Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ իշխանությունները պետք է իրենց առաջարկներն անեն Թուրքիային»

Հունվար 15,2015 23:15

Սարգիս Հացպանյանը՝ տարածաշրջանային զարգացումների շուրջ

«Նոյյան տապան» լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ Սարգիս Հացպանյանի տարեվերջյան ասուլիսը, որտեղ ներկայացվեցին Պուտին-Էրդողան հանդիպման, Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) խոսնակներից Մուստաֆա Քարասուի՝ 2015-ին ընդառաջ հակահայկական հերթական հայտարարության իրական պատճառներն ու «Հրանտ Դինք» հիմնադրամի կողմից վերջերս Հայաստանում հրատարակված երիտթուրքական հայտնի եռյակից Ջեմալ Փաշայի թոռ՝ Հասան Ջեմալի «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գրքի երեւանյան շնորհանդեսի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի հնարավոր հետեւանքների ու մոտակա ժամանակահատվածում մեզ սպասվող մարտահրավերների մասին։

Hacpanyan

Հրապարակախոս-վերլուծաբան Սարգիս Հացպանյանի որոշ դիտարկումներ մնաց մամուլի տեսադաշտից դուրս:

Պարոն Հացպանյանն ասաց. «Հիշո՞ւմ եք, տարիներ առաջ Իլհամ Ալիեւը բացահայտորեն հայտարարել էր, որ սրանից հետո պետք է խոսել Հայաստանի տիրոջ հետ՝ նկատի ունենալով Ռուսաստանին, որպես Հայաստանի տեր ու տիրական, եւ դա, դժբախտաբար, իրողություն է, երբ միջազգային ասպարեզում կարծես Ռուսաստանը Հայաստանին է ներկայացնում»: Բանախոսն անդրադարձավ Պուտին-Էրդողան հանդիպման 2 առանցքային հարցերին: Առաջին հարցը՝ Պուտինից Էրդողանի պահանջն էր՝ ճնշում բանեցնել Հայաստանի Հանրապետության վրա, որպեսզի վերջինս վավերացնի 1921թ. Կարսի պայմանագիրը: Երկրորդ պահանջը եղել է Արցախի հիմնահարցի լուծման մեջ դերակատարում ունենալը եւ փոխարենն առաջարկել է Թուրքիայի տարածքով անցկացնել ռուսական այն գազամուղը, որը նախատեսված էր Եվրոպա հասցնել Սեւ ծովի հատակով, Սերբիա- Բուլղարիա տարածքով, ինչի համար ՌԴ-ն արդեն բավականին ներդրում էր կատարել: Եվ պատահական չէ, որ Անկարայում, Էրդողանի հետ հանդիպելուց հետո, Պուտինը մամուլի ասուլիսի ժամանակ չեղյալ հայտարարեց Սեւ ծովի հատակով Սերբիայի ու Բուլղարիայի տարածքով ռուսական գազը Եվրոպա հասցնելը: Փոխարենը որոշվեց գազամուղն անցկացնել Թուրքիայի տարածքով: Կնշանակի, որ այս պարագայում ավելի լավ գին են առաջարկել, քան նախորդի դեպքում էր: Երկու կողմերի միջեւ պայմանավորվածություն ձեռք բերվեց առեւտրի ծավալը տարեկան 3,5 միլիարդ դոլարից հասցնել մոտ 100-ի:

Միանշանակ է, որ տնտեսական ճգնաժամ ապրող Ռուսաստանը ցանկանում է բարձրացնել տարածաշրջանում Թուրքիայի դերը, զոհասեղանին դնելով դարձյալ հայությանը, ինչպես 100 տարի առաջ, երբ չկար Թուրքիա, կար Արեւմտյան Հայաստան եւ Արեւելյան Հայաստան: Զարմանալի է, ՌԴ-ն ներգրավված լինելով Սիրիայի եւ Արաբական պետությունների խնդիրներում, փոխանակ Թուրքիայի թուլացման կողմ հանդես գա, ջանում է նրա հզորացմանը: Սա անհեթեթություն է: Պուտինն Անկարայում ասել է, որ «ճիշտ է, մեր միջեւ պատմության ընթացքում պատերազմներ են եղել, բայց եւ բոլշեւիկների ժամանակ մեծ աջակցություն ենք ցույց տվել թուրքերին, որ այսօր Թուրքիա երկիրն ունենաք»: Մինչդեռ թուրքի գիտակցման մեջ նստած է, որ հայերին ցեղասպանության ենթարկեցին, որովհետեւ ռուսների կողմն էին: Ստացվում է, որ հայերի արածները ռուսների համար ոչինչ են: Ըստ Ս. Հացպանյանի` Հայաստանի պետական այրերի վարած սխալ քաղաքականության հետեւանքով Ռուսաստանը, սեփական տնտեսական շահերից ելնելով, նսեմացնում է հայերին եւ չի բացառվում, որ վաղը Պուտինը ասի. «Լավ եմ արել, որ այդ կերպ եմ վարվել», ինչը մեր պետականության չգոյության մասին է խոսում:

