Քիչ առաջ տեղեկացանք, որ գյումրեցի սպանված ընտանիքից միակ կենդանի մնացած 6 ամսական Սերյոժայի վիճակը երեկվա համեմատությամբ նույնն է: Եթե փոքրիկի մոտ երեկ օրվա երկրորդ կեսին դրական դինամիկա էր արձանագրվել, ապա այսօր փոփոխություն դեռեւս չկա եւ երեխան շարունակում է մնալ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների հսկողության տակ, որոնք Սերյոժայի վիճակը գնահատում են կայուն ծանր:
Երեխան դեռեւս շնչում է շնչառական ապարատով: Ինչպես բժիշկներն են հայտնում, Սերյոժա Ավետիսյանը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, ինչի հետեւանքով էլ փոքրիկի ապաքինումը դանդաղ է ընթանում:
Առողջապահության նախարարությունից վստահեցնում են, որ Հայաստանի առաջատար մանկական ռեանիմատոլոգների, նյարդավիրաբույժների մասնակցությամբ քննարկվել են երեխայի բուժման հարցերը, կատարվել է համակարգչային տոմոգրաֆիա եւ այս պահին էլ բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