Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների ընտանիքի սպանությունները, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազան ու գյումրեցու թասիբը

Հունվար 15,2015 12:00

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի գնդակահարումից ժամեր անց արդեն իսկ նշմարվում էր, որ սարսափելի հանցագործության գործը նպատակ ունեն փոխանցել ռուս իրավապահների ձեռքը: «Ռուսաստանի պատկան մարմինները Հայաստանի իշխանություններին ամեն տեսակի անհրաժեշտ աջակցություն են ցուցաբերում, որպեսզի այդ ողբերգության մեղավորները ամենախիստ պատասխանատվության ենթարկվեն»,- հանցագործությունից ժամեր անց նշվեց Ռուսաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունում: Նույն օրը ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ընդունեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինին, որը նշել էր, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, ու ընդգծել. «Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ղեկավարությունը լիովին համագործակցում է Հայաստանի իրավապահ մարմինների հետ եւ աջակցություն ցուցաբերում գործի քննությանը»:

Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված ռուսական ռազմաբազայի մասին միջազգային պայմանագրի 4-րդ հոդվածում մինչդեռ ամրագրված է, որ ռուսական ռազմաբազայի կազմում ընդգրկված անձանց կողմից ՀՀ տարածքում կատարված հանցագործությունների գործերի դեպքում կիրառվում է Հայաստանի օրենսդրությունը, եւ գործում են ՀՀ պատկան մարմինները:

Թեեւ ՀՀ իրավապահների կողմից Գյումրիի դաժան սպանությունների քննումը դեռ որեւէ երաշխիք չէ, որ բացահայտվելու են հանցագործության իրական պատճառները, կազմակերպիչները, եթե այդպիսիք կան, բայց, այնուամենայնիվ, շատերին էր թվում, որ ՀՀ իշխանությունները պարզապես սկզբունքայնություն կդրսեւորեն ՀՀ քաղաքացիների շահը պաշտպանելու տեսանկյունից` գոնե քարոզչական նկատառումներից ելնելով:

Հունվարի 14-ին Գյումրիում եւ Երեւանում տեղի ունեցած բազմամարդ բողոքի ցույցերից հետո ՀՀ նախագահի նստավայրում անցկացված խորհրդակցությունից հետո գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը նշեց. «Վստահեցնում եմ, որ հանցագործը քրեական պատասխանատվության կենթարկվի ՀՀ տարածքում, եւ մենք բոլորս հնարավորություն կունենանք թե՛ հետեւելու ամբողջ ընթացակարգին եւ թե՛ մենք կտեսնենք ամբողջ պատասխանատվության ենթարկելու գործընթացը: Հայաստանի Հանրապետությունը որեւէ բան որեւէ մեկին չի զիջում»։ Իսկ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արկադի Բախինը ասել է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության հանձնաժողովն ավարտել է ներքին ծառայողական քննության աշխատանքները ռուսական 102-րդ ռազմակայանում, եւ բոլոր մեղավորները բացահայտվել են: Բախինը հայտնել է նաեւ, որ ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն՝ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված ՌԴ 102-րդ ռազմակայանի զինծառայող, շարքային Վալերի Պերմյակովը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, եւ քրեական գործի շրջանակներում հետագա աշխատանքները կիրականացնեն Հայաստանի եւ ՌԴ համապատասխան իրավապահ մարմինները։

Գյումրիի ռուսական ռազմակայանի պատմության արյունոտ էջերը

Հունվարի 12-ի սպանությունները թարմացրեցին Գյումրիի ռուսական ռազմակայանի հետ կապված նախորդ տարիների ողբերգական դեպքերը:

