Լրահոս
Օրվա լրահոսը

«Գուցե Ռուստամյանի ուղեղո՞ւմ կային հակառուսական դրսեւորումներ, բայց ոչ՝ հանրության մոտ»

Հունվար 15,2015 15:00

Ռուս զինվորական Վալերի Պերմյակովի՝ գյումրեցի ընտանիքին հրազենից սպանելուց, առավել եւս՝ մարդասպանին ռուսական կողմի իրավապահ մարմիններին հանձնելուց հետո հանրության շրջանում հակասական, ագրեսիվ տրամադրություններ ու արձագանքներ են լինում: Այս օրերին հատկապես «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերը տարատեսակ կարծիքներ են հայտնում՝ «ռուսը կարող է գալ՝ իմ հայրենիքում սպանել իմ հայրենակիցներին ու վերջում Ռուսաստան գնալ», «Ես ապահով կլինեմ, եթե ռուսական 102-րդ ռազմաբազան հավաքվի ու գնա Հայաստանից», «Ի՞նչ գործ ունեն ռուս զինվորներն իմ երկրում, ռսներին քշել է պետք», «Էդ ռսին պիտի հանձնեն ժողովրդին, ժողովուրդը նրան դատի», «Սա՞ է Հայաստանի անվտանգության երաշխավոր Ռուսաստանի զինվորը» եւ այլն:

«Առավոտի» հետ զրույցում ազգագրագետ, հասարակական գործիչ Հրանուշ Խառատյանն ասում է, որ Գյումրու դեպքի վերաբերյալ հասարակական կարծիքները խիստ քաղաքականացված են, այս դեպքում մարդկանց համար դժվար է ոչ քաղաքականացված կարծիքներ արտահայտել. «Մարդիկ բորբոքված են թե՛ այս դեպքի առիթով, թե՛ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությանը Ռուսաստանի հարկադրանքի չափից շատ կոպիտ դրսեւորումներից: Երկու կողմի փաստարկներում էլ կան ե՛ւ սթափ քաղաքականության կոչեր, ձեւակերպումներ, ե՛ւ խիստ գրգռված ու զգայական կոչեր: Ես գտնում եմ, որ սա եւս տրամաբանական եւ հասկանալի է»:

Անհասկանալին տիկին Խառատյանի համար ԱԺ ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ երեկ 1in.am կայքին հայտնած կարծիքն է, ըստ որի՝ Ռուստամյանն ասել է. «Կանխվեցին հակառուսական դրսեւորումները»: «Այս խոսքերն ինձ շատ զարմացրեցին, այս ամենի մեջ հակառուսական դրսեւորումներ չկան, կան զգայական կոչեր, արձագանքներ, կան Հայաստանի իշխանության կողմից ռուսական հնազանդության դեմ ընդվզումի կոչեր, բայց իրական հակառուսական դրսեւորումներ չկան: Երբ մարդն ասում է՝ կանխվեցին հակառուսական դրսեւորումներ, ինձ մոտ հարց է առաջանում՝ գուցե Արմեն Ռուստամյանի ուղեղո՞ւմ կային հակառուսական դրսեւորումներ, եւ դրա՞նք են կանխվել: Որքան ես հետեւել եմ, իսկ ես առաջին պահից եմ հետեւել, ոչ մի հակառուսական դրսեւորում չի եղել: Միակ կոչը, որ ասվել է՝ «Եկեք թույլ չտանք՝ Ռուսաստանում դատեն, առաջարկվում է պնդել, որ դատավարությունը տեղի ունենա Հայաստանում, եւ եթե սա հակառուսական դրսեւորում է, ապա շատ դժվար է հասկանալ՝ ի՞նչը կարող է ավելի բնական լինել, քան քաղաքացու կամքը՝ իր երկրում իրականացրած հանցագործության հեղինակին իր երկրում, իր երկրի օրենքներով դատելը: Եթե մարդու բնական իրավունքը բարձրաձայնելը պետք է դիտարկվի որպես հնարավոր հակառուսական արձագանք, ապա խնդիրն ավելի քաղաքականացնել պարզապես հնարավոր չէ»,- ասում է ազգագրագետը:
Տիկին Խառատյանը նկատում է, որ այն քաղաքացիները, որոնք ասում են՝ ազգության խնդիր չպիտի դրվի, նրանք էլ, որոնք ասում են՝ հաճախ են նման դեպքերը կրկնվում, սրանք բոլորը կամքի դրսեւորումներ են՝ հասկանալու, թե իրականում ինչ է կատարվում, կան նման երեւույթներ, թե ոչ՝ թե մեր հասարակության ներսում եւ թե նրա նկատմամբ:

«Առավոտի» դիտարկմանը, որ երբ մեր հայրենակից, բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանի մեղքով վթար տեղի ունեցավ, մարդկային զոհեր եղան, ռուս հանրությունն ավելի ագրեսիվ արձագանքեց, իսկ Գյումրու դեպքում մենք նման ագրեսիա չցուցաբերեցինք, Խառատյանն արձագանքում է. «Մեզանում կան ռուսական քաղաքականության վերաբերյալ վիճարկվող, ագրեսիվ կարծիքներ, բայց ոչ՝ հակառուսական տրամադրություն: Ռուսաստանում այդքան հայ սպանվեց՝ հայ լինելու համար, նույնիսկ այդ դեպքում ռուսներին չվերագրվեց հակահայկականություն, այլ փորձեցին սափրագլուխների քաղաքականությունն ու ղեկավարությանը հասկանալ: Հարյուր, հազար անգամ բարեբախտաբար, որ Հայաստանում այս ամենի հետեւանքով որեւէ հանրային եւ անհատական գործողություն չի եղել որեւէ ռուսի նկատմամբ եւ չպիտի էլ լինի: Նույնիսկ ռուսաստանյան քաղաքականության դեմ ինտենսիվորեն բողոքող, դրան դիմադրող քաղաքացիների մեջ չկա հակառուսական տրամադրություն:
Ես չեմ կարող ասել՝ մեր ազգն ի ծնե, ի բնե տոլերանտ է, դժվար է ասել՝ մենք գիտակցված մարդասեր ենք, բայց հնարավոր է՝ պատմության ընթացքում քաղած դաժան կյանքի դասերը ինչ-որ բնազդային եւ նաեւ գիտակցված ինքնազսպվածության խնդիր են առաջադրել: Մարդատյացությունը սարսափելի բան է, եթե սա մենք կենցաղային մակարդակով սովորում ենք, կարող է երեւույթ դառնալ»:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031