Գյումրիում 6 հոգու սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի ծնողների հաճախած «Հույս, հավատ, սեր» կրոնական կազմակերպության մասին Հայ Առաքելական եկեղեցու հոգեւորականները ոչ մի տեղեկություն չունեն:
Տեր Եսայի քահանա Արթենյանը Aravot.am-ին ասաց` չի լսել այդ կազմակերպության մասին ու հրաժարվեց խոսել Պերմյակովի անվան հետ կապված հանցագործության ու կրոնական կազմակերպության պատկանելության մասին:
Հիշեցնենք, որ այսօր լրատվամիջոցներով տեղեկատվություն էր տարածվել, որ Պերմյակովի ծնողները «Հույս, հավատ, սեր» կազմակերպության հովիվներ են, իսկ այդ կազմակերպության անդամների հավաքների որոշ լուսանկարներում ներկա է եղել նաեւ Պերմյակովը:
Կարդացեք նաև
Հայր Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ ասաց` ոչինչ չի կարող ասել ոչ այդ կրոնական կազմակերպության, ոչ էլ Գյումրիում կատարվածի մասին:
«Այնքան կազմակերպություններ կան, որոնց անգիր հիշելը նույնիսկ դժվար է: Բացարձակ տեղյակ չեմ դրանից»,- ասաց Տեր Շմավոն քահանա Ղեւոնդյանը: Նրա խոսքով, ցանկացած աղանդավորական հավաքների ֆանատիկորեն մասնակցողները որոշակի հոգեբանական խնդիրներ ունեն. «Բայց արդյոք դա կբերի՞ այդ հանցագործությանը, չեմ կարող ասել»:
Մեր հարցին, թե մեր տոնացույցում շատ մեռելոցային օրեր են սահմանված, Գյումրիում կատարված հանցագործության առիթով սգո օր պետք չէ՞ր հայտարարել, Տեր Շմավոնը շարունակեց. «Այ դրա մասին բացարձակ չեմ կարող պատասխանել, որովհետեւ դա պաշտոնական, պետական պատկան մարմիններին տրվող հարց է, պետությունը պետք է որոշի»:
Նա չցանկացավ անդրադառնալ նաեւ սպանության դեպքով հարուցված քրեական գործի` ռուսական կողմի քննության հարցին եւ հանցագործության մեջ կասկածվող Պերմյակովին Հայաստանին չհանձնելու մասին որոշմանը. «Ես իրավաբանական հարցերից շատ բոբիկ եմ, բայց վստահում եմ մեր արդարադատության նախարարությանը, իրավապահ մարմիններին եւ վստահ եմ, որ իրենք սխալ բան չեն անի: Ամեն դեպքում, այստեղ չպետք է զգացմունքով առաջնորդվենք, կարեւորը, որ մեղավորը պատիժը կրի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Դուք ամե՛ն հարցում եք բոբիկ: Միայն լավ խաշ ուտել գիտեք՝ ուրիշների կողմից պատրաստված:
տո այ տեր շմավոն ե, դու ինչ գիտես ճիշտը որն ա, սխալը որն ա, գոնե էս սայթը որ նայես, կտենաս թե ոստիկանները ճշտից ինչքան հեռու են ու ոնց են Հայաստանի դրոշը գցում գետնին ու ոտնատակ տալիս https://www.aravot.am/2015/01/15/532525/