2013թ. ապրիլի 7-ին Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում տեղի էր ունեցել արտակարգ դեպք. ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվեցին Վահրամաբերդ գյուղի երկու երեխաներ` Մուշեղ Գեւորգյանը եւ Արթուր Մկրտչյանը: Պարզվել էր, որ հրաձգարանի տարածքում ականի պայթյունից զոհվել են Վահրամաբերդ գյուղի բնակիչներ` 2001թ. ծնված Ա. Մկրտչյանը եւ 1997թ. ծնված Մ. Գեւորգյանը: Արթուր Մկրտչյանի հայրը գնացել էր դաշտ` ոչխարները արածեցնելու, երեխաները նրա հետ եւս գնացել էին: Այդ ժամանակ հայրը գնացել էր ջուր բերելու, երեխաները տեսել էին անիվները, մոտ էին գնացել` խաղալու, հարվածել էին, ականները պայթել էին: Երկու ընտանիքներն էլ բազմանդամ էին եւ ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում, տան տղամարդիկ հովիվներ են: 8 երեխա Մկրտչյանների ընտանիքում է, 6-ը` Գեւորգյանների:

Նշված տարածքը միջպետական պայմանագրով 45 տարով վարձակալության է տրված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերին։ Սակայն մինչ այժմ չկան պատժվածներ, պատասխանատվության ենթարկվածներ՝ անգամ այն դեպքում, երբ դեպքը դժբախտ պատահար էր: Մինչ օրս պարզ չէ` ինչո՞ւ սպառազինությունից չէր մաքրվել տարածքը, կամ ինչո՞ւ պատշաճ ձեւով արգելափակված չի եղել այնտեղ կողմնակի անձանց մուտքը:
2013թ. ապրիլի 19-ին ԳԱԼԱ-ն հայտնել էր, որ պայթյունից մահացած երկու անչափահասների ընտանիքները դժգոհ են: «Նրանց խոսքերով` ռուսական կողմից համոզել, անգամ վախեցրել են, որ «երկար շարունակելու դեպքում» գործը շուռ կգա իրենց վրա, եւ նրանց հաջողվել է 10-ամյա Արթուր Մկրտչյանի եւ 15-ամյա Մուշեղ Գեւորգյանի ընտանիքներին ստորագրել տալ մի փաստաթղթի տակ, որ իբր բողոք, դժգոհություն չունեն: Այսպիսով, գործն ավարտված է, իսկ գյուղում շարունակում են ապրել նույն կերպ՝ անասուն տանել ու արածեցնել նույն տարածքներում, որտեղ վտանգավոր է, եւ որտեղ էլ մահացան երկու անչափահասները: Աստված մի արասցե, նույնը կրկնվելու դեպքում նորից կհայտարարեն. «Մեղավորը հենց իրենք՝ մահացողներն են»: ԳԱԼԱ-ի հետ հարցազրույցում Վահրամաբերդի գյուղապետ Աղվան Մարտիրոսյանն անդրադարձել էր հարցին, թե ընտանիքները թղթի տակ ստորագրել են` «բողոք չունեմ». «Եթե նրանք են նման արտահայտություններ արել, որ իրենց ստորագրել են տվել, ասեմ, որ նման բան չի եղել: Հենց իրենք են ասել, գրել են՝ բողոք չունեն: Ինչ մնում է հարցը փակելուն, դա որոշում են ՌԴ քննչական մարմինները. մենք չենք որոշողը՝ հարցը փակե՞նք, թե՞ ոչ: Հայկական կողմից էլ որեւէ մեկը չի եղել այդ քննչական խմբում, ուղղակի որպեսզի լեզուն կարողանան հասկանալ, մի հոգի ներկայացուցիչ է եղել, այն էլ եղել է թարգմանության համար»:

Իր դաժանությամբ ավելի սարսափելի էր 1999թ. ապրիլին տեղի ունեցածը, երբ ռազմակայանի երկու հարբած ռուս զինծառայողներն ավտոմատներով դուրս էին եկել քաղաք եւ աջ ու ձախ անկանոն կրակ բացել մարդկանց ու տների վրա: Այդ անկանոն կրակահերթի հետեւանքով ծանր վիրավորվել էին մեկ տասնյակից ավելի մարդիկ, երկուսը զոհվել էին: 1999թ. դեպքով հարբած զինծառայողները մեղավոր էին ճանաչվել, սակայն արտահանձնվել էին Ռուսաստան, նրանց ճակատագիրն այժմ հայտնի չէ:

