ռազմաբազայի կազմում չէ՛ր գտնվում, Ավետիսյանների ընտանիքի սպանդը ռազմական հանցագործություն չէ, այլ ծանրագույն քրեական հանցագործություն, եւ վերջապես՝ հանցագործություն է Հայաստանի Հանրապետության դեմ եւ ոչ թե՝ Ռուսաստանի:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031