«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ
Արմեն Մարտիրոսյանի ուղերձը պետպաշտոնյաներին
2015թ. ՀՀ ֆինանսների նախարարությունն ամանորյա անակնկալ էր մատուցել «Անտարես» մեդիա հոլդինգին. նախարարության աշխատակիցներն այցելել էին ստուգումներ իրականացնելու նպատակով, բայց պարզվել էր, որ նրանք չունեն համապատասխան թույլտվություն՝ հանձնարարագիր: «Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը (լուսանկարում) չէր թույլատրել ստուգումներ իրականացնել, ինչին, մեր ունեցած տեղեկություններով, հաջորդել էր նախարարության եւ հիշյալ ձեռնարկության կոնֆլիկտը: Արմեն Մարտիրոսյանի բառերով, ֆինանսների նախարարության աշխատակիցները ներկայացրել են գաղտնի որոշման քաղվածք:
Նախօրեին «Առավոտի» հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն ասաց. «Նախարարության 3 պաշտոնյա ներկայացան ու հայտնեցին, թե եկել են ստուգման, հետո, երբ ինքս բացատրեցի, որ նման «թղթով» չեն կարող այն իրականացնել, ասացին, թե եկել են «ընդամենը զննման»: Բացատրեցի, որ օրենքը ինձ չի պարտադրում նման դեպքերում ֆինանսական փաստաթուղթ ներկայացնել: Կարծեցի՝ հասկացան, սակայն դրան հետեւած 10 այցերը վկայում են, որ չեն հասկացել»:
«Առավոտի» ռեպլիկին, թե առանց կրակ ծուխ չի լինում, պարոն Մարտիրոսյանը նախ նշեց, թե նույն հարցը կարող է ծագել ցանկացած մարդու մոտ, հետո էլ ասաց. «Նախ՝ գոյություն ունի անմեղության կանխավարկած, երկրորդ՝ որեւէ մեկը թող կասկածներ չունենա մեր գործունեության օրինականության մասին: Մեր ձեռնարկությունը ցանկացած հայաստանցու եւ հյուրերի համար կազմակերպում է էքսկուրսիա մեր արտադրամասերում ու գրասենյակում՝ «Ինչպես է ծնվում գիրքը» խորագրով: Նույնը մինչ մեր «հյուրերի» համար իրականացնելը, խնդրեցինք, որ նրանք իրենց փաստաթղթերը թողնեն ծառայողական մեքենայում եւ արդեն որպես ՀՀ քաղաքացի, այլ ոչ պետական ծառայող, անցնեն այդ «պրոցեդուրան»:
Մեր զրուցակիցը հայտնեց, որ իրենք նման աշխատաոճ են դրսեւորում նաեւ դպրոցականների համար, հավաստիացնելով, թե ուսուցիչները քանիցս խոստովանել են, որ այդ էքսկուրսիաներից հետո փոխվել է աշակերտների վերաբերմունքը գրքի նկատմամբ, արդյունքում՝ չբացված, չկարդացված եւ պատռված գրքերի քանակը էապես պակասել է:
Պարոն Մարտիրոսյանը կեսկատակ-կեսլուրջ հույս հայտնեց, որ «հյուրերը» (նկատի ունի նախարարության աշխատակիցներին) հետեւելով աշակերտների օրինակին, կսկսեն կարդալ ոչ միայն «Խաչագողի հիշատակարանը», այլեւ «Անտարեսի» կողմից շուրջ մեկ տարի առաջ տպագրված ՀՀ Սահմանադրությունը:
Կարդացեք նաև
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ պաշտոնյաների հետ ամենատհաճ պահը առաջին օրն էր, երբ «Անտարեսի» փաստաբան Տիգրան Եգորյանի ձայնագրիչը խլել էին, իսկ երբ նա փորձել էր հետ վերցնել՝ հարվածել էին ձեռքին: Հարցին՝ իր կարծիքով, այս տարի նախարարության կողմից ստուգումներ կլինե՞ն, մեր զրուցակիցը պատասխանեց. «Խոստացել են հունվարի 14-ին գալ ու շնորհավորել Ամանորը»: Դիտարկմանը՝ հավանաբար հաշտվելու նպատակ ունեն, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Եթե լուրջ, ապա այդ մարդիկ իմ պետության քաղաքացիներն են, պաշտոնյաներ, եւ Աստված մի արասցե, պատերազմի դեպքում մենք կհայտնվենք կողք կողքի, նույն խրամատում, ուզում եմ ասել, որ նրանք իմ թշնամիները չեն: Անկասկած, ունենք վեճ, ինչի պարզաբանումը շատ կարեւոր է առհասարակ գործատուների եւ հարկայինի հետ հետագա հարաբերություններում: Ընդամենը մեկ փաստ բերեմ՝ այն, որ էապես պակասել են արտերկրյա ներդրողները, պայմանավորված է նրանով, որ ժամանակին պետական մարմինների ու բյուրոկրատական քաշքշուկի արդյունքում Հայաստանում արտերկրյա գործատուները շարունակաբար կեղեքվել են»:
Հռետորական ոճով էլ պարոն Մարտիրոսյանը եզրափակեց իր խոսքը. «Պարոնյաք, բիզնեսը կով է ու պիտի կթես, բայց երբ պտուկից արյուն է գալիս, պիտի հաշիվ տաք ձեզ, էլ չեմ ասում, որ հորթին բաժին չի մնա»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարը՝ Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից
«Առավոտ» օրաթերթ
14.01.2015
Պարոնյաք, բիզնեսը կով է ու պիտի կթես, բայց երբ պտուկից արյուն է գալիս, պիտի հաշիվ տաք ձեզ, էլ չեմ ասում, որ հորթին բաժին չի մնա:
Տաղանդավոր մարդու խոսքեր են, սակայն ավաղ, հասկացողի ու իր երկրի ցավով մտահոգվածի համար:
Այս հրատարակչությունը տարված է միայն փող աշխատելու մոլուցքով: Չի կարելի մեղադրել նախարարությանը, հատկապես երբ վերջերս անհաջող թարգմանություններ են անում, միայն թե փող աշխատեն: