Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վաչե Գաբրիելյանը, Արա Նռանյանը եւ մյուսները գործիքնե՞ր են ԵՏՄ-ում

Հունվար 15,2015 16:30
sahman

ԵՏՄ նոր նշանակումների մասին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովն այս տարի 3 որոշում է կայացրել Հայաստանի մասին: Օրերս Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշել էր Հայաստանի կողմից անդամներ նշանակել Եվրասիական տնտեսական հանձնաժողովում եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայում: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ է նշանակվել Հայաստանի փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Կոլեգիայի անդամներ են դարձել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը եւ Արա Նռանյանը: Իսկ Եվրասիական տնտեսական խորհրդի դատարանի կազմում Հայաստանի կողմից դատավորներ են նշանակվել Արմեն Թումանյանը եւ Էռնա Հայրիյանը:
Թե ինչքանով կկարողանան այս մարդիկ Հայաստանի շահերի համար կռիվ տալ ԵՏՄ-ում` «Առավոտի» հետ զրույցում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանն ասաց. «Ես անձնապես ճանաչում եմ Վաչե Գաբրիելյանին, գնահատում եմ նրա տնտեսական կարողություններն ու հնարավորությունները, բայց կարծում եմ, որ նույնիսկ նա անզոր է ղեկավարել եւ ուղղորդել մի գործընթաց, որն իրականում գոյություն չունի: ԵՏՄ-ի տնտեսական ինտեգրացիոն գործընթացն իրականում գոյություն չունի: Դա բավական չի, նաեւ գտնվում է հետզհետե անկում ապրող նավթի գների եւ արժեզրկվող փոխարժեքի համատեքստում եւ շատ դժվար է ղեկավարել եւ ուղղորդել: Դա իմիտացիոն կառույց է»: Անուշ Սեդրակյանը նաեւ հեգնեց, որ հայ պաշտոնյաները խոսում էին ԵՏՄ-ի 170 մլն-անոց շուկայի մասին, մինչդեռ այդ շուկայի ճանապարհը մի ձնային բքով փակվել էր:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի դիտարկմամբ՝ «Այդ մարդկանց պրոֆեսիոնալ կարողությունների մեջ կասկած չունեմ, ե՛ւ Վաչե Գաբրիելյանի, ե՛ւ Արա Նռանյանի, մյուսների մասով ավելի զգուշավոր կլինեմ, որովհետեւ լավ չեմ ճանաչում: Բայց Արա Նռանյանի հետ 5 տարի աշխատել եմ պառլամենտում, Վաչե Գաբրիելյանին Կենտրոնական բանկից եւ կառավարությունից գիտեմ, բարձր կարծիքի եմ՝ պրոֆեսիոնալիզմի առումով: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ նրանց առջեւ խնդիր շարադրողն իրենք չեն: Նրանց առջեւ խնդիր ձեւակերպելու է կամ չի ձեւակերպելու Բաղրամյան 26-ը: Հետեւաբար իրենցից քիչ բան է կախված: Իրենք կարող են ընդամենը նկատել եւ ժամանակին հուշել, թե ինչ առաջարկներ պիտի արվեն, կամ կատարվող որ փոփոխություններն են վտանգավոր, անցանկալի Հայաստանի համար: Բայց քաղաքական որոշումներ, բնականաբար, իրենք չեն կայացնում: Եվ, ցավոք, ասել, որ նրանցից շատ բան է կախված՝ իրատեսական չէ»:

Մեր հարցին՝ այսինքն՝ նրանք ընդամենը գործի՞ք են, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Նրանք տվյալ պարագայում ավելի շուտ տեխնոկրատ, կարելի է ասել, լինելու են ԵՏՄ-ում չինովնիկներ: Ոչ քաղաքական դեմքեր, ոչ քաղաքականություն որոշողներ»:

Իսկ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ՝ նրանք չեն կարող գործիք լինել. «Նրանք կարող են, ի վիճակի են, առավել եւս Արային ճանաչելով եւ իր հետ աշխատելով հանդերձ՝ վստահ եմ, որ միանշանակ Հայաստանի շահերը պատշաճ պաշտպանված կլինեն: Կարինե Մինասյանն ունի փորձառություն, չնայած տարբեր մոտեցումներն իր չեմ ընդունում՝ իր ծրագրային գաղափարական հենքի վրա, բայց գործունեության տեսակետից կարող է նպաստել Հայաստանի շահերի պաշտպանությանը: Ռոբերտ Հարությունյանն էլ, լինելով արդեն փորձառություն ունեցող Հայաստանի պետական կառավարման համակարգում, շատ լավ է պատկերացնում Հայաստանում առկա խնդիրները: Երեւի թե եթե դրսում որպես մեկ ամբողջական թիմ հանդես գան, վստահաբար կկարողանան պաշտպանել: Իրենցից շատ բան է կախված: Ակնհայտ է, որ իրենք չեն կարող գործիք լինել: ԵՏՄ-ում բոլոր երկրները ներկայացնում են, ո՞ւմ ձեռքին պետք է գործիք լինեն»:

Արծվիկ Մինասյանը չհամաձայնեց, որ ամեն ինչ որոշում է նախագահականը, իսկ իրենք ընդամենը չինովնիկներ են. «Եթե խոսքը գնում է Հայաստանի մասով՝ որպես կատարողներ, բնականաբար, այդ բոլոր ծրագրերն ու խնդիրները, որոնք իրենց առջեւ կդրվեն՝ որպես ՀՀ, իրենք պետք է դրանք կատարեն: Ես չեմ կարծում, որ դա գործիք է կոչվում: Դա կոչվում է երկրի խնդիրների լուծմանը միտված կոնկրետ քայլերով զբաղվող մարդիկ: Չմոռանանք, որ այդ նույն կազմում այնպիսի խոշոր դեմքեր կան, որոնց հետ բանակցությունները, ամենօրյա աշխատանքը շատ լուրջ, ծանրաբեռնված խնդիր են: Չպետք նսեմացնել ոչ իրենց դիրքը, ոչ իրենց անձը: Հարկավոր է, որպեսզի օրուգիշեր աշխատանք կատարեն: Ես Արա Նռանյանի մասով վստահ եմ»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031