Հասան Ջեմալի այցի եւ նրա գրած «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գրքի երեւանյան շնորհանդեսի հետ կապված՝ Ս. Հացպանյանն ասաց. «Անգամ այս պարագայում հայերը չկարողացան ճիշտ օգտագործել առիթը, որ Ջեմալ կրտսերն իր սխալն ուղղեց ու ներողություն խնդրեց, ավելին՝ համալսարանում հանդիպման ժամանակ քայլեր թվեց, թե ի՞նչ կաներ ինքը, եթե Թուրքիայի պետությունը լիներ՝ կճանաչեր ցեղասպանությունը, կերկխոսեր Հայաստանի հետ, կփոխհատուցեր եւ այլն: Այսքանից հետո ի՞նչ ենք ուզում մենք, երբ նա կամովին, իրեն վտանգելով, հայտնվել է, կարող է լավագույն արգումենտը լինել մեր դատի պաշտպանության գործում, քանզի նա ամենաճանաչված ու հեղինակավոր մարդկանցից է բազմամիլիոնանոց Թուրքիայում, լինելով լրագրող ամենահայտնի թերթում, ունի բազմամիլիոնանոց լսարան»: Ըստ Ս. Հացպանյանի` բացառիկ երեւույթ է, երբ հայերի ցեղասպանությունը իրագործող ոճրագործների պարագլուխներից մեկի թոռը գրում է գիրք, որում ներկայացնում է պատմական իրողությունը եւ հորդորում է Թուրքիային ճանաչել եւ դատապարտել Հայոց ցեղասպանությունը, իսկ փոխհատուցումների հետ կապված՝ վարել բանակցություններ հայերի հետ. «Հասան Ջեմալը գրելով «1915 թվականի Հայոց ցեղասպանությունը» գիրքը, շատ լավ գիտի, որ ստորագրել է իր մահվան դատավճիռը, մինչդեռ Երեւանում նրան քարկոծեցին՝ մեղադրելով սուտ հայամետության մեջ»:

Նման վերաբերմունքը կարող է Հասան Ջեմալին, ով ունի մեծ լսարան Թուրքիայում ու իր նման մտածող շատ-շատերի, հեռացնել հայկական հարցից: Նրան ըստ արժանվույն գնահատելու փոխարեն՝ Երեւանում նրա գրքի շնորհանդեսը բոյկոտվեց, ինչը դատապարտելի համարեց բանախոսը:

Հասան Ջեմալի գիրքը թարգմանվել է «Հրանդ Դինք» հիմնադրամի միջոցով եւ չի կարելի խաղալ Դինքի անվան հետ:

Բանախոսն ասաց, որ Դինքն ու նրա եղբայրները՝ Խոսրովն ու Երվանդը, իր մանկության ընկերներն են եղել, Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնելու համար խոշտանգվել են թուրքական զնդաններում, բայց չեն ընկրկել, Դինքը չուներ անձնագիր, անգամ ազատ տեղաշարժվելու հնարավորությունից էր զրկված եւ գիտակցաբար մահվան գնացած մարդու անունը մեզանում ոչ բարությամբ հոլովելն արդեն խնդիր է:

Ս.Հացպանյանը փաստեց, որ աշխարհի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետեւից ենք գնում, մինչդեռ Թուրքիայի իշխանության ու հասարակության հետ պետք է քննենք, այն պետք է լուծվի Անկարա-Երեւան երկխոսության միջոցով, ինչպես Պուտինն է գնում Անկարա, այնպես էլ ՀՀ իշխանությունները հարցի շուրջ պետք է իրենց առաջարկներն անեն Թուրքիային, որ ոչինչ չեն անում, չգիտեն ի՞նչ անել, ի տարբերություն թուրքերի, որոնք հրաշալի գիտեն իրենց անելիքը: Մեր պետական միավորի բացակայությունից է, որ այսօր Արեւմտյան Հայաստանի տարածքի բնակչության 80%-ից ավելին կազմող քրդերն իրենց ազատագրական պայքարի ավարտին եւ 2015-ին ընդառաջ, 1, 5-2 տարի է, ինչ Օջալանի ու Քրդական բանվորական կուսակցության միջոցով, Թուրքիայի ազգային անվտանգության ծառայությունների հետ, ակտիվացած երկխոսության մեջ մտնելով Թուրքիայի կառավարության հետ՝ Թուրքիայի ապագա սահմաններն են գծում: Եվ միաժամանակ հայությանը բացասական են ներկայացնում, ավելին՝ քրդերը ընդգծում են, որ իրենք միշտ թուրքերի կողքին են եղել ու ակտիվ մասնակցություն են ունեցել հայաջինջ քաղաքականության մեջ եւ այսօր հայերից ներողություն խնդրելու փոխարեն (պահանջողներ պետք է լինեին, որ քրդերը ներողություն խնդրեին-Գ. Ա.) հակահայ դիրքորոշում ունեն՝ թուրքական կառավարության դրդմամբ: Վերջին մեկ տարում արդեն քրդական ազգային շարժման հակահայ դրսեւորման 3 դեպք է տեղի ունեցել:

Այսպես, ցմահ բանտարկված Օջալանը 2014թ. մարտի 21-ին՝ Նովրուզի օրը, հայտարարում է, թե իսլամական դաշինքը՝ թուրք-քուրդ հատվածով ստեղծելու համար քրիստոնյաները (հայերը, հույները, ասորիները…) խոչընդոտ են… Սակայն հայերի կողմից ադեկվատ պատասխաններ չեն հնչում, բացառությամբ մի քանի մտավորականների, այդ թվում նաեւ՝ Ս.Հացպանյանի: Քրդական ազգային շարժման առաջնորդներից երկրորդ դեմքը՝ Սաքինե-Սառան, ով ծագումով հայ էր եւ հասցրել էր 2 անգամ Հայաստան այցելել (ում լավ ճանաչում էր Ս. Հացպանյանը), իր երկու ընկերուհիների հետ Փարիզում դավադրաբար սպանվեց, քանզի հայերի մասին բոլորովին այլ կերպ էր մտածում: Հենց այս աղջիկների սպանության տարելիցին, քրդական ազգային շարժման առաջնորդներից՝ ազգությամբ զազա մի կին՝ Բեսե Ռոզաթը կրկին հայտարարեց, թե քրդերի եւ թուրքերի հաշտեցման հիմնական խոչընդոտը հայերն են հանդիսանում: Բարեբախտաբար, այս անգամ տեղի թուրքահպատակ հայերի արձագանքը շատ խիստ էր եւ Բեսե Ռոզաթը նահանջեց ու արդարացավ, թե հայերն իրեն ճիշտ չեն հասկացել, որ իր ծնված շրջանը հայկական է, հայերի հետ լավ բարեկամներ են եւ այլն: Հակագյուլենյան շարժման ժամանակ Մուստաֆա Քարասուն, որ քրդական ազգային շարժման խոսնակներից է, Իրաքում հայտարարում է՝ եթե թուրք- քուրդ տանդեմը չի ստացվում, ապա մեղավորը հայերն են: Իսկ երբ թուրքահպատակ հայերը նրա դեմ խիստ արտահայտվեցին, նա սկսեց արդարանալ, թե հայերն իրեն ճիշտ չեն հասկացել, որ ինքը ծնվել, մեծացել է Սեբաստիայում, որ իր ընկերները հայեր են: Սա ի՞նչ է նշանակում, որ քրդերը լավ սերտել են համ նալին, համ մեխին հարվածելու քաղաքականությունը ու դա տանում են Թուրքիայի իշխանության դրդմամբ, եւ եթե մեր կեցվածքը չհստակացնենք 2015 թվականին, ինչպես Թուրքիայի, այնպես էլ քրդական ազատագրական շարժման հետ, ապա բանախոսը մտավախություն ունի, որ հայերը 2 հասարակության հետ խնդիր կունենան, որ թուրքերը հերթական անգամ քրդերի հետ մեզ կոնֆլիկտի մեջ կարող են գցել:
«Այստեղ եւս անելիքներ կան, սակայն ո՞վ անի, ե՞րբ եւ ինչպե՞ս»,- ընդգծեց Ս. Հացպանյանը:

Մի անհեթեթ իրավիճակ էր Ս.Հացպանյանի համար, երբ Իսմայիլ Փեշիքչին, ով քրդական ազատագրման շարժման հիմքում է, Արագածի ողջ շրջանը, Զանգեզուրը եւ մեր ազատագրած տարածքները՝ Լաչինը, Զանգիլանը ու այլ տարածքներ Քրդստան է համարում եւ համալսարանի ռեկտորը մեդալի է արժանացնում, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ լուռ հետեւում է, իսկ Հասան Ջեմալին կասկածում ենք, քարկոծում:
«Առավոտի» հարցին՝ Դուք քաջատեղյակ եք պատմությանն ու տարածաշրջանային զարգացումներին, Ձեր իմացության պոտենցիալից ՀՀ ներկայիս իշխանությունը երբեւէ չի՞ փորձել օգտվել կամ առաջարկել խորհրդականի որեւէ պաշտոն, նախկին ազատամարտիկը պատասխանեց՝ ոչ, ես ընդդիմադիր եմ:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

Հ.Գ. Ցանկալի է, որ գիտակ եւ նյութին քաջատեղյակ մարդիկ չանտեսվեն՝ գոնե արտաքին քաղաքականություն մշակելիս ու քայլեր իրագործելիս, որպեսզի նման իրավիճակներում չհայտնվենք:

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031