Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատմաբանը՝ «ֆրանսիական» ողբերգության մասին

Հունվար 15,2015 13:00

Ըստ Մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ
Էդիկ Գեւորգյանի, հայ ժողովուրդը չպետք է անտարբեր լինի
Charlie Hebdo-ի ողբերգության հանդեպ:

Հունվարի 7-ին զինված ահաբեկիչները ներխուժեցին փարիզյան Charlie Hebdo երգիծական պարբերականի գրասենյակ եւ կրոնական թեմաներով ծաղրանկարներ հրապարակելու համար սպանեցին 12 մարդու։ Ողբերգությունը մեծ արձագանք ստացավ աշխարհում, տարբեր երկրներում մարդիկ իրենց համերաշխությունն էին հայտնում Ֆրանսիային, իսկ պարբերականի վրա հարձակումը որակում որպես ոտնձգություն՝ խոսքի ազատության դեմ: Այդ մասին Հայաստանում էլ տարբեր կարծիքներ հնչեցին, օրինակ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը կատարվածն ասուլիսում որակել էր հակաիմիջ՝ Եվրոպայի համար, ինչի միջոցով փորձում են մարդկանց ներկայացնել, որ Եվրոպան վտանգավոր ու խնդիրներով լի աշխարհ է: ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի համոզմամբ էլ, դա ISIS-ի հստակ ուղերձն էր այն մասին, որ իրենք միայն Մերձավոր Արեւելքում չեն:

«Առավոտը» թեմայի վերաբերյալ խոսեց Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Էդիկ Գեւորգյանի հետ:

«Այսօր աշխարհում տեղի են ունենում լուրջ քաղաքական գործընթացներ, որոնց նկատմամբ ոչ ոք անտարբեր մնալ չի կարող: Ամերիկյան նշանավոր քաղաքագետ Սամուել Հանթինգտոնն իր «Քաղաքակրթությունների բախումը եւ միջազգային կարգի վերափոխումը» աշխատության մեջ ժամանակին ասում էր, որ աշխարհում տեղի է ունենալու քաղաքակրթությունների, մշակույթների բախում, ինչի հիմքում ընկած է կրոնը:

Վաղ թե ուշ այդ բախումները դառնալու են անխուսափելի կրոնական տարբեր համայնքների միջեւ: Ըստ Հանթինգտոնի, դրանք առաջին հերթին կարող են իրականացվել Չինաստանում: Ավելի ուշ, շատ քաղաքագետներ նշեցին, որ դա կարող է լինել հենց Եվրոպայում: Դժբախտաբար այդ կանխատեսումներն իրականացան եւ այսօր՝ Եվրոպայի սրտում տեղի է ունենում քաղաքակրթությունների լուրջ բախում, ահաբեկիչների զոհն են դառնում քաղաքացիներ, լրագրողներ, ոստիկաններ»,- նշեց պատմաբանը: Նրա ձեւակերպմամբ, քաղաքակիրթ աշխարհը, մասնավորապես քրիստոնյա աշխարհը չի կարող անտարբեր լինել կատարվածի հանդեպ. «Խոսքը վերաբերում է հատկապես մեզ՝ ցեղասպանություն տեսած ժողովրդին: Ժամանակին մենք էլ ահազանգում էինք, որ մեծ տերությունները եւ Եվրոպան չպետք է անտարբեր մնան մեր ցավի հանդեպ, քանի որ, հայտնի բան է՝ երբ չի դատապարտվում ոճրագործությունը, այն ծնում է նոր ոճրագործություն: Մենք դատապարտել ենք Ֆրանսիայում կատարվածը: Համոզված ենք, որ քաղաքակրթությունների բախումներով փորձությունների շեմին հայ ժողովուրդը միայնակ չէ, խոսքը վերաբերում է քրիստոնյա համագործակցություններին: Մենք շատ երկրներում ունենք մեծ համայնքներ, Արցախ, չավարտված պատերազմ, ու աշխարհում կատարվող ամեն ինչ ուղղակիորեն կամ անուղղակի անդրադառնում է մեզ վրա»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ mwcnews.net

«Առավոտ» օրաթերթ
14.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031