Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավաղված զինանշան և զինանշանի նոր տարբերակներ

Հունվար 14,2015 20:36

ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը՝ զինանշանը, ոչ թե մեկ, այլ մի քանի տարբերակով է ներկայացվում այսօր: Մինչդեռ քչերը գիտեն, որ այդ տարբերակները չեն համապատասխանում «ՀՀ պետական զինանշանի մասին» օրենքին կից հավելվածում ներկայացված զինանշանին, այլ խոսքով ասած՝ աղավաղումներ են:

«Բոլոր երկրներում զինանշանի որևէ աղավաղում քրեորեն պատժելի արարք է, բայց այսօր Հայաստանում օգտագործվում է երեք-չորս տեսակ զինանշան, որոնցից մի քանիսը կարծես ինչ-որ մեկն հատուկ արել է ձեռ առնելու համար»,- մտահոգվում է Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Ազգային արժեքների պահպանմամբ և պետական խորհրդանիշների հանրահռչակմամբ զբաղվող «Մենք» հիմնադրամը մի շարք միջոցառումներ է իրականցրել պետական խորհրդանիշների ճիշտ տարբերակների տարածման ուղղությամբ:

zinansha-2

Հիմանդրամի հիմնադիր և գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նկատեց, որ մենք մեր պետական խորհրդանիշների հանդեպ պատշաճ վերաբերմունքի խնդիր ունենք: «Մեր հիմնադրամն այսօր աշխատանքներ է տանում այդ ուղղությամբ, բայց չի կարող խնդիրը գլոբալ կերպով լուծել: Այստեղ մեծ աշխատանք ունի կատարելու պետությունը. ՀՀ պետական խորհրդանշանների (հերալդիկայի) խորհրդի ստեղծման անհրաժեշտություն կա»,- ասաց նա:

«Պետական խորհրդանիշներն ազդում են ազգի հոգեբանության վրա,- համոզված է նկարիչ, դիզայներ Հարություն Սամուելյանը,- չպետք է մոռանանք, որ դրանք նաև ստեղծում են պատկերների որոշակի համալիր, որով ներկայանում է տվյալ ազգն ամբողջ աշխարհին»:

Բանախոսները գտնում են, որ զինանշանի իսկական տարբերակն էլ մի շարք թերություններ ունի, որոնք հաշվի առնելով՝ մի քանի էսքիզներ են կատարել:

«Ներկայիս զինանշանում պատկերված թրի ծայրը չի երևում, բացի այդ, շղթայակապ է, թեև օրենքը ենթադրում է, որ այն պետք է ջարդի շղթան, բայց ակնհայտ է, որ պատկերը հակառակն է ենթադրում։ Ներքևում պատկերված է նաև ինչ-որ ժապավեն, որի վրա ոչ մի գիր չկա: Եթե ասելիք չկա, ինչո ՞վ է արդարացվում ժապավենի գոյությունը: Առյուծն էլ առյուծի նման չէ: Նրա ժանիքներն անպայման պիտի բացված լինեն, որ ուժ խորհրդանշի, մինչդեռ մեր զինանշանի վրայի առյուծը կարծես հիվանդ լինի, բաշ անգամ չունի, ականջներն էլ առյուծի չեն, ավանակի են»,- այս և այլ մի քանի թերություններ նշեց պարոն Աղամյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031