Լրահոս
Օրվա լրահոսը

«Վայ տրաքավ, վայ շուտ հասեք, էրեխեն ծնվավ» (Տեսանյութ)

Հունվար 14,2015 17:21

Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկներ Սուսաննա Մակարյանն ու Արթուր Ղազարյանը, ինչպես իրենց կոլեգաներն են բնորոշում` հերոսություն են կատարել: Այս տարվա հունվարի 10-ին բուժկենտրոնը Ախպրաձոր գյուղից կանչ է ստացել, որ գյուղում ջերմող երեխաներ կան, եւ երբ փրկարարների ուղեկցությամբ ճանապարհվել են գյուղ, ճանապարհի կեսից պարզվել է, մեքենաներն այլեւս չեն կարող այն շարունակել, ճանապարհն անանցանելի է:

Բժիշկները որոշել են այդ բուք ու բորանին ոտքով հասնել գյուղ, եւ -21 աստիճան ցրտին բժիշկները ոտքով  4 կիլոմետր  ճանապարհ են անցել, որպեսզի հասնեն հիվանդ երեխաներին:

Այսօր առողջապահության նախարարությունում բժիշկները լրագրողներին պատմեցին, որ դեռ ճանապարհին էին, երբ նորից գյուղից զանգահարում են եւ տեղեկացնում, որ հղի կին կա, լավ չի զգում իրեն, խնդիրներ ունի:

«Գյուղից անընդհատ ահազանգեր էին լինում հղիի մասին, ասում էին` էրեխեն տրաքավ, վայ շուտ հասեք, վայ էրեխեն հեսա ծնվավ, դուք դեռ չեք հասնում»,-պատմեց բժիշկ Սուսաննա Մակարյանը:

Շտապօգնության բժիշկ,  տիկին Մակարյանի ներկայացմամբ` երբ արդեն հասել են գյուղ, այցելել հղիին, եւ, ճիշտ է, առաջին բուժօգնությունը ցուցաբերել է, սակայն նեղ մասնագիտական խնդիրներ կային, ուստի դիմել են բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգին, որին էլ տրակտորով են հասցրել հղիի մոտ:

Հիվանդ հղիին աջակցության հարցում մասնակցել է նաեւ Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն մանկաբարձ-գինեկոլոգ Գեւորգի Օկոեւը, որը «սկայպի» միջոցով մասնագիտական ցուցումներ է տվել Վարդենիսի բժիշկներին:

 

Aravot.am-ի հարցին, արդյոք նման դեպք իրենց պրակտիկայում հիշո՞ւմ են բժիշկները, Օկոեւն ասաց, որ խաղաղ պայմաններում` ոչ:

Իսկ եթե բժիշկներն ուշանային եւ չկարողանային ժամանակին բուժօգնություն ցուցաբերել հղիին, ապա, ինչպես ասուլիսին ներկա մասնագետներն ասացին` հնարավոր էր` վաղաժամ ծննդաբերություն, նույնիսկ` պտղի մահ:

Նշենք, որ Վարդենիսի բուժկենտրոնից նախարարության մասնագետները կազմակերպել են հղի կնոջ տեղափոխումը Պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ, ներկայումս հղին ստանում է անհրաժեշտ բուժումը։

Այսօր առողջապահության նախարարությունը բժիշկներ Սուսաննա Մակարյանին, Արթուր Ղազարյանին եւ Սամվել Ղուռուշտանյանին պարգեւատրեց պատվոգրով` մասնագիտական պարտականությունները կատարելիս անձնական խիզախություն ցուցաբերելու եւ բժշկի մասնագիտական պարտքը պատվով կատարելու համար:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031