Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Միքայել Սրբազան. «Գյումրեցիները իրավունք ունեն պատասխան պահանջելու ՌԴ-ից, որքան էլ այդ երկիրը մեծ ու հզոր երևա». (Տեսանյութ) 

Հունվար 14,2015 20:19

Քիչ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցում տեղի ունեցավ սպանված Ավետիսյանների ընտանիքի հոգեհանգիստի արարողությունը: Եվ մինչև գյումրեցիների կեսը 102-րդ ռազմաբազայի դիմաց պահանջում էին մարդասպանին հանձնել հայերի դատին՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն էլ Սուրբ Նշան եկեղեցում իր հերթին հանդես եկավ որպես պահանջատեր: Վերջինս, դիմելով սգակիր գյումրեցիներին  և հայ ժողովրդին՝ ասաց, որ  ոճրագործը Աստծո մոտ կորցրել է մարդ կոչվելու իրավունքը:

«Մենք Նոր Տարվա  օրերի մեջ էինք, Սուրբ ծննդյան օրերի մեջ էինք և ապրեցինք Սուրբ ծննդյան հաջորդաց բեթղեհեմյան մանուկների  կոտորածը վերստին»,- ասաց Սրբազանը: Ըստ նրա,  Ավետիսյանները իրենց նահատակությամբ  փրկեցին մնացած գյումրեցիներին, քանի  որ, նրա բառերով ասած, մարդանման կենդանին կարող էր ներխուժել ու սպանել ցանկացած մեկին:

«Մենք ուրիշ բան չենք ուզում, եթե ոչ ապահովություն ու խաղաղություն, և մենք զինվորին միշտ նայել ենք իբրև խաղաղության երաշխիք, ապահովության գրավական, ոչ թե մեր տունը գիշերը մտնող և մեր զավականերին սպանող, մորթող: Ուրեմն ինչ-որ բան, ինչ-որ տեղ սխալ է,  և այդ սխալը սրբագրել ենք պահանջում: Զինվորը չի կարող ոճրագործ լինել, ասքյարն է ոճրագործ: Եվ այստեղ պիտի բացվի շղթան, ովքեր են մեղավոր, որ այդպիսի մի երևույթ  հայտնվեց մեր քաղաքում և  շրջեց մեր քաղաքում անարգել, զենքը իր վրա. հարցեր, որոնք մեր ժողովուրդը իրավունք ունի տալու և սպառիչ պատասխան ստանալու:

Մենք ուզում ենք,  որ  մեր երեխաները քնեն ապահով, հանգիստ ու խաղաղ, մեծ բա՞ն է  մեր ուզածը: Մեր քաղաքը սիրալիրության, հյուրասիրության, հյուընկալության քաղաք է, այստեղ միշտ ապրել են տարբեր ազգեր, տարբեր դավանանքի մարդիկ, ապրել են խաղաղ, ապրել երջանիկ, ո՞ր մութ ուժն է, որ փորձում է ջլատել, որպեսզի մեկս մյուսիս սկսենք նայել կասկածամտությամբ, ազգայնական հարցեր ծագեն, ներազգային խնդիրներ ծագեն, գտնել է պետք այդ մութ ուժին, դա ենք մենք պահանջում: 2015 թվականին մենք հերթական եղեռնի պատրաստ չէինք, և այն էլ եղբայրական համարվող ազգի ներկայացուցչի կողմից:

Սա պարզ քաղաքացի չէր՝ հանցագործություն կատարողը, զինվոր է, և սա նշանակում է, որ պետությունը պատասխանատվություն և պարտականություն ունի պատասխան տալու դրա համար: Եվ  այդ պատասխանը Գյումրիի ժողովուրդը իրավունք ունի պահանջելու Ռուսաստանի Դաշնությունից, որքան էլ այդ երկիրը մեծ ու հզոր երևա:

Գյումրեցին չի վախեցել թուրքից, չի վախեցել պարսիկից և չի վախենում որևիցե մեկից», -ասաց հոգևոր առաջնորդը: Ըստ Միքայել Սրբազանի, եթե կա այս քաղաքում մի հաստատություն, որ վնաս է մեր ժողովրդի անվտանգությանը, այդ հարցը պիտի քննարկվի:

Միքայել Սրբազանի ելույթը` տեսանյութում:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031