Քաղաքական դաշտի անճարակությունը

Այն խորհրդավոր լռությունը, որին այս օրերին ականատես էր լինում մեր հասարակությունը հունվարի 12-ի դաժան սպանություններից հետո, ուղղակի անհավատալի է: Նույնիսկ հանցագործությանն արձագանքելիս պարզվեց, որ մեր կուսակցություններն ու կուսակցապետերը հաշվի են առնում «հանգամանքները», թե ինչ ազգության տեր է հանցագործության մեջ կասկածվողը: Ավետիսյանների հարազատներին նույնիսկ ցավակցելու համար պարզվեց՝ Հայաստանի կուսակցությունները, որոշ բացառություններով, մտորում են Կրեմլին չնեղացնելու մասին:

Սոցիալական ցանցերը համեմատություններ անցկացրեցին Պոդոլսկում հուլիսի 13-ին տեղի ունեցած վթարի միջեւ, երբ բեռնատարի վարորդին` ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանին, կնոջ խալաթով բերել էին դատարան, ու մինչ օրս հնարավոր չի լուծել նրան Հայաստան տեղափոխելու հարցը: Կամ` վերհիշեցին 2004-ին Գուրգեն Մարգարյանի  սպանությունը, երբ մարդասպան Ռամիլ Սաֆարովը ցմահ դատապարտվեց 2007թ.-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գ. Մարգարյանին կացնահարելու համար, ապա` 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան նրան արտահանձնեց Ադրբեջան, որից հետո Հայաստանի իշխանությունները սառեցրեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Հայաստանյան կուսակցությունների հայրենասիրական դրսեւորումները` ջահերով երթեր կազմակերպելու առիթները, միշտ նույնն են: Մենք` հայերս, միասնական ենք Ցեղասպանությունը վերհիշելու հարցում: Այ, օրինակ՝ Արմեն Ռուստամյանը, մեկնաբանելով Գյումրու ողբերգական սպանությունները, այս համատեքստում նշեց, թե ուրախ է, որ` «կանխվեցին հակառուսական դրսեւորումներ»:

Բայց մյուս կողմից` ի՞նչ սպասես քաղաքական մի դաշտից, որտեղ մեծամասնությունն արդարացնում ու օրինաչափ է համարում կամ աչք է փակում «ռազմավարական դաշնակցի» կողմից Ադրբեջանին մի քանի միլիարդ դոլարի զենքի վաճառքի վրա, բայց միաժամանակ «հիմնավորում» է, որ` «ռուսը թուրքից է մեզ պաշտպանում» եւ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունն է ապահովում:

Գյումրիում հունվարի 14-ին բողոքի ակցիա տեղի ունեցավ, հասարակությունը բորբոքված էր: Գյումրեցիները պահանջում էին ռուս զինվորականին հանձնել հայկական կողմի դատին, որպեսզի ռուսական կողմի պատասխանատուները գան հանդիպման, բողոքավորները վայր էին գցել ռուսական դրոշները եւ ձվեր նետել ռուսական հյուպատոսարանի շենքի վրա: Բողոքի ակցիայի մասնակիցները հասել էին 102-րդ ռազմաբազայի մոտ, որտեղ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել: Իսկ հայ իրավապահների «ուժը» ՀՀ քաղաքացիների վրա է պատում:

Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն ակնհայտորեն տուժեցին հունվարի 12-ի վայրագ սպանություններից, ինչը բացասական փաստ է: Գյումրեցի խաղաղ ընտանիքի անդամների սպանությունները որոշակի լարվածություն մտցրեցին Գյումրիի ռազմակայանի եւ գյումրեցիների միջեւ, անվստահություն առաջացրեցին հայ-ռուսական հարաբերություններում:

