Լրահոս
Օրվա լրահոսը

Վերակենդանացման բաժանմունքի առաջ 6 ամսական Սերյոժային չէին սպասում մայրն ու հայրը

Հունվար 15,2015 15:30

Երեկ առավոտվանից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի առաջ 6 ամսական Սերյոժային սպասում էին նրա հարազատները, սակայն նրանց թվում չկային Սերյոժայի մայրը, հայրը, հարազատ քույրը, տատիկը, պապիկը: Գյումրեցի այս փոքրիկն իր ընտանիքից միակ ողջ մնացած անդամն էր, որի վիճակը, սակայն, երկու օր է՝ բժիշկները գնահատում էին ծայրահեղ ծանր, սակայն երեկ, օրվա երկրորդ կեսին, Սերյոժայի վիճակը սկսեց դեպի լավը գնալ: Չնայած սթրեսին, շոկային վիճակին՝ վերակենդանացման բաժանմունքի դռների մոտ կանգնած Սերյոժայի հարազատների ուրախությանը չափ ու սահման չկար, երբ նրանք իմացան, որ Սերյոժայի վիճակը կայունանում է:

Գյումրեցի ընտանիքի դաժան սպանությունը տեղի էր ունեցել հունվարի 12-ի վաղ առավոտյան, երբ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքը քնած է եղել: Գյումրու 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմած ռուս զինվորականը՝ Վալերի Պերմյակովը, հենց անկողնու մեջ հրազենով գնդակահարել էր ընտանիքի անդամներին: Կենդանի էր մնացել միայն փոքրիկ Սերյոժան, որն էլ ժամեր անց միայն ծանր վիճակում տեղափոխվել է Գյումրիի հիվանդանոց եւ վիրահատվել:

Երեկ, փոքրիկի առողջական վիճակից ելնելով, Սերյոժային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Փոքրիկի հարազատները ոչ մի կերպ ուշքի չէին գալիս կատարվածից եւ միայն մի բան էին կրկնում՝ «էնքա՜ն համեստ, բարի ու անշառ ընտանիք էին»:
Հարազատներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, «Առավոտի» հետ զրույցում չկարողանալով արցունքները զսպել՝ դժգոհություն հայտնեց, որ հանցագործին հանձնելու են ռուսական արդարադատությանը: Նրա խոսքերով՝ «դեպքը Հայաստանում է կատարվել, մի ամբոջ ընտանիք է ոչնչացվել, եւ նրան պետք է դատեն Հայաստանում, հայկական օրենքներով: Ինչ լսել եմ, որ նրան պետք է հանձնեն Ռուսաստանին, ահավոր լցված եմ, վրդովված, նա մահապարտ է, ինչի՞ ես տալիս Ռուսաստանին, ինչի՞ ես կողմնապահություն անում, ասել են՝ մենք նրա դատաստանը կտեսնենք, ի՞նչ իմանամ՝ դու դատաստա՞ն ես տեսնելու, իսկ Հայաստանում կիմանայինք՝ ինչ անեինք»:

Հարազատները կասկածներ ունեին, որ ռուսական կողմին հանձնելուց հետո նրա պատիժը կատարած հանցագործությանը համարժեք չի լինելու: Մեր հարցին, թե ինչի՞ց ելնելով են այդպիսի համոզմունք հայտնում, մեր զրուցակիցն ասաց. «Ռուսաստանից կախված երկիր ենք, իրենց զինվորին մեզ համար հո չե՞ն դատելու, մի երկու ամիս կպահեն, կասեն՝ գիժ էր, կուղարկեն հոգեբուժարան, հետո կարդարացնեն՝ կհանեն: Բայց եթե Հայաստանում դատեն, խստագույն պատիժ կսահմանեն: Մենք պահանջում ենք, որ նրան չհանձնեն Ռուսաստանին, որպեսզի վճիռը մերոնք կայացնեն»:

Փոքրիկի հետ կապ չունեցող քաղաքացիներն էլ, որոնք նույնպես վերակենդանացման բաժանմունքի առաջ էին եւ իրենց հիվանդների մոտ էին եկել, հերթով մոտենալով կարծիք էին հայտնում՝ քննչական մարմիններին կոչ անելով հանցագործին հանձնել «ժողովրդին, որ ոսկորները փշրեն, որ ժողովուրդը նրա դատաստանը տեսնի, քանի որ մի ամբողջ հայ ընտանիք է վերացել»:

Սերյոժայի հարազատները նաեւ դատապարտում էին զորամասի հրամանատարության գործունեությունը: Նրանց խոսքերով. «Դրանք ի՞նչ ղեկավարներ են, որ որեւէ մեկը չի տեսել, որ իրենց զինվորը փախել է: Նա երկու անգամ փախել է, մի անգամ եկել է տաքսի վարձել՝ բերել, հետո նորից եկել է՝ տաքսին վերցրել ու պատուհանից մտել ներս կրակել: Դա փաստ է»:

Հարազատներին հասած վարկածների համաձայն՝ ընտանիքը պատահական զոհ է, եւ ռուսական զորամասի զինվորը պարզապես նպատակ է ունեցել փախչելու եւ հագուստները փոխելու, իսկ Ավետիսյանների ընտանիքին սպանել է, որպեսզի հետքերը վերացնի, վկաներ չլինեն. «Պատահական դռներ է ծեծել, բոլորի դռները փակ են եղել, եւ այս ընտանիքի դուռն է բաց եղել, լուսամուտը կոտրել է, մտել տուն, կրակել է ու տանտիրոջ շորերը հագել՝ դուրս եկել»:

Սերյոժայի հարազատները առավոտվանից ցանկանում էին երեխային տեսնել, սակայն բժիշկները, ելնելով Սերյոժայի առողջական վիճակից, թույլ չէին տալիս:

«Գոնե մեկ րոպեով տեսնեինք, սրտներս կտոր-կտոր է լինում, ժամը 10-ից այստեղ ենք, ոստիկաններով շրջապատված է, թույլ չեն տալիս»:

«Առավոտի» հարցին, թե փոքրիկ Սերյոժան կազդուրվելուց հետո ո՞ւմ մոտ է մնալու, արդյոք ունի՞ ազգականներ, որոնք կհոգան երեխայի խնամքը, փոքրիկի բարեկամները նշեցին, որ շատ հարազատներ ունի, եւ երեխան ոչ մի դեպքում չի հայտնվի մանկատանը:
Նրանք պատմեցին նաեւ, որ Սերյոժայի մայրը 4-5 տարի առաջ է հարս գնացել Գյումրի. «Լավ, խելոք ընտանիք էին, Արմենին շատ հավանում էինք, մեր լավ փեսան էր: Ես տարիքս առած կին եմ եւ իմ կյանքում չեմ տեսել այսպիսի դաժանություն: Մի ամբողջ ընտանիք վերացավ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարում` Սերյոժայի հարազատները՝ վերակենդանացման բաժանմունքի առաջ:

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031