Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Ղազարյան. «Եթե նոր մրցույթ հայտարարվի, այս պահի դրությամբ կմասնակցեմ»

Հունվար 14,2015 17:07

«Մասնակցել եմ ՄԻԵԴ դատավորի թեկնածուի մրցույթի դիտարկմանը` սկսած փաստաթղթերի ներկայացման փուլից` ավարտած հարցազրույցի փուլով ու արդյունքների ամփոփումով: Մրցույթը անցավ կոպիտ խախտումներով, և հենց սկզբից թափանցիկություն չէր ապահովվում»,-Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Իրավունքի Եվրոպա միավորում» հ/կ-ի անդամ, փաստաբան Մուշեղ Շուշանյանը:

Նշենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` հունվարի 12-ի հրամանագրով  ուժը կորցրած է ճանաչվել «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին» ՀՀ նախագահի 2014-ի հոկտեմբերի 13-ի հրամանագիրը:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծիք էր հայտնել,  որ «Հարցազրույցների ընթացքում նրանց տրված պատասխանների վերլուծությունն ակնհայտ էր դարձնում նրանց՝ դատավորի պաշտոնի համար ոչ կոմպետենտության հանգամանքը: Երեքի հարցազրույցների արդյունքներն էլ ամփոփ ներկայացված էին զեկույցում, բայց դրանց, ըստ էության, կարելի է նաև ավելացնել երեքի՝ դատավոր դառնալու ցանկության շարժառիթների վերաբերյալ հայտարարագրերը, որոնք նույնպես բավական խոսուն են»:

Mushegh-Shushanyan

Պարոն Շուշանյանը հավելեց. «Մենք բոլոր հավակնորդների հարցազրույցները ձայնագրել, սղագրել ենք, ու պարզ երևում է, որ թեկնածուներից ոմանք ակնհայտ սխալ պատասխաններ են տվել հարցերին: Ինչպես գիտեք` գնահատման հատուկ չափանիշներ էին սահմանված: Օրինակ` Արմեն Հարությունյանին բավականին հարցեր չեն տրվել, սակայն նա ստացել էր 95 միավորից բարձր: Ուստի եթե այդ չուղղված հարցերը հանենք, արդեն 15-20 միավոր պետք է դուրս գար»:

Ըստ Մուշեղ Շուշանյանի` «անցկացվեց խայտառակ խախտումներով մրցույթ», իսկ իրենց կազմակերպությունը դիտարկման արդյունքները հրապարակել է զեկույցով, որն ուղարկել են ԵԽԽՎ և նաև դրա հիման վրա էլ թեկնածուները որակազրկվել են:

Պարոն Շուշանյանը նշեց, թե ԵԽԽՎ խորհրդատվական խումբը դեռ 2014-ի դեկտեմբերի 22-ին է ներկայացրել իր կարծիքը, բայց մինչև նախագահի հրամանագիրը խայտառակ ապատեղեկատվություն էր տարածվում:

Մուշեղ Շուշանյանը հիշեցրեց. «Մեկ հայտարարվեց, որ այսպես ասած ցուցակը համապատասխան խմբի կողմից հաստատված է, որ այդ երեք հոգին հրավիրվել են հունվարի 16-ին հարցազրույցի, հետո ասվեց, որ ժամկետը հետաձգվել է, հետո պարզ դարձավ, որ հունվարի նստաշրջանից տեղափոխվել է ապրիլ և այլն: Իմ կարծիքով` փորձում էին ինչ-որ համաձայնություն, պայմանավորվածություն ձեռք բերել ԵԽԽՎ համապատասխան պաշտոնատար անձանց հետ, որ մի կերպ այս հարցը անցկացնեն, բայց հետո պարզվեց, որ միակ լուծումը նախագահի հրամանագիրն է»:

Մուշեղ Շուշանյանի կարծիքով` արդեն նոր թեկնածուների մասին են սկսելու մտածել: Այս առիթով նաև հիշեցրեց, թե իրենց հասած տեղեկություններով` նախկին մրցույթի շատ մասնակիցների հրահանգ են իջեցրել, որ անկախ իրենց ցանկության դիմեն մրցույթին:

Ara_Kazaryan

Aravot.amի հետ զրույցում ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածու ընտրված Արա Ղազարյանը այս կարծիքները բնութագրեց որպես այդ անձանց անձնական կարծիք ու ասաց. «Ընդհանրացված կերպով թող չասեն, այլ փաստեր ներկայացնեն, օրինակ` ինձ հետ կապված: Հակառակ դեպքում ես ասում եմ, որ դա նրանց անձնական կարծիքն է, իրենց անձական կարծիքը մեկնաբանե՞մ: Ընդհանրացված կերպով ներկայացրել են, ի՞նչ պատասխանեմ այդ երիտասարդին ամենաշատն ասեմ` դա նրա անձնական կարծիքն է: Իմ մասնագիտական կարողությունների մասին հարցրեք մնացած բոլորից, ովքեր երբևէ ինձ հետ շփվել են կոնկրետ գործերով»:

Մեր դիտարկմանը, թե ԵԽԽՎ խորհրդատվական խումբն իր կարծիքը հայտնել է դեկտեմբերի 22-ին, իսկ ինքը ե՞րբ է իմացել այդ մասին, պարոն Ղազարյանը պատասխանեց. «Ես իմացել եմ ՀՀ նախագահի հրամանագրից, դրանից երկու օր առաջ ինձ ԱԳՆ-ից էլեկտրոնային փոստով նամակ են ուղարկել, որ ես հունվարի 16-ին պիտի գնամ հարցազրույցի` Ստրասբուրգ: Որքան գիտեմ` խորհրդատվական խումբն ասել է, թե թեկնածուներից մեկը չի համապատասխանում պահանջներին, չգիտեմ` որ մեկը»:

Մեր հարցին` եթե նոր մրցույթ հայտարարվի, կմասնակցի՞, պարոն Ղազարյանը պատասխաեց. «Այս պահի դրությամբ, այո»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031