Գյումրիի սպանությունները, այո՛, պետք չէ քաղաքականացնել, բայց այդպես կարելի է պնդել, երբ արդեն կան համոզիչ ապացույցներ, որ կոնկրետ հանցագործությունում բացառվում է դրա կազմակերպված լինելը, կամ հիմնավորումներ, որ հանցագործությունը չի արվել ազգային ատելության ֆոնի վրա: Բայց շատ դեպքերում մեր հասարակության մի մասին նման մանր-մունր բաները չեն հետաքրքրում, եւ մարդիկ ավելի համոզիչ վարկած ունեն. «Գյումրիի սպանության մեջ թուրքերի մատը խառն է» խորիմաստ բացատրությունը, կամ` Արեւմուտքինը, կարծես, այդ մասին վկայող փաստեր արդեն իսկ ներկայացրել են հայ եւ ռուս իրավապահները, իսկ մեզ հիմա մնում է դրանց հավատալը կամ չհավատալը:

Հունվարի 14-ին Գյումրիում եւ Երեւանում բողոքի դուրս եկած քաղաքացիները կանգնեցին ՀՀ քաղաքացու` ապրելու իրավունքի եւ մեր անկախ պետության համար: Ի տարբերություն իշխանության եւ ոչ իշխանության` ժողովրդական լեզվով ասած` նրանք պահեցին մեր երկրի թասիբը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Ես ևս գտնում եմ, որ ՛՛Հունվարի 14-ին Գյումրիում եւ Երեւանում բողոքի դուրս եկած քաղաքացիները կանգնեցին ՀՀ քաղաքացու` ապրելու իրավունքի եւ մեր անկախ պետության համար: Ի տարբերություն իշխանության եւ ոչ իշխանության` ժողովրդական լեզվով ասած` նրանք պահեցին մեր երկրի թասիբը՛՛:

  2. Нона says:

    Դիմելով Էմմային և Մարգարին, կասեի հետևյալը; բավական է Գյումրեցու թասիբի անունից խոսեք. Այս սոսկալի դժբախտության օրերին, ոչ միայն Գյումրեցին, այլ յուրաքանչյուր նորմալ անձ, իրեն թույլ չեր տա դիակները եկեղեցում դրված, ցույց անեն, մի բան էլ մահացածների անունից խոսեն:
    Կամ էլ առանց մտածելու և գոնե մի փոքր վերլուծելու պատահածը, չհիմնավորված հայտարարություններ տարածել, մարդկանց ներվերը գռգռել:
    Եվ հետո, Մարգար, ինչպես հասկանամ Ձեր գրածը? -՞ի տարբերություն իշխանության և ոչ իշխանության, քաղաքացիները պահեցին մեր երկրի թասիբը՞ – Իշխանությանը որ քաղաքացի չեք
    համարում, ինչ-որ տեղ ըմբռնեցի, թեկուզ և նրանք էլ են քաղաքացի կամ որոշ դեպքերում – գյուղացի: Բայց ՞ոչ իշխանության՞ արտահայտությունը ում էր վերաբերվում, այ դա չհասկացա:

  3. Vasily says:

    Вы посмотрите на рожу этого солдата, он же имбецил. Почему я, гражданин России, должен нести ответственность за этого выродка? Понимаю массовые протесты граждан Армении, но в России не кидают на землю флаг Армении и не топчат его, после того, как армянин совершает преступление. Зачем приплетать политику? Я также осуждаю истерию в России в связи со случаем аварии грузовика, врезавшегося в автобус. Конечно это ужас, а количество жертв сродни теракту. Но водитель тут явно не главная фигура, почему нет на скамье подсудимых владелец фирмы, который экономил на техническом обслуживании грузовиков??? И последнее. Главное, чтобы убийца понёс наказание, следствие в данном случае должно быть совместное, если передать военного Армении и только она будет вести следствие, мы не узнаем всей картины событий, да, убийства будут доказаны, но что за личность этот солдат, какая его история, какие у него взаимоотношения, возможно, что в тени этого солдата были пособники его бегства, халатность во время несения службы со стороны других военных, этого всего армянская сторона самостоятельно расследовать уже не сможет! Лично я, за то, чтобы его расстреляли!

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031