Կոստան Զարյանը Եղիշե Չարենցին այսպես է բնութագրել՝ «Նա ինքը Հայաստանն է՝ իբրեւ հայ՝ տեւական, անմահ. նա նայում էր աշխարհին հայի աչքերով»։ Այս խորախորհուրդ նշանաբանով է ապրում Եղիշե Չարենցի տուն- թանգարանը՝ որսալով ժամանակի անկանգ տրոփյունը։ Վերջին անգամ այդ տրոփյունը «Հայոց ցեղասպանությանն ընդառաջ» ծրագիրն էր, որի շրջանակներում կազմակերպվեց մրցույթ՝ նվիրված եղեռնազարկ գրողների հիշատակին։ Շուրջ 12 տարի անցկացվում է Եղիշե Չարենցի անվան ասմունքի հանրապետական մրցույթ, որին մասնակցում են մեր հանրապետության գրեթե բոլոր մարզերի դպրոցականները։
Մրցույթի խորագիր էր ընտրվել Դանիել Վարուժանի «Նավասարդյան» քերթվածը. «Զի մենք, հանուն Սերին, Սերմին, քու հին Ցեղիդ Մարմարեն կույս, Մե՛նք, Զավակներդ օգոստափառ, պիտի կերտենք Նո՛ր Արշալույս»։ Չարենցի տուն- թանգարանի նվիրյալ կոլեկտիվը, տնօրեն՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լիլիթ Հակոբյանի ղեկավարությամբ, II փուլի հաղթող երեխաներին աննախադեպ նվեր մատուցեց. երեխաների հետ վարպետաց դասեր անցկացրին ժյուրիի անդամներ՝ ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը եւ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Անդրանիկ Հարությունյանը։ Դաս- էքսկուրսիան մեծ խորհուրդ ուներ. աշակերտները խորին երկյուղածությամբ էին մոտենում այն սենյակներին, որտեղ ստեղծագործել են Հրանտ Մաթեւոսյանը, Մուշեղ Գալշոյանը, Լեւոն Խեչոյանը. մեր գրականության եւ մշակույթի այլ անվանի գործիչներ։ Մրցանակաբաշխությունը կայացավ Եղիշե Չարենցի տուն- թանգարանում։
Աշակերտներին նվիրվեցին բացառիկ գրքեր. Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի բացառիկ վերահրատարակությունը, որի միակ օրինակը պահպանվել էր Ռեգինա Ղազարյանի շնորհիվ։ Գրքի տիտղոսաթերթին Չարենցի ձեռագիրն է՝ ընծայականով. «Սիրելի Յակոբոսին, իմ լավ բարեկամին եւ առհասարակ աշխարհի ամենալավ մարդկանցից մեկին, Յեղիշե Չարենց, 1934.XI.28 Յերեւան»: Իսկ գիրքը լույս է տեսել 1997-ին՝ Չարենցի 100-ամյակին, Հրանտ Մաթեւոսյանի ուղերձով։ Միայն այս հազվագյուտ գիրք ունենալն արդեն մեծ հարստություն է. նվիրվեցին նաեւ այլ գրքեր, Չարենցի «40 պոեմը» հայերեն եւ անգլերեն լեզուներով։ Դրանք Չարենցի անտիպ գործերն են, որ պատրաստել է բանաստեղծի դուստրը՝ Անահիտ Չարենցը։ Գիրքը տպագրության են պատրաստել Եղիշե Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լիլիթ Հակոբյանը եւ գրող Սամվել Մկրտչյանը։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր դասական երաժշտության համերգ։ Միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր, ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանի անզուգական կատարումը կախարդել էր ներկաներին։ Երկար լռությունից հետո նորից «խոսում» էր Չարենցի «Բեկկեր» մակնիշի ռոյալը։ Բոլորովին պատահականորեն ասմունքի մրցույթին ներկա էր նաեւ Ռուբեն Սեւակի՝ Հունաստանից ժամանած զարմուհին՝ քրոջ՝ Հայկանուշ Չիլինկիրյանի թոռնուհին՝ Վիկտորյա Խաչատրյանը։
ՍՈՒՍԱՆՆԱ ԱԲԱԶՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
14.01.2015